
Իրաքում երեկվա ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Իրաքում գրանցվել են մի շարք պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ: Երկուշաբթին Իրաքում դարձել է վերջին գրեթե երկու ամսվա ընթացքում ամենաարյունալի օրը:
Խոշորագույն ահաբեկչությունն իրականացվել է Բաղդադի հարավում, ուր պայթեցվել է պայթուցիկով լի երկու ավտոմեքենա: Դրանք պայթեցվել են այն պահին, երբ նրանց մոտով անցնելիս է եղել շիա ուխտագնացների խումբը: Զոհվել է 23 և վիրավորվել է ավելի քան 50 մարդ:
Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում գնդակոծվել է ուղևորատար մի ավտոբուս, ինչի հետևանքով սպանվել է 12 և վիրավորվել է 8 մարդ: Բեյջի քաղաքում զինյալները հարձակում են գործել ոստիկանատան վրա, որի դարպասների մոտ ավտոմեքենա է պայթեցվել, ինչից հետո շենք են ներթափանցել 3 մահապարտ-ահաբեկիչներ և գործի են դրել իրենց ռումբերը:
Զոհվել է 8 և վիրավորվել է 5 ոստիկան: Եվս մի քանի ահաբեկչություններ իրականացվել են Բաղդադում ու Իրաքի այլ քաղաքներում: