«Դատական համակարգում ռեալ փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և վճռականություն, ինչը չկա»

Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄՊ) Կարեն Անդրեասյանն արտահերթ զեկույց հրապարակեց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ: Իր զեկույցում պաշտպանն անդրադարձել է հայաստանյան դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմներին, հրապարակել կաշառքի սակագներն՝ ըստ դատարանների: «Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ` կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքերում. առաջին ատյանում՝ 500-10.000 դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2000-15.000 դոլար, վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 դոլար»,- զեկույցում նշել է Կ. Անդրեասյանը: Նա խոսել է նաև արդարադատության խորհրդի կողմից երկակի ստանդարտների կիրառման մասին, արձանագրել խախտումների և երկակի ստանդարտների կիրառման դեպքեր ՀՀ Վճռաբեկ դատարանում: Երեկ դատավորների միության խորհուրդը ՄԻՊ արտահերթ զեկույցն անվանել է «հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված» և նշել, որ զեկույց ամբողջությամբ երևակայության արդյունք է: ՄԻՊ-ի զեկույցին նման որակավորումներ տալով՝ խորհուրդը չի անդրադարձել զեկույցում ներկայացված խախտումների կոնկրետ դեպքերին: Երեկ Կարեն Անդրեասյանին նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և նշել, որ զեկույցում ՄԻՊ ներկայացրած ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Գ. Կոստանյանը հայտնել է, որ Դատախազությունը պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում: «Առաջարկում եմ Ձեր զեկույցում ներկայացված եզրահանգումները հիմնավորող առնվազն մեկ փաստ փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված պատշաճ ընթացքն ապահովելու համար»,- Կ. Անդրեասյանին ուղղված նամակում նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
«Չի կարելի տակառը գլորել միայն դատական իշխանության վրա: Իսկ ո՞վ է այդ դատական իշխանության երաշխավորը»
«168 Ժամի» հետ զրույցում նախկին դատավոր Պարգև Օհանյանն ասաց, որ չգիտի՝ ՄԻՊ զեկույցը որքանո՞վ կարող է նպաստել կոռուպցիայի նվազեցմանը: «Գուցե զգաստացնի, բայց արդյոք այդ ձևո՞վ պետք է բարձրանար այս հարցը: Մի՞թե մենք չգիտեինք, որ դա կա: Մի՞թե չգիտենք, որ դրանք որոշակի չափերի մեջ են: Չգիտեմ՝ որքանո՞վ են էական դրանց չափերը»,- ասաց Պարգև Օհանյանը: ՄԻՊ-ն իր զեկույցում նշել էր` ձևավորված է Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ինստիտուտը: Ըստ այդ համակարգի՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված և իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը: Ստորադաս դատարանի դատավորն իր գործի մասին Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորին» տեղեկացնում է անձնական հանդիպումների, հեռախոսազանգերի կամ ոչ պաշտոնական «տեղեկանքների» ներկայացման միջոցով: «Ես ինքս էլ մտածում, խոկում էի այս մասին և, պատկերացրեք, փորձում էի լավատես լինել: Լավատեսորեն այստեղ լավ բան տեսա: Օրինակ, տեսա, որ չեմ կասկածում ՄԻՊ-ի խոսքին, որ հարցմանը մասնակցել է շուրջ 120 հոգի: Կարծում եմ՝ շատ դատավորներ անկեղծացել են, ինչո՞ւ ոչ: Դա վկայում է այն մասին, որ վիճակը մեռած չէ, անհուսալի չէ, որ կան դատավորներ, որոնք խղճի խայթ ունեն, կան դատավորներ, որոնք ազնիվ են, իհարկե՝ հարաբերականության մեջ. ես չգիտեմ՝ ազնիվ դատավորը կարո՞ղ է մնալ իր աթոռին, և նրա հագուստները չե՞ն վերածվի ցնցոտիների: Ամեն դեպքում ինձ համար դրական է նկատել, որ մարդիկ իրենք էլ նկատում են, իրենք էլ դժգոհում են, իրենք էլ կուզենային ինչ-որ բան փոխել: Այդ «զոնալ դատավորների» մասին ես էլ եմ իրենցից լսել: Իմ՝ դատավոր աշխատելու ժամանակ այդպիսի բան չի եղել: Ցավոք, լսել եմ դրա մասին: Ես ասեմ, որ դա չէ չարյաց կենտրոնը: Ամեն ինչ խորքում է: Ամեն ինչ պահանջում է համակարգային լուծում: Նախ՝ պետք է քաղաքական կամք: Երկրորդ՝ եթե համեմատենք այլ երկրների հետ, մեզ մոտ դատավորների աշխատավարձը, չասեմ` բավարար չէ, ասեմ՝ համարժեք չէ նրանց կատարած շատ ծանր, լուրջ աշխատանքին: Երրորդ՝ պետությունը (հասկանում ենք, չէ՞, մեր իրականության մեջ` և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո՝ ով) պետք է ապահովի նրանց անկախությունը, ապահովի լուրջ ձևով: Պետք է ասի՝ ես ձեր մեջքին կանգնած եմ, ես գարանտ եմ: Ոչ մի Դատախազություն, ոչ մի Ազգային անվտանգություն, ոչ ոք չպետք է կարողանա ձեզ ճնշել, ապահովե՛ք օրենքի գերակայությունը, համարձակորեն արդարացման դատավճիռ կայացրե՛ք, ես տեր եմ, համարձակորեն մերժե՛ք կալանավորման անհիմն միջնորդությունները (կալանավորման անհիմն միջնորդությունները 99.9 տոկոս են կազմում), միևնույն ժամանակ, կոպիտ ասած, չնեղանաք, որ պարզվի՝ դուք չեք բավարարվում, ագահ եք, անաչառ չեք: Սոցիալական վիճակը, օրենքի գերակայության ապահովումը անկախության երաշխիքներ են: Մեխանիզմն այսպես պետք է լինի: Ես երբեմն հիշում եմ, որ, երբ Սինգապուրի 86-ամյա վարչապետը, որին այդ երկիրը պարտական է իր կայացման համար, եկել էր մեզ մոտ, նրան հարցրին՝ ի՞նչ պետք է անի երկրի նախագահը, որ երկիրը հաջողություն ունենա, նա ասաց, որ առաջին հերթին` պետք է ինքն օրինակ ծառայի: Դատավորներն այնքան էլ անկախ իշխանություն չեն, որքան մենք նրանց հռչակում ենք: Պետք է օրինակ ծառայեն, հետո նոր դատավորներից, դատախազներից, մյուսներից պահանջեն»,- ասաց Պարգև Օհանյանը:

ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանն իր արտահերթ զեկույցում անդրադարձել էր նաև Արդարադատության խորհրդի գործունեությանը: ««Վերադաս դատավորներին» ենթարկվող դատավորն իր խախտման համար, հիմնականում, չի ենթարկվում պատասխանատվության, իսկ չենթարկվող դատավորը, միևնույն խախտման համար կամ նույնիսկ առանց որևէ խախտման, ենթարկվում է ավելի խիստ պատասխանատվության»,- զեկույցում նշել էր Կարեն Անդրեասյանը: Անրդադառնալով այս հայտարարությանը՝ Պարգև Օհանյանն ասաց, որ կիսում է այդ մտահոգությունը: «Ցավոք, պետք է երևի կիսեմ այդ մտահոգությունը, ինչո՞ւ չէ՝ հենց իմ օրինակով, հետագայում` նաև այլ դատավորների օրինակով: Հասարակությունը գիտի նաև դատավորների կողմից օրենքների կոպտագույն խախտումները: Հիշում եք՝ դատավորն արդարացված էր համարել խոշտանգումները, քանի որ ասել էր՝ դա կատարվել է արդարադատության շահերից ելնելով: Վերջերս ֆեյսբուքյան իրավաբանական էջում փաստաբանները հետաքրքիր հրապարակումներ են անում կամ փաստաթղթեր են ներկայացնում. ուղղակի խայտառակություն է: Չասեմ՝ ծիծաղից կարելի է մեռնել: Ցավով եմ ասում»,- ասաց Պ. Օհանյանը:
Մեզ հետ զրույցում Պարգև Օհանյանն ասաց նաև, որ չի կարելի տակառը գլորել միայն դատական իշխանության վրա. «Իսկ ո՞վ է այդ դատական իշխանության երաշխավորը, ոգվ է նրանց աջակցողը: Իսկ Արդարադատության խորհուրդը կազմված է դատավորներից, այն ղեկավարում է նույն Վճռաբեկ դատարանի նախագահը: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ իշխանություն է՝ և՛ Վճռաբեկ դատարանի, և՛ Արդարադատության խորհրդի նախագահ եմ, անդամներդ աշխատող դատավորներ եք, եթե մի բան չհամաձայնեքգ»: Պ. Օհանյանի կարծիքով՝ Արդարադատության խորհրդի կազմում ընդգրկված դատավորները պետք է լինեն չաշխատող, թոշակի անցած դատավորներ, չունենան կաշկանդող հանգամանքներ՝ չաշխատեն Դատախազությունում կամ այլ մարմնում, խորհրդի նախագահը պետք է ռոտացիոն սկզբունքով փոխվի: «Տարբեր մեխանիզմներ կան: Նոր Ամերիկա պետք չէ հայտնագործել: Պետք է մեխանիզմները վերցնել Ամերիկայից և զարգացած երկրներից: Լավ բաներ կան վերցնելու, թեև ամեն ինչ չէ, որ լավ է այդ ամերիկաներում և եվրոպաներում: Չէ՞ որ կարելի է վերցնել ու կիրառել, ոչ թե ստեղծել մի կալվածատիրական համակարգ»,- ասաց Պարգև Օհանյանը:
Նա նշեց, որ առանձնապես չի ողջունում մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցը, հատկապես այնտեղ ներկայացված կաշառքի գումարների չափը: «Չեմ ողջունում, թեև դա այն դառն իրականությունն է, որից, ինչպես հայտնի «Բաղնիքդ անուշ» ֆիլմում ասում է՝ ճշմարտության համար չեն նեղանում: Այսինքն՝ եթե ճշմարտություն է, չի կարելի նեղանալ: Պետք է հետևություններ անել: Դա խայտառակություն է: Մի կողմից` ելույթներ են եղել, որ ցեխ է շպրտվում դատական համակարգի վրա: Այո՛, դա մեր ամոթն է, բայց դա այն է, ինչն ասելու համարձակություն ենք ունենում վերջապես: Պետք է այդ կոնտեքստի մեջ նայել, որ մենք վերջապես ուզում ենք ասել, նույնիսկ թվերով խոսել: Միշտ վերացական ձևով ենք ասում՝ կոռուպցիոն ռիսկեր, կոռուպցիայի դեմ պայքար: Ասում-ասում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում: Հիմա օմբուդսմենը համարձակվել է ասել: Կրկնում եմ՝ ես անկեղծ վատ զգացի, բայց գուցե թե զեկույցից հետևություններ արվեն: Գուցե թե պետք է ասել: Մյուս կողմից էլ՝ ցեխը չի շպրտվում, մենք ցեխի մեջ ենք, մենք պետք է մտածենք՝ ինչպես դուրս գանք այդ ցեխի միջից: Դատական իշխանությունն անկախ չէ: Հերիք է, եկեք ձևեր չթափենք: Ոչ մի իշխանություն անկախ չէ, նույնիսկ երևի մեր հանրապետության նախագահն էլ անկախ չէ, ցավոք: Դա ամենավատն է»,- ասաց Պարգև Օհանյանը:
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին հնչած այն քննադատություններին, որ զեկույցն ամբողջությամբ, հատկապես` կաշառքների չափով, երևակայության արդյունք է, օդից վերցված, Պարգև Օհանյանն ասաց. «Զավեշտ է: Նախ, բնականաբար, «օդից պետք է վերցներ», հո հենց կաշառքները տալու պահին չե՞ս լուսանկարելու: Կան հանցագործություններ, որոնցով հիմնականում վկաներ չեն լինում՝ կաշառք, բռնաբարություն: Դրանք այնպիսի հանցագործություններ են, որոնք, ինչպես ասում են՝ կատարվում են ոչ ակներևության պայմաններում, ի տարբերության խուլիգանության, սպանության որոշ տեսակների: Ես չեմ կարծում, որ ՄԻՊ-ն իսկապես նստի իր տեղում ու որոշի այսպիսի բան գրել: Դա լուրջ չէ: Կարծում եմ՝ իսկապես ուսումնասիրություն է կատարվել օրենքով ՄԻՊ-ին տրված լիազորությունների շրջանում և փորձել է համարձակ զեկույց ներկայացնել: Շատ դժվար է դատել՝ պե՞տք էր արդյոք մեր՝ առանց այդ էլ միջազգային կառույցների շրջանում չունեցած հեղինակությունն էլ ավելի գցել, թե՞ լավ է, որ վերջապես մենք նայում ենք ճշմարտության աչքերին ու փորձում ենք, այսպես ասած, ինքնախոստովանական ցուցմունքներ տալ»:

ՄԻՊ զեկույցը դեռ մի բան էլ քիչ է ներկայացրել
Փաստաբան Երվանդ Վարոսյանն «168 ժամի» հետ զրույցում ասաց, որ ոչինչ չի կարող ասել դատարաններում կաշառքների չափերի մասին. «Կարող եմ զուտ ենթադրություն անել, որ չափերը ՄԻՊ զեկույցում դեռ մի փոքր էլ քիչ են նշված: Ինչ վերաբերում է դատարանների կոռումպացվածությանը, կարծում եմ՝ առանց զեկույցի էլ բոլորի համար դա վաղուց գաղտնիք չէ: Դատական համակարգը պատասխանում է զեկույցին, փորձում հերքել այն, ասելով՝ որ իրենք խնդիրներ ունեն, բայց դա համատարած բնույթ չի կրում: Իրականում իրավիճակը հակառակն է: Դա կրում է համատարած բնույթ: Դատական համակարգում կան կոռուպցիայից զերծ մի քանի լուսավոր կետեր, որոնցից ներկայիս դատական համակարգի ղեկավարությունը հաջողությամբ ձերբազատվում է»: Երվանդ Վարոսյանն ասաց նաև, որ «զոնալ դատավորների» գոյությունը ևս վաղուց գաղտնիք չէ: «Նախկին շատ դատավորներ ժամանակին նաև հանդես եկան հրապարակումներով և նշեցին այդ մասին: Մեզ համար էլ գաղտնիք չէ, որ գործում է և՛ տեղեկանքների, և՛ զեկուցումների սիստեմ, և, որ առաջին ատյանի դատարանում կայացված վճիռներն ու դատավճիռները քննարկվում են Վճռաբեկի համապատասխան «զոնալ», հսկող դատավորների հետ, ինչը զրոյացնում է մեր հանրապետության եռաստիճան դատական համակարգի իմաստը, և անգամ մեծագույն ցանկության դեպքում այս պարագայում մեր դատական համակարգը չի կարող արդարադատություն իրականացնել, որովհետև աստիճանները խախտվում են: Միանգամից որոշումը կայացնում է Վճռաբեկ դատարանը, այն էլ կայացնում է՝ առանց գործը հավուր պատշաճի իմանալու՝ զուտ առաջին ատյանի դատարանի դատավորի՝ իրեն զեկուցածի մասով»: Փաստաբանը նշեց, որ եթե դատական համակարգը հերքում է զեկույցը, ապա պետք է հատ-հատ անդրադառնա ՄԻՊ զեկույցում ներկայացված առանձին դեպքերին և նշի, թե ո՞ր դեպքերում են դատավորները պատասխանատվության ենթարկվել, և ինչո՞ւ, ո՞ր դեպքերով չեն ենթարկվել:
Խոսելով ՄԻՊ-ի այն դիտարկման մասին, որ վճռաբեկ դատարանը չի պատճառաբանում վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումները, Երվանդ Վարոսյանն ասաց, որ փաստաբաններն այդ հարցը բարձրացրել են մի քանի ամիս առաջ կազմակերպված դատադուլի ընթացքում: «Այո՛, չեն պատճառաբանում, և այնպես էլ չէ, որ իրենք չեն ընդունում, որ չեն պատճառաբանում: Չեն պատճառաբանում, ինչի հետևանք է դառնում այն, որ այնտեղ տեղի են ունենում մեզ համար անհասկանալի, իրավական դաշտից դուրս պրոցեսներ: Վարույթ են ընդունվում գործեր, որ չես հասկանա՝ ինչո՞ւ ընդունվեցին, չեն ընդունվում գործեր, որոնք նորից չես հասկանա՝ ի՞նչ պատճառով չընդունվեցին»,- ասաց Ե. Վարոսյանը: Նա կարծիք հայտնեց, որ ՄԻՊ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցը ոչ մի արդյունք չի ունենա, ոչ ոքի չի սթափեցնի: «Դատական համակարգում ռեալ փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և վճռականություն, ինչը չկա»:

ՄԻՊ զեկույցն օբյեկտիվ է
Փաստաբան Հայկ Ալումյանը «168 ժամի» հետ զրույցում ասաց, որ 6 ամիս առաջ մեծ թվով փաստաբաններ դատադուլ արեցին և բարձրաձայնեցին այն խնդիրների մասին, որոնց մասին իր արտահերթ զեկույցում նշել է ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը. «Այն, ինչի մասին մենք այն ժամանակ բարձրաձայնել ենք, ահազանգել ենք, նույնն այսօր տեղ է գտել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում: Համապատասխանաբար պետք է ասել, որ ես դեռ վեց ամիս առաջ եմ այս պրոբլեմների մասին իմ կարծիքն արտահայտել»: Փաստաբանն ասաց, որ զեկույցն օբյեկտիվ է համարում:
«Ես երբ նայում եմ այդ օղակների արձագանքները՝ Դատախազություն, դատական համակարգ, հետաքրքիր է, որ ոչ ոք չի ասում, որ դա այդպես չէ: Եթե մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են էլ, հո չե՞ն մեղադրում իրեն նրա մեջ, որ ինքը զրպարտել է կամ սխալ բան է ներկայացրել: Իրեն, ըստ էության, մեղադրում են՝ ինչո՞ւ ես այդ բանն ասել: Հասկանո՞ւմ եք: Նույնիսկ քննադատողների տոնայնությունն այն չէ, թե` ինչո՞ւ ես սխալ բան ասել: Ասում են՝ ինչոգւ ես ասել: Բայց ցանկացած պրոբլեմի լուծում սկսվում է այդ պրոբլեմը գիտակցելով: Մինչև այդ պրոբլեմը չգիտակցես, այդ պրոբլեմը չի կարող լուծման ճանապարհին կանգնել»: Հայկ Ալումյանն ասաց նաև, որ օբյեկտիվ դատական ակտերի քանակը զգալիորեն չի փոխվել:

Տեսանյութեր

Լրահոս