Բաժիններ՝

Google-ը Հայաստանում գրասենյակի կարիք չունի

Ասում է Google ընկերության Next Wave Emerging Countries թիմի ղեկավար Դիվոն Լանը

– Մինչ Հայաստան գալը լսե՞լ էիք Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին, GDG Հայաստանի մասին, և, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում այստեղ:

– Շատ ընկերությունների ստեղծման հիմքում գումար վաստակելու գաղափարն է ընկած: Իհարկե, յուրաքանչյուրն էլ ուզում է գումար վաստակել, սակայն Google-ը տարբերվում է նրանով, որ այն ստեղծվել է հատուկ առաքելությամբ. այն է՝ աշխարհի բոլոր ծայրերում բնակվող մարդկանց տեղեկատվություն հասցնել: Դու, օրինակ, կարող ես ֆերմեր լինել ինչ-որ գյուղում և հայերենից բացի որևէ լեզվի չտիրապետել, սակայն դու պետք է կարողանաս հասանելիություն ունենալ Ցանցում առկա ամբողջ տեղեկատությանը` կրթության, առողջապահության, տարբեր վայրերի վերաբերյալ, և այլն. դա մեր առաքելությունն է: Ճիշտ է, մենք այն ամբողջովին դեռևս չենք իրագործել և դեռ շատ աշխատանք ունենք իրականացնելու, սակայն մեր առաքելությունը դա է, որի ուղղությամբ և աշխատում ենք: Իհարկե, դա ոչ միայն Google-ի աշխատանքն է, կան նաև շատ այլ ընկերություններ, որոնք աշխատում են այս ուղղությամբ, ներառյալ տեղական հայկական ընկերությունները, բջջային օպերատորները, և այլն: Այս ամենի մեջ կարևոր բաղադրիչն այն է, ինչը մենք կոչում ենք տեղական բովանդակություն: Այսինքն`հայերի ստեղծած յուրահատուկ բովանդակության մասին է խոսքը: Ճիշտ է, մենք միգուցե անմիջապես չենք ստեղծում նման բովանդակություն, սակայն փորձում ենք աջակցել, թե որոշակի գործիքներ ստեղծելով, և թե նաև աշխատելով մոտիկից այնպիսի խմբերի հետ, ինչպիսին է GDG Armenia (Google Developer Group Armenia), որը գործում է Երևանում: Այն ծրագրավորողների խումբ է, որն աշխատում է նաև այդպիսի խնդիրների լուծման ուղղությամբ:

– Այսինքն` մինչ Հայաստան գալը Դուք GDG Armenia խմբի մասին լսե՞լ էիք:

Կարդացեք նաև

– Այո , միանշանակ: GDG խումբն անկախ խումբ է, այն այլևս որևէ կերպ չի պատկանում Google-ին, սակայն մենք շատ սերտ աշխատում ենք նրանց հետ` օգնելով նրանց հասնել իրենց ծրագրերին Հայաստանում, օրինակ` ստեղծել տեղական բովանդակություն կամ կրթել Հայաստանում բնակվող մարդկանց` տեխնոլոգիաների ուղղությամբ, ինչը շատ կարևոր է, և այլն:

– Կբացատրեք` ի՞նչ է Ձեր պաշտոնը. Google-ի Next Wave Emerging Countries թիմը ինչո՞վ է զբաղվում:

– Իրականում Եվրոպայում կամ ԱՄՆ-ում գրեթե ամեն մարդ օգտագործում է ինտերնետը, սակայն, եթե նայեք օգտագործողների թվի աճի տեմպերին, ապա դրանք զարգացող երկրներն են հիմնականում, և Հայաստանը դրանցից մեկն է: Ես մի խմբի մասնիկն եմ, որը մտածում է, թե ինչպես կարող ենք մենք նպաստել նման շուկաներում ինտերնետի զարգացմանը: Իմ յուրահատուկ ուշադրության կենտրոնում ավելի փոքր երկրներն են, օրինակ` Աֆրիկայում, Հարավային Ասիայում և այլուր գտնվող, ինչպես նաև Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը և այլն:

– Շատ լավ, այդ դեպքում Դուք կարող եք ավելին ասել այն մասին, թե Google-ն ինչպե՞ս է պատրաստվում համագործակցել Հայաստանի հետ: Ըստ Ձեզ` ե՞րբ Հայաստանում կբացվի Google-ի գրասենյակ, կամ արդյոք այդ ընկերությունը կբացի՞ իր գրասենյակը այստեղ, թե՞ ոչ, որովհետև այդ մասին դեռևս որոշ ժամանակ առաջ խոսվեց Սիլիկոնային հովտում ՀՀ վարչապետի և Google-ի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ:

– Մենք շարունակելու ենք օժանդակել տեղական բովանդակության ստեղծմանը` հիմնականում Google Developer Group-ի միջոցով, որովհետև նրանք այն մարդիկ են, ովքեր մտածում են հայ ժողովրդի մասին, նրանք ստեղծում են ինտերնետային կայքեր, տեղական ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջ աշխարհում կարող է կիրառվել և մեծ եկամուտներ բերել Հայաստանին: Մյուս ուղղությունը վերաբերում է հայերենի ոսումնասիրությանը: Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ մեր ապրանքները հասանելի են հայերենով: Դա մի ուղղություն է, որտեղ մենք շարունակելու ենք ավելի ու ավելի շատ ներդրումներ կատարել: GDG-ի միջոցով մենք փորձում ենք սովորեցնել տեղի ծրագրավորողներին` ինչպես օգտագործել Google-ի գործիքներն իրենց ծրագրերն ավելի արագ և մատչելի ձևով հասանելի դարձնելով հանրությանը: Իհարկե, Google-ի ոչ բոլոր ծառայություններն են լավ աշխատում հայերենով կամ տարածում են գտել Հայաստանում: Հայերենի հետ կապված դեռ խնդիրներ կան: Օրինակ, Google search-ն արդեն հասանելի է հայերենով, Android-ի նոր տարբերակը, որը կոչվում է Kit-Kat, ունի հայերեն ստեղնաշար, և այլն: Կան բաներ, իհարկե, որոնց վրա մենք ազդել չենք կարող. օրինակ` հեռահաղորդակցության ծառայությունների մատչելիությունը` հեռավոր շրջաններում, այդ ծառայությունների գների նվազումը, կամ հեռավոր գյուղերում ինտերնետի կամ սարքերի` համակարգիչների, սմարթֆոնների և այլնի հասանելիությունը, որոնց ուղղությամբ տեղյակ եմ, որոշակի քայլեր կատարվում են, սակայն այստեղ, ինչի վրա մենք կարող ենք ազդել, դա լեզուն է և ծառայություների մատչելիությունը` բովանդակության իմաստով, ինչը դեռևս բավարար չէ: Օրինակ` եթե դուք ցանկանում եք օգտագործել Gmail-ը, դուք կարող եք օգտագործել այն ռուսերենով կամ անգլերենով, բայց ոչ հայերենով, իհարկե, դուք կարող եք Ձեր նամակի բովանդակությունը հայերեն գրել, սակայն Էլ. փոստի ինտերֆեյսը ( արտաքին տեսքը) դեռևս հայերեն չէ:

– Google translate-ի մասին: Մոտ ապագայում այն մարդկանց հնարավորություն կտա շփվել տարբեր լեզուներով իրական ժամանակում` բանավոր խոսքի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով: Արդյո՞ք այն կլինի հայերեն, թե՞ ոչ:

– Սա տեխնոլոգիա է, որը կոչվում է ձայնի ճանաչում, երբ համակարգիչը կարող է հասկանալ, թե ինչ են նշանակում այդ արտաբերված խոսքերը: Կարծում եմ, որ այժմ տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ հնարավոր է բարձր որակի ձայնի ճանաչման տեխնոլոգիա կիրառել, սակայն սա բոլորովին նոր տեխնոլոգիա է, որը նոր է սկսվել` վերջին մի քանի տարիներին, ինչը դեռևս հայերի համար ստեղծված չէ, սակայն ապագայում այն միգուցե իրագործվի և հասանելի լինի հայերենի համար:

– Ինչպե՞ս եք կարծում, արդյո՞ք Google-ը Հայաստանում գրասենյակ կստեղծի, թե՞ոչ, և եթե` այո, ապա ե՞րբ կլինի դա:

– Մենք ինտերնետային ընկերություն ենք, իսկ մեր ծառայությունները հասանելի են բոլորին` ինտերնետի միջոցով, անկախ նրանց գտնվելու վայրից: Այսինքն`սա յուրահատուկ բիզնեսի տեսակ է, և պարտադիր չէ, որպեսզի որևէ երկրում մենք գրասենյակ ունենանք: Մենք կարողանում ենք Հայաստանին ծառայություններ մատուցել մեր գլոբալ գրասենյակներից, և հենց դա է պատճառը, որ չեմ կարծում, թե հաջորդ տարի մենք գրասենյակ կբացենք Հայաստանում: Մենք օգտագործողներ ունենք աշխարհի բոլոր երկրներում, անգամ ամենափոքր երկրներում և կղզիներում, սակայն գրասենյակ ունենալու կարիք չունենք ամեն մի երկրում` մեր աշխատանքներն իրագործելու համար: Մեր աշխատաոճը հետևյալն է, մեր գրասենյակները մի քանիսն են ամբողջ աշխարհում, սակայն մենք աշխատակիցներ ենք ընդունում բոլոր երկրներից: Մենք իրականում Google-ում աշխատող հայեր ունենք:

– Շատ են հայերը. Google-ում մոտ քանի՞ հայ է աշխատում:

– Չեմ կարող կոնկրետ թիվ նշել, սակայն կարող եմ ասել, որ կան մի քանիսը, սակայն նրանք բավականին ակտիվ են` Google-ում Հայաստանը գովազդելու առումով: Այսպիսով նրանք ուզում են վստահ լինել, որ այն, ինչ մենք անում ենք, Հայաստանի համար ևս լավ է. նրանք փորձում են հնարավորության դեպքում օգնել Հայաստանին:

– Հայաստանյան ՏՏ ոլորտից ստացած Ձեր տպավորություններով կկիսվե՞ք մի փոքր:

– Այստեղ հիանալի Startup (նորաստեղծ ընկերություն) գաղափարներ կան, Հայաստանն, իհարկե, փոքր երկիր է, սակայն տեխնոլոգիական արտադրանքի առումով այն կարող է հիանալի աշխատանքներ կատարել, քանի որ տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհի ցանկացած կետում կարելի է ստեղծել ինչ-որ ծրագիր և վաճառել այն ամբողջ աշխարհում` ինտերնետի շնորհիվ: Կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է, որպեսզի հեռավոր հայկական գյուղերում մարդիկ հնարավորություն ունենան օգտագործել ինտերնետը և կարողանան ձեռք բերել դրա օգտագործման համար անհրաժեշտ սարքերը` համակարգիչ, սմարթֆոն, և այլն: Երկրորդը լոկալ բովանդակության խնդիրն է, այստեղ արդեն տեղական ընկերությունները շատ գործ ունեն կատարելու, նրանք պետք է ստեղծեն արտադրանք` բնակչության բոլոր խավերի համար, և հայերեն լեզվով բովանդակություն մշակեն, իսկ այս հարցում կարևոր է նաև տեխնոլոգիական ընկերությունների դերակատարումը: Մենք, օրինակ` փորձում ենք ավելի հեշտացել մարդկանց համար ընկերությունների ստեղծումը և ծրագրերի տարածումը: Օրինակ` Android market-ում նման ծառայություններն օգնում են մարդկանց`վաճառել իրենց արտադրանքը և դրա համար գնորդներ ունենալ ամբողջ աշխարհից: Կարծում եմ` լավ կլինի, որպեսզի ունենաք ավելի շատ հայկական տեխնոլոգիական ընկերություններ, որոնք կկարողանան ստեղծել յուրահատուկ նորարարական տեխնոլոգիաներ, ինչի համար, իհարկե, կարևոր է լավ կրթական համակարգ ունենալը, իսկ հայերը դա ունեն: Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մշակույթին: Այս հմտությունները, կարծում եմ, անհրաժեշտ է կատարելագործել: Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել նորաստեղծ ընկերությունների աջակցությանը, մինչև նրանց ոտքի կանգնելն ու եկամուտներ ստանալը: Այս ուղղությամբ, տեղյակ եմ, Հայաստանում աշխատանքներ տարվում են, սակայն այս հատվածը Հայաստանում դանդաղ է զարգանում: Լուսինե Մովսիսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս