Չինաստանը կարող է Ուկրաինայում կատարել ավելի քան 10 միլիարդ դոլարի ներդրում
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերագույն ռադայում ու Եվրոմայդանում կրքերի թեժ ֆոնին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան, ինչը տևելու է մինչև դեկտեմբերի 6-ը:
Իր չինական այցի շրջանակներում Յանուկովիչին հաջողվել է պայմանավորվածության գալ խոշոր չափի վարկի մասին: Նշվում է, որ Չինաստանը կարող է Ուկրաինայում կատարել ավելի քան 10 միլիարդ դոլարի ներդրումներ: Նոր հնարավորություններ կստեղծվեն ուկրաինական ապրանքների արտահանման համար, ինչը մասնավորապես վերաբերում է ցորենին:
Յանուկովիչն ընդգծել է, որ Չինաստանում գոյություն ունի այնպիսի կանոն, որ գործարարները չեն կարող որևէ բան գնել այլ երկրներից՝ առանց իրենց կառավարության «օրհնության»: Յանուկովիչը հավելել է, որ իրենք կարող են Չինաստան արտահանել ցորեն, միս, բանջարեղեն և այլն.
«Մեզ կտան 5 միլիարդ դոլարի վարկ (փող), որը մենք ցորենի տեսքով կվերադարձնենք 5-7 տարվա ընթացքում: Բացի այդ, մենք Չինաստանի հետ համատեղ կծավալենք АН-158 ինքնաթիռների արտադրություն: Ներկայումս Չինաստանը ներքին չվերթների համար կարիք ունի մոտ 6000 ինքնաթիռի»:
Ընդգծվում է, որ չինական կողմը սկսելու է Ուկրաինայում իրականացնել մի շարք նախագծեր: