
Հասան Նասրալլահը սաուդյան հետախուզությանը մեղադրել է Իրանի դեսպանատան դեմ ահաբեկչության կազմակերպման մեջ

Լիբանանյան OTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Հզբոլլահ» խմբավորման առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլահը երեկ Սաուդյան Արաբիայի հետախուզությանը մեղադրել է Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ ահաբեկչության կազմակերպման մեջ, ինչի հետևանքով զոհվել է 23 մարդ:
Նասրալլահի խոսքերով՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնած «Աբդուլլահ Ազզամի բրիգադներ» սուննի խմբավորման ղեկավարը հանդիսանում է Սաուդյան Արաբիայի քաղաքացի: Շեյխի կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ այդ խմբավորումը կապված է սաուդյան հետախուզության հետ, որը նման խմբավորումներին առաջադրանքներ է տալիս աշխարհի տարբեր մասերում:
Նասրալլահն ընդգծել է, որ «Հզբոլլահի» վերահսկողության տակ գտնվող դեսպանատան վրա կատարված հարձակումը բացատրվում է Սաուդյան Արաբիայի վրեժխնդրությամբ՝ կապված Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին Իրանի աջակցելու հետ:
Նոյեմբերի 19-ին Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ գրանցված կրկնակի պայթյունի հետևանքով զոհվել էր 23 մարդ, այդ թվում նաև Իրանի մշակութային կցորդը: