Բուդաղյան եղբայրներին մեջքից չեն կրակել. Քննիչ

Բուդաղյան եղբայրներին մեջքից չեն կրակել: Այս մասին այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածը քննող քննիչ Ալեքսան Ղազարյանը: Նա նշեց, որ հարուցված քրեական գործի նյութերում առկա են այնպիսի փաստաթղթեր, որոնք Բուդաղյանների փաստաբանի բողոքին չեն վերաբերում: Ըստ նրա՝ Արտակ Բուդաղյանի և Նիկոլայ Աբրահամյանի՝ երկու տարբեր բժշկական կենտրոնների հիվանդության պատմագրերը, որոնք ապացուցում են՝ Բուդաղյան եղբայրներին մեջքից չեն կրակել: «Արտակ Բուդաղյանի հրազենային վնասվածքը մեկ հատ է, կույր, այն էլ որովայնի շրջանում»,- ասաց քննիչ Ալեքսան Ղազարյանը: Նա նշեց, որ ժամանակին հայտարարվում էր այն մասին, թե Ավետիք Բուդաղյանին Խաչատրյանները զանգով կանչել են իրենց տուն: «Իրականում այդպես չէ: Իրականում Ավետիք Բուդաղյանի համարից զանգ է եղել, մեկ հատ ելքային Զարզանդ Նիկողոսյանի համարին»,- ասաց քննիչը:

Դատարանում քննվում էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքները: Նա բողոքարկում է Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի, Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն աաց, որ իրեն են տրամադրվել քրեական գործի 270 թերթ նյութերը, սակայն դրանք բավարար չեն իր բողոքը քննելու համար: Նա նշեց, որ քննիչը կամայականորեն է ընտրել այդ 270 թերթը, դրանք ներկայացրել դատարան՝ անտեսելով դատարանի որոշումը: «Քննիչը շարունակում է կարծել, թե ինքն է որոշում՝ որ նյութերի հիման վրա դատարանը պետք է այս գործը քննի»,- ասաց Հ. Ալումյանը: Նա նշեց, որ քննիչը ճիշտ գնահատական չի տվել ավտոմքենայում տեղի ունեցածին, ինչպես նաև Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածին: Հ. Ալումյանը միջնորդեց քննիչին պարտադրել դատարան ներկայացնել գործի բոլոր նյութերը: Նա նշեց, որ դատարանին չի ներկայացվել, օրինակ, Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկության արձանագրությունը:

Դատախազ Կարեն Հարությունյանը հայտարարեց, որ բողոքի վերաբերյալ բոլոր նյութերը ներկայացվել են դատարան: Քննիչը ևս ասաց, որ դատարան է ներկայացրել բողոքի վերաբերյալ բոլոր նյութերը: Նա դատարանին ներկայացրեց նաև վկաներ Տիգրան Կարապետյանի, Մուշեղ Զաքարյանի հարցաքննությունները: Նա նշեց, որ քրեական գործում կան մի շարք փաստաթղթեր, որոնք չեն վերաբերում բողոքին: Նախաքննական մարմինը դատարանում հրաժարվեց ներկայացնել նաև քրեական գործի ցուցակը:

Կարդացեք նաև

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեբերի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս