Մեր ամենակարևոր առաքելությունը կարող ենք վերգտնել միայն այլ լեզուների լիարժեք տիրապետելով. Արմեն Դարբինյան
Հայ-Ռուսական համալսարանում այսօր կազմակերպված տարեկան գիտական համաժողովի ժամանակ բուհի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն անդրադարձավ հայաստանի միջազգային ինտեգրման առանձնահատկություններին՝ դրանք բաժանելով 3 հատվածի՝ քաղաքակրթական, տնտեսական, աշխարհաքաղաքական:
Ա.Դարբինյանն իր զեկույցում, մասնավորապես, նշեց. «Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը մենք, իհարկե, հիմք և իրավունք ունենք ձգտելու և հավակնելու համաշխարհային դերակատարման և նշանակության: Ժամանակակից աշխարհում, սակայն, հին ազգ և մշակույթ լինելը, ցավոք, բավարար չէ այդ դերակատարումը ստանձնելու համար: Պետք է ներկայացնել կա’մ տնտեսական հզորություն, կա’մ չափերի, կա’մ բնական ռեսուրսների հարստություն, կա’մ մարդկային քանակ, կամ էլ, ծայրագույն դեպքում` առաջադիմական, իրենց բնույթով հեղափոխական գիտական և/կամ հասարակական գաղափարներ ընծայել աշխարհին` նպաստելով համապատասխանաբար մարդկային զարգացման գործընթացին: Անաչառորեն պիտի փաստենք, որ այսօրվա Հայաստանը չի’ համապատասխանում բերված և ո’չ մի չափանիշի: Եվ եթե քանակական կամ ռեսուրսային չափանիշները բացարձակ օբյեկտիվ են, ապա առաջադեմ չլինելը, մեր դարավոր պահպանողական, այսօրվա գերակայությունների հետ առընչություն չունեցող մոտեցումների վերարտադրումը, կենցաղում և հասարակական հարաբերություններում ավանդական և ավանդույթային վարքաձևի նախընտրումը արդեն մե’ր ընտրությունն է: Սա, խոստովանենք, հաղթող խաղաքարտ չէ` աշխարհին հետաքրքիր լինելու տեսակետից: Մնում է մեր պատմական և/կամ մշակութային արժեքի ուսումնասիրումը, ինչը կարող է լինել, իհարկե, շատ հետաքրքիր և արգասաբեր, սակայն համաշխարհային դերակատարում ստանձնելու համար` քիչ արդյունավետ: Բացի դրանից, անկախ պետականության առավել քան երկու տասնամյակի ընթացքում մենք չկարողացանք աշխարհին ներկայանալ անգամ մեր ԻՆՔՆԱՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ տեսանկյունից. Ռուսները ինչպես համարել են մեզ Անդրկոկաս, այնպես էլ շարունակում են համարել; Եվրոպան և մնացյալն էլ` ռուսական տեսանկյունը չկրկնելու նպատակով ամփոփեցին մեզ «Հարավային Կովկաս» տարածաշրջանային հանրության մեջ, փաստորեն առանձնակի տարբերություն չդնելով մեր և վրացիների, մեր և ադրբեջանցիների միջև: Լավ, մի՞թե դժվար էր աշխարհին բացատրել, որ մենք Անդրկովկաս չենք, Հարավային Կովկաս չենք, ՄԵՆՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԿՈՎԿԱՍ ՉԵՆՔ: Չէ՞ որ սեփական պատմության և մշակույթի նկատմամբ նման անհասկանալի կոմպրոմիսը, եթե չասեմ` կործանիչ անտարբերությունը և անպատասխանատվությունը բերեցին աշխարհաքաղաքական հնարավոր դասավորումներում մեր բացահայտ անճարագության, մեր շահերի և գերակայությունների անտեսման կամ ոտնահարման: Մի՞թե հասկանալի չէր, որ հստակ և ճշգրիտ ինքնանույնականացումն անգամ մեզ զերծ կպահեր Եվրո՞պա, թե Եվրա՞սիա անիմաստ երկընտրանքից: Ինչու՞ մենք չկարողացանք մեր միջազգային հարաբերություններում պաշտպանել հնագույն քաղաքակրթական արժեք ներկայացնող հնդաեվրոպական ազգային և մշակութային մեր ինքնությունը: Ինքնություն, որը ինքնին մեզ կարող է և պետք է բերեր եվրոպական քաղաքակրթական արժեքների հիմքում գտնվող, եզակի արևելյան քրիստոնյա ժողովրդի դերակատարմանը և նշանակությանը: Ըստ որում շեշտեմ, որ «արևելյան»` չի’ նշանակում «ասիական»: Ճիշտ այնպես, ինչպես մենք Կովկաս չենք, մենք նաև «Ասիա» չենք: Իսկ մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք Եվրոպա և’ս չենք: Եվ ուրեմն` արհեստականորեն մեզ պարտադրվող երկընտրանքը. Եվրոպա կամ Եվրասիա, քաղաքակրթական չէ, այն բացառապես աշխարհաքաղաքական է, ըստ որում` պարտադրող երկու կողմերն էլ հակված են անտեսելու վերևում բերված մեր ինքնանույնականացումը:
Առաջին հետևությունը, որ մենք պիտի անենեք` բերված վերլուծությունից, հետևյալն է. երկրի և ժողովրդի ընթացիկ շահերից ելնելով աշխարհաքաղաքական ցանկացած դասավորումներում մեր մասնակցությունը պետք է պայմանավորել քաղաքակրթական մեր ինքնության պահպանմամբ և զարգացմամբ: Հարց է ծագում սակայն. Իսկ ինչպե՞ս մենք պահպանենք և զարգացնենք մեր քաղաքակրթական ինքնությունը, հատկապես` ժամանակակից, գաղափարական և մշակութային սահմաններ չճանաչող աշխարհում: Պատասխանը ինչքան տարօրինակ, այնքան էլ տրամաբանական է. ՄԻԱՅՆ օտար լեզուներ սովորելով, ՄԻԱՅՆ այլ մշակույթներին լիարժեքորեն հաղորդակից դառնալով, և այլ լեզուներով լուսավորչական առաքելություն իրականացնելով: Չգիտես, ինչու, մենք մոռացության ենք տվել մեր առաջին քրիստոնեական ազգ-պետության, թերևս, ամենակարևոր առաքելությունը` լուսավորչությունը, որը, կրկնում եմ, մենք կարող ենք վերգտնել ՄԻԱՅՆ այլ լեզուների ԼԻԱՐԺԵՔ տիրապետելով: Ավելին, մեր ազգային և պետական շահը կկարողանանք լավագույնս ներկայացնել և պահպանել ՄԻԱՅՆ այդ պարագայում: Կարող եմ վկայել, որ բազմիցս անգամ տանուլ ենք տվել մեր շահերում` ընդամենը լեզվային անճարության, հարցի իմաստը ներկայացնել չկարողանալու հետևանքով: Եվ ուրեմն` երկրորդ հետևությունը, որ մենք պետք է անենք այստեղ, հետևյալն է. Մեր ազգային ինքնության պահպանման, զարգացման, լուսավորչական առաքելության իրականացման պարտադիր պայման է օտար լեզուների և մշակույթների ԼԻԱՐԺԵՔ տիրապետումը: Եվ ճիշտ այն ջանասիրությամբ, որով մենք պաշտպանում ենք մեր միակ պետական լեզուն, նույն ջանասիրությամբ մենք պետք է խոսենք ո’չ թե այլ լեզուներին տիրապետելու բոլորի համար հավասար իրավունքի, այլ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ մասին: Հասկանանք վերջապես, որ ո’չ ի հաշիվ մայրենիի հայ մանուկներին և երիտասարդությանը այլ լեզուներով կրթելը ո’չ միայն ազգային արժեքներին դեմ չէ, այլ դրանց պահպանման և տարածման հզորագույն գործիքն է: Իսկ ազգային արժեքներին իսկապես դեմ է անհասկանալի ծագում ունեցող նվնվոցների ուղեկցությամբ տարբեր` անգամ պետական տոնակատարությունների, հարսանիքների անցկացումը, պետական և հանրային պատասխանատվությամբ օժտված պաշտոնյաների և գործիչների` աղավաղված հայերենով խոսելը, հանրային կոչվող հեռուստատեսության կողմից ազգային իրական արժեքների իսպառ անտեսումը, պետական մշակութային քաղաքականության հույժ կարևորության գերազանցապես չգիտակցումը…
Հարց է առաջանում. Իսկ եթե մենք գիտակցում ենք ազգային ինքնության պահպանման, պաշտպանման և զարգացման գործում օտար լեզուներին ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ` շեշտում եմ, տիրապետման կարևորությունը, հատկապես, ո՞ր լեզվի կամ լեզուների մասին պիտի գնա խոսքը: Եվ հենց այստեղ է, որ մեզ օգնության պիտի գա երկրի աշխարհաքաղաքական շահը: Իսկ այն ակնհայտ է. անվտանգության, ապահովության, պատմական փորձի, ինչպես նաև հայկական Սփյուռքի` այսօր արդեն առավել սփռված, քանակությամբ Հայաստանից բացի ամենամեծ հայ հանրությունը կազմող, իրենց աշխատանքով և բարեկեցությամբ այսօրվա Հայաստանի գոյատևմանը մեծապես նպաստող և հայրենիքի հետ միասնությունը չկորցրած այս մարդկային զանգվածի գործոնները հաշվի առնելով, առաջնայնության կարգով դա պիտի լինի ռուսերենը: Այս իմաստով ես վերջերս արտահայտվեցի և փաստեցի, որ Հայաստանը կարելի է դիտարկել որպես ռուսալեզու աշխարհի մի մաս: Չմոռանանք այստեղ, որ Խորհրդային Միության պայմաններում հայ մշակույթը, արվեստը, գրականությունը աննախադեպ ծաղկում ապրեցին, լիիրավ հանդիսանալով համաշխարհային արժեք: Բայց միևնույն ժամանակ փաստենք, որ Ռուսաստանը և’ս կարող ենք դիտարկել որպես աշխարհասփյուռ հայության` Հայաստանից հետո իր կարևորությամբ երկրորդը հանդիսացող տարածք, և այս իմաստով` որպես Հայկական աշխարհի անբաժանելի կարևորագույն մաս: Աշխարհի մնացած հատվածի հետ հարաբերվելու և այդ հատվածում մեր ազգային շահերը պաշտպանելու և առաջ տանելու համար մեր երկրորդ թիրախը պիտի լինի անգլերենը: Ընդհանրապես, ժամանակն է առաջ քաշել ԵՌԱԼԵԶՈՒ հասարակության հրամայականը: Մենք պիտի հասկանանք վերջապես, որ այժմյան ՄԻԱԼԵԶՈՒ հասարակությունը լավագույն միջոցն է միջազգային տնտեսության ենթատեքստում մեր հետնապահությունը վերարտադրելու և հետագա զարգացումը ուղղակի կասեցնելու:
Մի քանի խոսք տնտեսական ինտեգրման առանձնահատկությունների մասին: Բարեկեցության որևէ մակարդակ տվյալ երկրում ապահովելու համար ՄԻԱԿ ձևը և միջոցը համաշխարհային տնտեսական համագործակցության մաս կազմելն է, աշխատանքի միջազգային բաժանման մեջ երկրի հստակ և նշանակալի դերակատարությունը: Անկախ պետականության առաջին իսկ օրվանից տնտեսական շրջափակման մեջ գտնվող երկրի համար գրեթե անհասանելի, աներևակայելի խնդիր: Փաստենք, որ այս խնդրի լուծումը մենք դեռևս չենք գտել: Հայ-թուրքական և ԼՂՀ-ադրբեջանական թնջուկները դեռևս տևական ժամանակ չեն հանգուցալուծվելու, և ուրեմն, այս պայմաններում ինտեգրման ՑԱՆԿԱՑԱԾ հնարավորություն անհրաժեշտ է օգտագործել` երկրի տնտեսության համար թեկուզև չնչին բարելավման հնարավորություն ստեղծելով: Այս իմաստով անցած շաբաթ եզակիորեն ճիշտ արտահայտվեց էկոնոմիկայի նախարարը. Ցանկացած, անգամ ամենափոքր շուկայի կորուստը շրջափակման պայմաններում ապրող երկրի համար կարող է օրհասական լինել: Հավելեմ, որ օրհասական է լինելու նաև արտաքին տնտեսական կապերը խթանելու ցանկացած` նույնիսկ չնչին, հնարավորության չօգտագործումը: Այս իմաստով անհրաժեշտություն եմ տեսնում ազատ առևտրի պայմանների վերաբերյալ անհապաղ երկխոսություն սկսելու ո’չ միայն անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի, այլև Լիբանանի, Իրաքի, Սիրիայի, Հորդանանի հետ: Մեր քաղաքակրթական նույնականացումը վերջին հաշվով պետք է ամրագրել նաև տնտեսական առաջնայնություններով: Ի դեպ` այս նախաձեռնությունը կարելի և հնարավոր է իրականացնել նաև Մաքսային միության շրջանակներում:
պահին առկա տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ որոշումը ընդունվել է ավելի շատ աշխարհաքաղաքական, քան տնտեսական առաջնահերթություններից ելնելով: Էկոնոմիկայի նախարարն անգամ փաստեց, որ վերջնական հաշվարկներն արված չեն` թե’ Մաքսային միության և թե’ Եվրոպական ազատ առևտրի համաձայնագրի պայմանների համար: Սակայն ընդունենք, որ անգամ տնտեսական հաշվարկների բացակայության պայմաններում նման աշխարհաքաղաքական որոշումն հասկանալի և ընդունելի կարող է լինել: Իմ կարծիքով, ո’չ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի համար` Եվրոպական ազատ շուկայի հետ հնարավորինս սերտ ինտեգրվելը առաջնային շահ է: Եվ միայն պաշտոնական Եվրոպայի անունից բանակցություններն իրականացնող պաշտոնյաների անհեռատես, կամ`կամ տրամաբանությամբ դրվածքն էր, որ ստեղծեծ նման հակադրություն և հակազդեցություն Ռուսաստանի կողմից:
Վերջին հաշվով, Ռուսաստանի մոտեցումը պարզ է. այո, ինտեգրում, բայց ուժեղ, այլ ոչ թե
թույլ տնտեսության դիրքերից: Եվ այդ ուժեղ համատեղ տնտեսության կառուցմանն է, որ մեզ հրավիրում են: Թույլ տնտեսությունների` Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, այժմ` Սերբիայի եվրոպական ինտեգրման փորձը հաշվի առնելով պետք է փաստենք, որ նման ինտեգրումը ազգային ինքնության պահպանմանը գոնե չի նպաստում: Իսկ ինչու՞ չփորձել օգտվել Ռուսաստանի ռեսուրսային հնարավորություններից և ահռելի մեծ և մեզ համար ծանոթ շուկայից: Չէ՞ որ մենք ինչպես չկանք, այնպես էլ տեսանելի ժամկետում (անգամ եվրոշուկային անդամագրվելու դեպքում) ներկայացված չենք լինելու եվրոպական առաջատար երկրների շուկաներում` ճիշտ այնպես, ինչպես այնտեղ ներկայացված չեն թվարկված երկրները` իրենց ապրանքատեսակներով: Ստեղծված իրավիճակում լավագույն ելքն է առավելագույնս օգտագործել Մաքսային միության հնարավորությունները` սեփական տնտեսական դիրքերի ամրապնդման համար: Մենք ոչինչ չենք կորցնում. չէ՞ որ Եվրոպան անգամ իր հետ ազատ առևտրի ռեժիմում գտնվող Թուրքիային չկարողացավ պարտադրել սահմանները բացել Հայաստանի հետ, իսկ Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը անգամ դրական գործոն կարող է հանդիսանալ. Մենք կարող ենք բանակցել և ստանալ Մաքսային միությանը անդամակցելու արտոնյալ պայմաններ` հատկապես ներմուծման մաքսատուրքերը չբարձրացնելու իմաստով, քանի որ Հայաստանի տարածքից այլ երկրներում արտադրված ապրանքների` դեպի Ռուսաստան ներթափանցման որևէ վտանգ գոյություն չունի:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների առկա վիճակին, ապա ցանկալի կլիներ դրանք, իհարկե բարելավել: Խոսքը գնում է և’ Հայաստանում ներկայացված ռուսաստանյան բիզնեսի ընդհանուր առմամբ արդյունավետության բարձրացման, և’ էներգակիրների ներկրման առավել բարենպաստ պայմաններ ստանալու, և’ Ռուսաստանի տարածաշրջանային (հատկապես` ռուս-իրանական, ռուս-իրաքյան, նաև ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական) համագործակցության ծրագրերում Հայաստանի առավելագույնս ընդգրկման կամ նվազագույնը Հայաստանի շահերի պաշտպանության տեսանկյունից:
Ես չեմ անդրադառնա այստեղ հայ-բելառուսական կամ հայ-ղազախական տնտեսական համագործակցության առանձնահատկություններին` ծավալային առումով դրանց չնչին լինելու պատճառով:
Ամփոփեմ ասածս.
Երկրի տնտեսական ինտեգրումը որևէ գործող, կամ նոր ստեղծվող տնտեսական միությանը, անգամ առանձին երկրների` օրվա հրամայական է: Ինտեգրման ցանկացած մոդելում մեզ համար առաջնայինը պետք է լինի ազգային և պետական ինքնության և ինքնիշխանության պաշտպանությունը և զարգացումը: Նշված ինքնության հստակ ձևակերպումը հույժ կարևոր է, իսկ դրա աղավաղումը` հույժ վտանգավոր:
Ազգային և պետական ինքնության և ինքնիշխանության պաշտպանության և զարգացման, շահերի ներկայացման և պաշտպանման համար ամենագործում միջոցն է օտար լեզուների տիրապետումը, այլ մշակույթներին հաղորդակից լինելը: Մեր իրավիճակից և առանձնահատկություններից ելնելով, առաջնայնության կարգով մենք պետք է տիրապետենք ռուսերենին և անգլերենին: Ընդհանրապես, ԵՌԱԼԵԶՈՒ հասարակության ստեղծումը պետք է լինի ամրագրված որպես մեր ազգային և պետական առաջնահերթություն:
Տնտեսական ինտեգրման այս կամ այն մոդելի ընտրությունը կարող է պայմանավորված, կամ անգամ կանխորոշված լինել աշխարհաքաղաքական գործոնով: Այս պարագայում մեզ մնում է առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները: Մաքսային միությանը Հայաստանի անդամագրումը չպիտի ենթադրի այլ ուղղություններով ազատ առևտրի բանակցային գործընթացների սառեցում: Հակառակը` կարելի է և պետք է նախաձեռնել այլ ուղղությունների բացում, անգամ Մաքսային միության շրջանակներում:
Հայաստանը, բարեկամներ, իրոք որ հատուկ դեպք է այս բոլոր գործընթացների համատեքստում, ինչը մեզ ոչ միայն լրացուցիչ դժվարություններ է հարուցում, բայցև նոր ու յուրահատուկ հնարավորություններ ընձեռում: Խելոք կլինենք, եթե օգտվենք այդ հնարավորություններից»:
Ի դեպ, Ա.Դարբինյանը նա նշեց, որ համալսարանի տարեկան գիտաժողովի ընտրված օրը որևէ կապ չունի թե’ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի, և թե’ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի հետ. «Մեր Գիտաժողովը, ինչպես և ամեն տարի, մենք բացում ենք դեկտեմբերի առաջին երկուշաբթի օրը` անկախ այլ հանգամանքներից»: