Փաշինյանը չգիտի՞, որ ՀՀ-ն ՇՀԿ-ում ոչ թե դիտորդ է, այլ երկխոսության գործընկեր

Այսօր Նիկոլ Փաշինյանն  իր մեծ ասուլիսի ընթացքում անդրադարձավ ՀՀ իշխանությունների՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու  վերջերս հրապարակված որոշմանը: Նա նշեց, որ Հայաստանը  դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար, և դա տեղավորվում է ՀՀ բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ:

«Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Ի դեպ, մենք այդ կազմակերպությունում ունենք դիտորդի կարգավիճակ։ Այսինքն՝ այնպես չէ, որ մենք զրոյական վիճակից, այնտեղ բարև-բարլուս էլ չունենք ու հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք  դառնում։ Ընդ որում, սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային ու կառուցվածքային փոփոխությունների հետ, որովհետև նաև քննարկվում է դիտորդի կամ ասոցացված անդամի կարգավիճակները վերացնելու մասին։ Սա միակ և ամենամեծ պատճառը չի, բայց պատճառներից մեկն է։

Եվ ես, ինչպես ասում եմ, որ Հայաստանը սպասված գործընկեր է թե՛ Հյուսիսում, թե՛ Հարավում, թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում, սա պետք է գործնական արտահայտություն ունենա: Մենք էլ մեր հերթին ուզում ենք գործընկերություն թե՛ Հյուսիսում, թե՛ Հարավում, թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում և դրա արտահայտությունը»,- նշեց Փաշինյանը:

Սակայն ուշագրավն այն է, որ Փաշինյանը, որի իշխանությունն օրերս է հայտարարել այն մասին, որ Հայաստանը ՇՀԿ անդամակցության հայտ է ներկայացնում, նույնիսկ տեղյակ չէ, թե ներկայումս ինչ կարգավիճակ ունի Հայաստանի Հանրապետությունն այդ կազմակերպությունում: Իրականում,  ՀՀ-ն ՇՀԿ-ում երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունեցող երկիր է, ինչպես Ադրբեջանը, Թուրքիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և մի շարք այլ երկրներ: Ի դեպ, այս տեղեկատվությունը կա՝ ինչպես ՇՀԿ պաշտոնական կայքում, այնպես էլ՝ ՀՀ ԱԳՆ կայքէջում

Կարդացեք նաև

«2015թ. հուլիսի 10-ին Ուֆայում կայացավ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին ելույթով հանդես եկավ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը: Ուֆայի գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին որոշումը: Հայաստանի Հանրապետությանը ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին հուշագիրը ստորագրվեց 2016թ. ապրիլի 16-ին ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում գտնվող ՇՀԿ կենտրոնակայանում»,- նշված է ՀՀ-ՇՀԿ համագործակցության մասին ՀՀ ԱԳՆ կայքում տեղակայված տեղեկագրում:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին Պեկին պաշտոնական այցի շրջանակներում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել, թե Հայաստանը հայտ է ներկայացրել ՇՀԿ-ին անդամակցելու համար: Նա հարցազրույց էր տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը և նշել, թե Հայաստանը ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր է, և կազմակերպության հիմնարար սկզբունքները շատ կարևոր են Հայաստանի համար։  «Մենք որոշել ենք ընդլայնել, մեծացնել մեր մասնակցությունն այս կազմակերպությունում։ Ի դեպ, սա նաև  հայկական և չինական պատվիրակությունների միջև  քննարկումների, բանակցությունների թեմաներից մեկն էր։ Մենք հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը՝  ցանկությունը մեծացնել մեր դերն այս կազմակերպությունում։ Եվ հուսով ենք, որ մեր այս ձգտումները կողջունվեն անդամ պետությունների կողմից»,- Պեկինում տված հարցազրույցում նշել էր Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս