
Պաշտոնական ո՞ր տեսակետն ընդունենք՝ ՀՀ ինքնիշխան տարածքն օկուպացվե՞լ է թշնամու կողմից, թե՞…

Նիկոլ Փաշինյանի՝ «Սրբազան շարժման» առաջնորդին և մասնակիցներին ահաբեկչական գործողությունների մեջ մեղադրելուց և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ինչ-ինչ ձայնագրություններ հրապարակելուց հետո, ՔՊ-ական որոշ նախարարներ հարկ համարեցին ֆեյսբուքյան գրառումներ կատարել, որովհետև իրենց քաղաքական առաջնորդը գտնում է, որ նման քաղաքական գրառումներով ոչ մեկի անմեղության կանխավարկածն էլ չեն խախտում, քանի որ իրենք իրավական գնահատական չեն տալիս իրադարձություններին, այլ զուտ քաղաքական: Ֆեյսբուքյան գրառում կատարած նախարարների թվում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով, ի դեպ, «Սրբազան շարժման» հանրահավաքների օրերին չէր արձագանքում պարբերաբար Բագրատ Սրբազանի կողմից իր հասցեին հնչող հայտարարություններին:
Անկախ նրանից, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, ավելին՝ Սուրեն Պապիկյանը նաև կուսակցական է, ամեն դեպքում, պաշտպանական գերատեսչության ղեկավարի դեպքում նման քաղաքական գրառումն ընդունելի չէ, հատկապես, երբ ոչ բոլոր ՔՊ-ական նախարարներն էին նման գրառումներով իրենց հավատարմությունն ապացուցում Նիկոլ Փաշինյանին, և հատկապես, երբ այսօր ԳՇ պետը համարվում է պաշտպանության նախարարի տեղակալ, այսինքն՝ ինչ-որ առումով գործ ունենք բանակին տրվող անուղղակի հրահանգի հետ:
Գործող շատ զինվորականներ այսօր անցնում են տարբեր քրեական գործերով, բայց նրանց մեղքն ապացուցված չէ, արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարը նրանց դեռ չապացուցված և չհաստատված մեղադրանքի պրիզմայով է նայում: Հուսանք՝ ոչ:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ վերևում հիշատակված ֆեյսբուքյան գրառումից հետո 168.am-ը հուլիսի 3-ին գրավոր հարցում է ուղարկել նրան (քանի որ բանավոր հարց տալու հնարավորություն չկա)՝ հետևյալ հարցադրումներով.
1. 2021-2022 թվականներին Ադրբեջանի զինուժը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, և այս պահին օկուպացված է համարվում ավելի քան 200 քկմ տարածք: Այս ընթացքում Ադրբեջանի զինուժն ամրացել է ՀՀ ինքնիշխան տարածքում, և եղել են դեպքեր, երբ ՀՀ օկուպացված տարածքում կառուցած դիրքից է ադրբեջանական կողմը խախտել հրադադարի ռեժիմը և կրակոցներ արձակել, եթե հաշվի առնենք նաև ադրբեջանական ցեղասպան գործողությունները և ռազմական հանցագործ գործողությունները, արդյո՞ք Դուք, պարոն նախարար, համարում եք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում գոյություն ունի ահաբեկչական զինված խումբ, որը ներքին և արտաքին սպառնալիք է հանդիսանում ՀՀ քաղաքացիների անվտանգության և արդեն խախտված տարածքային ամբողջականության համար:
Ի դեպ, 2022 թվականի տարեվերջին Դուք ի պատասխան ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրավոր հարցման՝ պատասխանել էիք՝ «թշնամու կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված է ընդամենը 139.24 կմ տարածք»:
Այսօր էլ ե՞ք Ադրբեջանին թշնամի պետություն համարում, ի վերջո, ՀՀ ինքնիշխան տարածքից չի հեռացել ադրբեջանական զորքը, և Ադրբեջանի նախագահը չի հրաժարվել սպառնալիքի լեզվով խոսելուց: Եվ վերջապես տերմինները և ձևակերպումները շատ բանի մասին են խոսում:
Մոտ երկու շաբաթ հետո՝ հուլիսի 16-ին մեզ ուղարկած իր գրության մեջ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խուսափել է հստակ և ուղիղ պատասխաններից:
«Հայտնում ենք, որ նշված հարցերի վերաբերյալ բազմիցս հնչել են պաշտոնական հայտարարություններ, տրվել հաղորդագրություններ, հավելելու որևէ բան չունենք»,- նշվում է ՊՆ գրության մեջ:
Նախ մենք, և առհասարակ որևէ մեկը, ըստ էության, Սուրեն Պապիկյանին ուղիղ հարց չի ուղղել՝ արդյո՞ք ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքն ահաբեկչական խմբավորում է, երկրորդ՝ 2022 թվականին Սուրեն Պապիկյանը պաշտոնապես Ադրբեջանին անվանել է թշնամի, երրորդ, Նիկոլ Փաշինյանը և նրա հրահանգով՝ իր քաղաքական թիմը պարբերաբար քաղաքական գնահատականներ է փոխել Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված։ Օրինակ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան մեղադրվում էր ահաբեկիչներին հովանավորելու մեջ, Ադրբեջանը՝ 44-օրյային և դրանից հետո դեռ որոշ ժամանակ ցեղասպան գործողություններ իրականացնելու և նման մտադրություն ունենալու, հիմա ո՞ր ժամանակահատվածի պաշտոնական տեսակետն ընդունենք ի գիտություն: Հիմա կոնկրետ Սուրեն Պապիկյանը մնացել է 2022 թվականի դիրքորոշմա՞նը, թե՞…
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ «թավշյա հեղափոխականների» երազանքները սկզբում հիմնված էին 42.000 քկմ տարածքի վրա, հետո դա դարձավ 29.800 քկմ, հետո՝ 29.743 քկմ: Իսկ այս տարվա փետրվարին 168.am-ը գրել էր, որ ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ:
«Մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետև վերը նշված կանոնակարգն արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը, և սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական և առարկայական հնարավորություն կա»,- «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերտառությամբ հոդվածում խոստովանել էր Փաշինյանը:
Հավելենք, որ վերջին օրերին մամուլում շրջանառվում է Արամ Զավենի Սարգսյանի այն մեկնաբանությունը, որտեղ նա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի չափը նշել է 29.400 քկմ:
Որքանո՞վ է Արամ Սարգսյանի ասածը համապատասխանում իրականությանը՝ պարզ չէ։ Բայց Փաշինյանը մի առիթով, այսպես ասած՝ «հասկացրել է», որ օկուպացված 200 քկմ-ն մտնում է իր հայտարարած 29.743 քկմ-ի մեջ, այսինքն, ինչպես նշեցինք, փաստացի ՀՀ վերահսկողության տակ գտնվում է 29.743 քկմ-ից պակաս տարածք: