
Նիկոլի սուրբ երրորդությունը դավաճանությունը, կեղծավորությունն ու սրբապղծությունն են. Աննա Մկրտչյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը անդրադառնալով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ Արմեն Աշոտյանի վերաբերյալ դիտարկումներին, ասաց.
«Նիկոլը շարունակում է դեռ լսել պարոն Աշոտյանի մասին, ինչն իրեն նյարդայնացնում է։ Կարծում եմ՝ իր ասած վնգստացող դատավորներին էլ է հստակ ազդակ, որ՝ «քաղաքական բանտարկություններն ու հալածանքները ձեզ մոտ ոնց որ թե լավ չեն ստացվում, իմ սրտով չեն, քանի որ պարոն Աշոտյանը դեռ հոդվածներ է գրում, խոսում է, ու ես դա լսում եմ, ինձ դա նյարդայնացնում է»։ Այսօր հստակ ասաց, որ այդ քաղաքական հալածանքները պետք է ուժգնանան։ Նիկոլի վնգստացող դատավորներն անպայման աչալուրջ կլինեն այս խոսքերին, և կալանքի փոփոխության ժամանակ չզարմանաք, որ լինի Արմեն Աշոտյանի կալանքի փոփոխություն, որ արգելվի նրան իր փաստաբանների միջոցով լրատվականներին փոխանցել հոդվածներ»
Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, Աննա Մկրտչյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի սուրբ երրորդությունը կեղծավորությունը, դավաճանությունն ու սրբապղծությունն է․
«Սրա մասին էր այս ամենը։ Բոլոր նախադասությունները, որոնք ասվում են ինքնիշխանության ու անկախության մասին, լկտի ստի ու անբարոյականության դրսևորումներ են»։ Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը թուրքական ինքնավստահությամբ ծաղրում է հայերին բոլոր լրատվականների էկրաններից․ «Չկասկածեք՝ վաղը կկանգնի, կասի՝ ես ե՞մ Արցախը հանձնել, վարչապետն է հանձնել, ես ե՞մ ՀՀ-ն ծախել, վարչապետն է արել, ես ե՞մ նենց կառավարել ՀՀ-ն, որ հայտնվի թուրքական տիրապետության տակ, վարչապետն է կառավարել»։