
Ռեժիսոր Ջաֆար Փանահիի ֆիլմի երևանյան երկրորդ ցուցադրությունը՝ լեփ-լեցուն դահլիճում. հնարավոր է՝ այն երրորդ անգամ մատուցվի հանդիսատեսին

Իրանական կինոյի ամենահետաքրքիր ու ինքնատիպ ռեժիսորներից մեկը՝ Ջաֆար Փանահին, անակնկալ մատուցեց իր ֆիլմերի երկրպագուներին՝ այս տարի ևս գալով Հայաստան՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։Փառատոնը մեկնարկեց նրա «Մի պարզ պատահար» ֆիլմի ցուցադրությամբ, որն ամիսներ առաջ Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին էր արժանացել։
Պարզվեց՝ անգամ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճը բավականին մեծ չէ Փանահիի կինոարվեստը գնահատողներին հյուրընկալելու համար։ Շատերը ֆիլմը դիտեցին հատակին նստած։ Այդ փաստը փառատոնի կազմակերպիչներին բերեց այն եզրակացության, որ պետք է բանակցել կինոնկարի երրորդ ցուցադրություն կազմակերպելու շուրջ։Ցուցադրությունից առաջ Ջաֆար Փանահին բարձրացավ բեմ և հիշեցրեց, որ 21-րդ «Ոսկե ծիրան»-ի ժամանակ Երևանում էր, սակայն այլ հոգեվիճակում և պայմաններում։
«Նկարահանումների ավարտն էր մոտենում, երբ պատկան մարմինները ներխուժեցին նկարահանման տաղավար և արգելեցին շարունակել մեր աշխատանքը։
Փառատոնին մասնակցելու հրավեր ստացել էի մինչ ֆիլմի ավարտը, բայց կարծում էի՝ նկարահանման պատճառով չեմ կարողանա գալ։ Կարծում եմ՝ փառատոնի կազմակերպիչներն ինչ-որ համաձայնության էին եկել նկարահանումն արգելող մարդկանց հետ, ինչի արդյունքում ես եկա»,-կատակեց ռեժիսորը։
«Մի պարզ պատահար» կինոնկարն անդրադառնում է անհատների, որոնք անարդարության զոհ են դարձել։ Նրանք փորձում են ապրել, առաջ շարժվել, նոր կյանք սկսել, սակայն անցյալը ներխուժում է նրանց կյանք ու փոխում բոլոր ծրագրերը։ Փանահին կարողացել է լրջագույն իրավիճակներն ու խնդիրները ներկայացնել այնքան հետաքրքիր ու առաջին հայացքից պարզ կինոլեզվով, որ ֆիլմը դիտելիս հաճախ ժպտում ես, երբեմն էլ՝ ծիծաղում։
Փանահին ֆիլմի ցուցադրությունը նվիրեց դերակատարներին և իրական հերոսներին, որոնք երկար տարիներ բանտարկված են։ «Սա մի փոքրիկ պատմություն է Իրանի բանտարկյալների մասին»,-ընդգծեց ռեժիսորն ու հավելեց՝ ֆիլմը նաև նվիրում է Իրանի քաջ կանանց, որոնք պայքարում են կանանց ազատության և կյանքի համար։
Նախորդ տարի «Ոսկե ծիրան»-ի շրջանակում Ջաֆար Փանահիին շնորհվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար: Փանահիին երկիրը լքելու 15 տարվա արգելքից հետո էին թույլ տվել դուրս գալ Իրանից։ Նրա ներկայությունը փառատոնին դարձավ ոչ միայն մշակութային իրադարձություն, այլև՝ քաղաքական և մարդկային հաղթանակ։Հայտնի ռուս կինոգետ Անտոն Դոլինը, որն անցյալ տարի փառատոնի ժամանակ Երևանում ներկայացրեց Փանահիի մասին իր հեղինակած գիրքը, Կաննի 2025 թվականի իր ռեպորտաժում հատուկ ընդգծում է, որ Փանահիին հանդիպել է 2024-ի ամռանը «Ոսկե ծիրան»-ի օրերին։ Նա հրապարակում է լուսանկար և հիշում, որ «Ոսկե ծիրան»-ն է առաջին փառատոնը, որը հրավիրել է Փանահիին։ Այսպիսով՝ Փանահիի վերադարձը մեծ փառատոնների բեմեր սկսվել է Երևանից։