Արմեն Աշոտյանն առողջական խնդիր ունի. դատարանը թույլատրեց գնալ կլինիկա. Ուղեկցումների հարցը բաց է

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստի մեկնարկին պարզ դարձավ, որ Արմեն Աշոտյանը դատարանում չէ. ոստիկանության համապատասխան ծառայողները նրան չէին ներկայացրել դատարան՝ ռեսուրսների ոչ բավարար լինելու պատճառով: Այլ կերպ ասած՝ ՆԳՆ ծառայողների ծանրաբեռնվածության պատճառով Արմեն Աշոտյանը չէր ներկայացվել դատարան: Այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանի բացակայությամբ, բայց առընթեր հարցերի քննարկմամբ դատական նիստը շարունակվեց:

Այսօրվա դատական նիստին վկաների հարցաքննությունը շարունակվում է:  Հարցաքննվեց վկա Ալեքսան Հովհաննիսյանը, ով 2015թ. դրությամբ հանդիսացել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, ուսխորհրդի փոխնախագահ։

Վկան նշեց, որ մեղադրյալներին բոլորին ճանաչում է` բացառությամբ Ռոլանդ Դավթյանի։ Ասաց, որ գործին ծանոթ է նախորդ հարցաքննությամբ պայմանավորված, տեղյակ է` հանգստյան տուն ձեռք բերելու ինչ-ինչ դրվագների մասին է։

Կարդացեք նաև

Մեղադրող դատախազը վկայից հետաքրքրվեց խորհրդի լիազորությունների մասին, ի՞նչ է արել խորհուրդը հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության համատեքստում, միջամտության ի՞նչ աստիճան է ունեցել։ Նա ի պատասխան` նշեց, որ 2015թ.-ին եթե հարցը տային, ավելի ստույգ կպատասխաներ։ Ամեն դեպքում նշեց, օրինակ, գումարի սահմանաչափի մասին դրույթը։

«Ընդհանուր առմամբ հարցերը որ քննարկվում էին, որոշումները կայացվում էին քվեարկությամբ,-  հավելեց նա, ապա անդրադառնալով 2015թ. նիստերի քանակի ու պարբերականության մասին դատախազի հարցադրումներին` նկատեց, որ չի հիշում,- Չեմ հիշում, որովհետև այդ ժամանակ ես նաև գիտխորհրդի անդամ էի, անընդհատ նիստեր էին»։

Վկան հանրային առողջապահության մասնագետ է, բժիշկ:

Թե ի՞նչ է հայտնի Ծովասարից բնակարանների ձեռքբերման մասին՝ հաջորդ հարցին արձագանքելով` նա նշեց՝ եղել է Ծովասարում, եթե չի սխալվում` արտագնա նիստի։ Արդյո՞ք խորհրդում քննարկվել է` հարցին էլ նա պատասխանեց` կարծում եմ, միանշանակ քննարկված կլինի։

Քանի որ մեղադրանքի կողմի վկան շատ դրվագներ չէր հիշում, դատախազը միջնորդեց հրապարակել վկայի հարցաքննությունը։

Վկայի հարցաքննությունից հետո Արմեն Աշոտյանի պաշտպան Հաբեթ Մարտիրոսյանը միջնորդեց դատարանին թույլ տալ, որ Արմեն Աշոտյանը կարողանա այցելել ատամնաբուժարան:

Դատարանն ասաց՝ ինքը խնդիր չի տեսնում, պարզապես ուղեկցումների հարցը կա. ոստիկանությունը նման իրավիճակներում ուղեկցում այլևս չի կատարում:

«Այդ դեպքում մարդու՝ առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրացումն իմ դեպքում ով պիտի ապահովի՝ ոստիկանությո՞ւնը թե՞ մեկ ուրիշ մարմին: Եթե ինձ չուղեկցեն, ու ես առողջական վիճակի սրացում ունեցա, ի՞նչ անեմ»,- արձագանքեց Արմեն Աշոտյանը:

Ամեն դեպքում դատավոր Դոլմազյանը բավարարեց միջնորդությունը, ասաց՝ գրություն կուղարկեն՝ ինչպես կլինիկային, այնպես էլ՝ ոստիկանությանը:

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 29-ին՝ ժամը 10:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս