
Փաշինյանը ժամանակից շուտ է ծերանում. քանի դեռ ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է ադիբուդին, ոչ թե Աբու Դաբին, ոչինչ չի փոխվելու. Արմեն Աշոտյան
Փաշինյանը ժամանակից շուտ է ծերանում. քանի դեռ ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է ադիբուդին, ոչ թե Աբու Դաբին, ոչինչ չի փոխվելու. Արմեն Աշոտյան
«Փաշինյանը ժամանակից շուտ է ծերանում, որովհետև 2 տարի առաջ էս օրերին, երբ ես կալանքի տակ էի, առողջություն մաղթեց: Չնայած այսօր այնքան бред, զավեշտ, սուտ ու մանիպուլյացիա ենք լսել, որ իմ հարցն ամենաստից հարցն է»,- այսօր դատական նիստից հետո 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե այսօր տված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այնպես է իրեն պահել, ասես Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթից տեղյակ չէ:
Անդրադառնալով հարցին՝ ինչպես է տեսնում իր և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումը, Աշոտյանը նախ իր սատարումը հայտնեց 30-ից ավելի քաղբանտարկյալներին, որոնց մեջ, ցավով նշեց, որ կան հոգևորականներ ու կին, և շեշտեց, որ այս տարիների ընթացքում ընդդիմությանն ու հասարակությանը չի հաջողվել մշակել քաղբանտարկյալների ազատության համար պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմ:
«Ամեն քաղբանտարկյալ մնում է իր քաղաքական ընտանիքի, ընկերների, իրեն ճանաչող ԶԼՄ-ների հույսին, ընդդիմությունը սկսում է քաղբանտարկյալների պարագայում свой-чужой խաղալ: Եվ ցավոք, ոչ միայն Նիկոլին չեն կարողացել հեռացնել, այլև քաղբանտարկյալների իրավունքների, դրսում ներկայացվածության, պաշտպանության հարցը լուծել»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ իմպիչմենտը մնում է որպես քաղաքական մրցունակ օրակարգ, և, որ ընդդիմադիր մյուս գործընկերների կոնտր արգումենտները չեն դիմանում քննադատության, և առհասարակ ներընդդիմադիր գզվռտոցը լրիվ այլևս ժամանակավրեպ է»,- ասաց Արմեն Աշոտյանը:
«Երբեք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն այսքան ցինիկ, դատարկ չեն եղել, ինչպես այսօր, այնքան չեն հակասել Հայաստանի շահերին, ինչպես այսօր: Քանի դեռ մեր ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է ադիբուդին, քան թե Աբու Դաբին, որևէ հարց չի լուծվելու: Այսօր Նիկոլն էլ ասուլիսին ասաց՝ դեմ եք ինձ, փոխե՛ք: Ժողովուրդ ջան, այսինքն՝ ինքը քո լռությունը ոչ թե ընդունում է որպես հոգնածության ու հիասթափության, այլ իր հետ համաձայնության նշան»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանքի» վերահսկողության արտապատվիրակմանը, Արմեն Աշոտյանը դրա փաշինյանական մեկնաբանությունը զավեշտ որակեց:
«Աբսուրդ է, որ էդ աթոռին նստած մարդը, թեկուզ կարևոր, բայց ենթակառուցվածքը համեմատում է աշխարհաքաղաքական ֆենոմենի հետ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: