Խնդիրը քաղաքական է, սրանք դեռ «ծաղիկներն են»․ տնտեսագետը՝ ծաղիկների արտահանման խնդիրների մասին

Կոնյակագործների արտահանման խնդիրների ցավն արդեն պատել է ծաղկագործներին․ հունիսի 27-ից սկսած՝ ջերմոցատերերը, ծաղիկ արտադրողները կանգնել են փակուղու առջև,  չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան՝ ռուսական կողմի առաջ քաշած նոր պայմանների պատճառով, մինչդեռ իրենց արտադրանքի 95 տոկոսը հենց ՌԴ արտահանման համար է նախատեսված։

Նախօրեին Զվարթնոց համայնքի ծաղկագործները հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել՝ այդ կերպ իրենց վրա հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը, որոնք, ի դեպ, մինչ այս պահն անգամ չեն էլ հանդիպել մի քանի շաբաթում միլիոնավոր դրամների վնաս կրած ջերմոցատերերի հետ։

«15 տարի նման իրավիճակի չենք բախվել», «Ենթատեքստը քաղաքական է»,  «Վաղն Էջմիածնի բոլոր գյուղերն են պայթելու», «Մենք ուզում ենք, որ մեր հարցը լուծվի, մենք արհամարհված չլինենք, մենք փաստացի արհամարհված ենք։ Էս պետությունը՝ վարչապետից բռնած մինչև էս վիդեոյի տակ քոմենթ գրող, բոլորն էլ սնվում են մեր քրտինքից»․․․ այս և այլ կոչերով էին նրանք հավաքվել՝ շեշտելով, որ խնդրի լուծումներ չլինելու պարագայում անցնելու են գործողությունների։ ՍԱՏՄ ներկայացուցիչն ակցիայի մասին տեղեկանալով՝ ժամանել էր զրույցի, սակայն բողոքող քաղաքացիներին չբավարարեցին հնչած պատասխանները։

ՍԱՏՄ-ից հրավիրեցին խնդրով քննարկման․ քննարկումից հետո դարձյալ դժգոհություններ էին առկա, քննարկման մասնակիցներից մեկը նշեց՝ իրենք այսօր դարձյալ հավաքվելու են Զվարթնոցում՝ հետագա քայլերը որոշելու համար։

Կարդացեք նաև

Որ խնդիրը քաղաքական է, պնդում է նաև տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը և 168am-ի հետ զրույցում թվարկում դրա պատճառները․

«Վերջին տարիներին, փաստ է, որ ՀՀ ժամանեցին բազմաթիվ ռուսաստանցի ռելոկանտներ, որոնք գրանցեցին կազմակերպություններ, ստեղծեցին  աշխատատեղեր, ինչի մասին բազմիցս խոսվել է։ Բայց ի՞նչ արեցին ՀՀ իշխանությունները․

– ի՞նչ պատճառաբանությամբ զանգվածաբար փակվեցին ռուսաստանյան հիմնադիրներ ունեցող կազմակերպությունների բանկային հաշիվները,

– ի՞նչ պատճառաբանությամբ էին բանկերն արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից պահանջում այնպիսի փաստաթղթեր, որի իրավունքը չունեին․ մասնավորապես, փաստաթղթեր, որոնցով կհիմնավորվեր, որ ՀՀ-ից արտահանվող այս կամ այն ապրանքը սանկցիոն ապրանք չէ՝ այն պարագայում, երբ ՀՀ-ն համարվում է ԵԱՏՄ անդամ, երբ ՀՀ-ն պաշտոնապես չի միացել ռուսական ակցիաներին,

– ինչո՞ւ ընդունվեցին այնպիսի իրավական ակտեր, որոնցով, ուղղակի թե անուղղակի, ՀՀ-ից սահմանափակվեց բազմաթիվ ապրանքատեսակների արտահանումը ՌԴ․ կա ՀՀ կառավարության 2023 թվականի 808 որոշումը, որտեղ սահմանված է ապրանքատեսակների ցանկ, որոնց արտահանումն արգելված է, որովհետև, իբրև թե,  սանկցիոն ապրանքներ են։ Իհարկե, ըստ օդում կախված լուրերի, ցուցումն իջեցվել է ԱՄՆ դեսպանությունից։

– ի՞նչ պատճառով ՀՀ-ն արգելեց «Միր» քարտերի գործածումը։ Նախկին ԱՊՀ անդամ-երկրներում չկա որևէ երկիր, որ արգելի «Միր» քարտերը։

Հիմա այսքանից հետո ինչո՞ւ ենք զարմանում, որ ՌԴ-ն անուղղակի սահմանափակում է  մտցնում ծաղկի ներմուծման համար»։

Հայկ Ֆարմանյանը ցավով արձանագրեց, որ եթե չլինեն դիվանագիտական ջանքեր, սա ունենալու է շարունակություն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Ռոսսելխոզնադզորն»  արգելել է Հայաստանի տարածքով երրորդ երկրներից ծաղիկների ներկրումը` դրանցում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով։ Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչություն՝ համալիր միջոցառումներ ձեռնարկելու և մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու խնդրանքով։

Նշվում էր նաև, որ առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս