Բաժիններ՝

«Ռաբիսի մեջքին քեռի, հոպարներ են կանգնած, որոնք միջնորդում են նրանց՝ ուր ասես հայտնվելը»

Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Ժամանակակից արվեստի թանգարանում նկարահանված` ռաբիս երգիչ Ռազմիկ Ամյանի տեսահոլովակին:

Հիշեցնենք, որ այն նկարահանվել էր թանգարանի մշտական ցուցասրահում, և ռաբիս երգի կադրերում որպես ֆոն օգտագործվել են թանգարանում առկա ցուցանմուշները: Հավելենք, որ թանգարանը գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ և «պաշտպանվում» է պետության լիազոր մարմնի կողմից: Սակայն պարադոքսն այն է, որ ռաբիսի դեմ առերևույթ պայքարող պետական մարմինը հարկատուների գումարներով ոչ թե իրականացնում է մշակույթի, արվեստի պահպանության և պաշտպանության գործառույթ, այլև՝ թույլ է տալիս արժեքներն օգտագործել էժանագին, ռեստորանային երգ ու երաժշտության մեջ: Օրեր առաջ մենք դիմել ենք Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանին՝ խնդրելով պարզաբանել կատարվածը, սակայն նա խոստացավ խոսել միայն հաջորդ շաբաթ, որը կներկայացնենք մեր թերթի առաջիկա համարներից մեկում:

Այս ամենի վերաբերյալ մենք զրուցեցինք նաև նկարիչներ Վահան Ռումելյանի և Լևոն Վարդանյանի (Լեո-Լեո) հետ:

«Իմ նկարները չեն ընտրվել` հետագայում Ռազմիկ Ամյանի հոլովակում ցույց տալու համար»
Vahan RumelyanՆկարիչ, աբստրակցիոնիստ Վահան Ռումելյանի նկարները նույնպես ցուցադրվում են թանգարանում, որոնք, ի դեպ, ընտրվել են թանգարանի նախկին տնօրեն Հենրիկ Իգիթյանի կողմից: Հեղինակները, որոնք իրենց աշխատանքները նվիրել են թանգարանին, պնդում են, որ դրանք հանդիսանում են պետական սեփականությունը, որը կառավարվում է Քաղաքապետարանի Մշակույթի բաժնի կողմից: Հիշեցնենք, որ Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվել է մեծ ջանքերի և պայքարի գնով, ընդ որում՝ Սովետական Միության երկրներում եղել է առաջինը: «Իմ աշխատանքներն ընտրվել են` որպես ժամանակակից արվեստի նկարչի գործեր, բայց չեն ընտրվել այն միտումով, որ հետագայում Ռազմիկ Ամյանի հոլովակով ցույց տան: Ես վստահ եմ, որ, եթե Հ. Իգիթյանը ողջ լիներ՝ այս ամենը տեղի չէր ունենա: Նախ` նշեմ, որ Ռ. Ամյանը՝ որպես երգիչ, ինձ համար գոյություն չունի, գոյություն չունի նաև երաժշտական ասպարեզում, որովհետև իր երգերն ինձ համար փոշի են: Ինձ համար անընդունելի է, որ թույլ են տվել թանգարանի ցուցանմուշները որպես ֆոն օգտագործել ռաբիս երգչի հոլովակում:

Կարդացեք նաև

Ամբողջ աշխարհի թանգարաններում նման երևույթներն արգելված են, դաշտը մաքուր է պահվում, և կատարվածն անթույլատրելի է»,- ասում է Վ. Ռումելյանը՝ մտավախություն հայտնելով, որ այսուհետ շատ ռաբիս երգիչներ իրենց հոլովակները պատկերավոր նկարահանելու համար փորձելու են ներխուժել այդ տարածք, ինչը վկայում է, որ մեր արվեստի դաշտը խեղաթյուրված վիճակում է: Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրված են նաև հայտնի նկարիչներ Հակոբ Հակոբյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի աշխատանքները. դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ նրանց արձագանքը, եթե ողջ լինեին և իրենց աշխատանքները տեսնեին այդ հոլովակի կադրերում: Վ. Ռումելյանը միանշանակ կարծում է, որ նրանք կըմբոստանային կատարվածի դեմ: Ըստ նրա՝ թանգարանի տնօրինությունը պետք է հեղինակների կամ նրանց հարազատների հետ համաձայնեցներ այդ քայլը, որի դեպքում, Վ. Ռումելյանի խոսքով, թե ինքը, և թե շատ այլ հեղինակներ, բնականաբար, դեմ կլինեին:

Աշխարհում հեղինակային իրավունքը պաշտպանվում է օրենսդրությամբ, իսկ թանգարաններում կամ գալերեաներում առկա ցուցանմուշները նկարահանումների նպատակով օգտագործելու համար պարտադիր կերպով փորձում են ստանալ հեղինակի համաձայնությունը, ընդ որում՝ գրավոր թույլտվությամբ: Սա, անշուշտ, վերաբերում է այն թանգարաններին և մասնավոր գալերեաներին, որոնք հեղինակների հետ ունեն գործընկերային, երկկողմանի պատասխանատվության շրջանակ: Մինչդեռ պետական թանգարաններում ցուցանմուշները պետական սեփականություն են, հետևաբար՝ որևէ պետություն խստագույնս պաշտպանում է իր սեփականությունը նման երևույթներից: Ստացվում է՝ ժամանակակից արվեստի թանգարանին նկարներ, քանդակներ նվիրած հեղինակներն իրենց սեփականությունը հանձնել են պետությանը՝ վստահ լինելով, որ պետական պահպանությունն իրենց հեղինակային իրավունքի ամենամեծ երաշխավորն է, և պետությունն ամենահուսալին է արժեքների պահպանման գործում, բայցգ

Վ. Ռումելյանի դիտարկմամբ՝ արվեստագետի խոսքն այսօր արժեք չունի. «Այնքան խեղաթյուրված է, այնքան աշխատանք կա անելու, և արդյունքում՝ ամեն մեկն իր ձևով ինչ ուզում` անում էգ Հայաստանում քաոսային վիճակ է: Այդ պատմությունը, որը ժամանակին զրկանքների գնով ստեղծել է արվեստագետը, այսօր այդ արվեստագետին բանի տեղ չեն դնում: Արվեստագետն իր ստեղծածին տեր է կանգնում և կրում է պատասխանատվություն: Բայց կան այլ օղակներ, որոնց գործունեությունն արվեստագետից կախված չէ, և իրենց պատասխանատվության շրջանակում է արվեստի դաշտում կարգ ու կանոն հաստատելը, սակայն անում են այն, ինչ ուզում են: Չկա պատասխանատվության շրջանակ, այսպես ասած՝ «դիսցիպլինա», և, երբ անհատ արվեստագետը խոսում է ճշմարտության մասին՝ ձեռք է բերում բազմաթիվ թշնամիներ, սկսում են ճնշել, թույլ չեն տալիս ցուցադրվել, և նա կորում, գնում է»:

«Պուգաչովան անգամ իր քիթը չի կարող մտցնել «Տրետյակովյան» սրահներ»
Leo-LeoՆկարիչ Լևոն Վարդանյանը վստահեցնում է, որ կատարվածը պետք է քննարկել հեղինակային իրավունքի դաշտում, քանի որ Ժամանակակից արվեստի թանգարանը, որն ունի պատմություն, պահպանում է մեծ արժեքներ (խոսքը վերաբերում է ոչ միայն արժեքների ֆիզիկական գոյությանն, այլև` այդ արժեքների մթնոլորտին), պետք է նախ` պահպաներ պատմության հեղինակային իրավունքը:

«Ո՞վ իրավունք ուներ այդ պատմությունը խաթարել… Հարցը սրելու համար պատկերացրեք նման իրավիճակ. հիմա Ռ. Ամյանն է եկել Ժամանակակից արվեստի թանգարան` իր հոլովակով, բայց պատկերացրեք` ժամանակակից արվեստի դաշտում մեծ ավանդ ունեցող նկարիչների գործերը հայտնվում են որևէ շոու-ակումբում`կամ ռեստորանում: Որքանո՞վ է հարիր Հակոբ Հակոբյանի կամ Գառզուի գործերը տեսնել ռեստորանում: Տեղերը փոխելիս` հարցի էությունը սրվում է, և խոսքը վերաբերում է անհամատեղելի երևույթներին: Եվ, եթե համատեղելի չէ, ուրեմն՝ ճշմարտության առաջ թող ոչ ոք չմեղանչի: Եթե այսօր այս հարցը ցավ է պատճառել ավանդ ունեցող, ստեղծագործող և ցուցադրվող մարդկանց, ապա նրանց կարծիքի հետ պետք է հաշվի նստել»,- ասում է Լ. Վարդանյանը՝ հավաստիացնելով, որ, թեև իր աշխատանքները ներկայացված չեն թանգարանի մշտական ցուցասրահում, այդուհանդերձ, տեղյակ է իր ընկերների՝ կատարվածից վիրավորված լինելու մասին: Նա թանգարանի տնօրինությանը հորդորում է իրենց ցուցասրահներում ներկայացված հեղինակների կարծիքի հետ հաշվի նստել:

Լ. Վարդանյանը հարց է հնչեցնում, թե որքանո՞վ ենք մենք գնահատում մեր անցյալը, որքանո՞վ ենք հոգ տանում մեր ներկայի մասին և ի՞նչ հույսեր ենք կապում ապագայի հետ. «Եթե նման հոլովակ է նկարահանվում նման պատմություն ունեցող թանգարանում, նման նկարիչների գործերի ֆոնին, արդյո՞ք ապագայի հանդեպ հույսը չի կտրվում: Հայերը սիրում են համեմատություններ անել, և նման մի օրինակ բերեմ. «Կուլտուրա» ալիքով, որը շատերս ենք հարգում, տեսնում ենք «Տրետյակովյան» շքեղ սրահները, ցուցադրված ժամանակակից արվեստը, և ասենք՝ Ալեգրովան կամ Պուգաչովան փոփ են երգում: Ոչ ոք չի կարող ասել, որ Պուգաչովան կամ Ալեգրովան ռաբիս են, կամ նրանց համեմատել Ռ. Ամյանի հետ, բայց խնդիրն այն է, որ Պուգաչովան անգամ իր քիթը չի կարող մտցնել «Տրետյակովյան» սրահ, էլ չեմ ասում՝ հոլովակ նկարելու մասին: Այնտեղ արժեքներ կան, որոնք փողով չես գնի»:

Լ. Վարդանյանի խոսքով՝ արվեստի սրահն ուղիղ համեմատական է տաճարի հետ, որտեղ նույնպես հոգևոր արժեքներ են պահպանվում, և այդ հոգևոր արժեքների պատմությունը պետք է արժեք լինի նաև մեր պետության համար: Նա նաև հիշեցնում է, որ Ժամանակակից արվեստի թանգարանի հիմքերը դրվել են Սովետական Միության ամենախիստ ռեժիմի պայմաններում և մեծ ջանքերի շնորհիվ: «Բոլորս էլ հեռուստատեսությամբ շատ պատահական ենք տեսել այդ հոլովակը և բոլորս էլ նույն զգացողությունն ենք ունեցել, և, եթե այդ նկարները ձեռք ու ոտք ունենային՝ կփախնեին, կգնային»,- ասում է Լ. Վարդանյանը՝ նշելով, որ, ի վերջո, թանգարանում ներկայացված աշխատանքները, որոնց հեղինակները ողջ չեն՝ կոպտորեն օգտագործվում են:

Մեր զրուցակից նկարիչներն՝ արտահայտելով իրենց դիրքորոշումը, ընդգծում են, որ այն ոչ մի դեպքում անձնավորված չէ և ոչ էլ թշնամական տրամադրվածության դրսևորում է: Պարզապես նրանք գտնում են, որ անթույլատրելի է նման երևույթները շրջանցելը:

«Ժամանակին աչք փակվեց Արամ Խաչատրյանի սրահի և շատ այլ արվեստի տարածքների վրա, որտեղ ռաբիսը ներխուժեց: Միևնույն ժամանակ՝ վստահ էինք, որ որոշ տարածքներ ռաբիսի համար փակ կլինեն, բայց, փաստորենգ Եթե այս ամենի վրա աչք փակենք, ապա Ռ. Ամյանի նման շատ երգիչներ կձգտեն կրկնել կատարվածը, և սա կդառնա ավանդույթ: Բան չունեմ ասելու՝ երգիչ է, պիտի երգի, երազի, բայց ինչո՞ւ պիտի հայտնվի Դեղձ Աշոտի կողքին: Ակամայից մտածում ես, որ ռաբիսի մեջքին քեռի, հոպարներ են կանգնած, որոնք միջնորդում են նրանց՝ որտեղ ասես հայտնվելը: Բայց բարձր տարածքներ կան, որոնք ամենամեծ փողի դեպքում էլ նրանց համար անհասանելի պիտի լինեն: 20 վայրկյանը բավական էր այդ հոլովակը նայելու և հասկանալու համար, թե որքան բան է խախտվել, տրոհվել, քայքայվել` այն նկարահանելու համար»,- ասում է Լ. Վարդանյանը՝ շեշտելով, որ որևէ այլ երկրում նման երևույթն անհետևանք չէր մնա:

Տեղի ունեցածն էլ ավելի պատկերավոր նկարագրելու համար նա ռաբիս երգի հոլովակը Ժամանակակից արվեստի թանգարանում նկարահանելը համեմատում է ամենագրագետ, նրբաճաշակ հագնված այն բարեկիրթ մարդու հետ, ով այդ հագուստի հետ «ծիծակ» կոշիկներ է կրում. «Սա հերթական սերիալն է, և ո՞վ թույլ տվեց այդ սերիալի մեջ օգտագործել շքեղագույն այդ պատմությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս