
ԱՄՆ-ն տարակարծիք է Եվրոպայի և Կիևի հետ. ԶԼՄ-ները՝ բանակցությունների մանրամասների մասին

Պաշտպանելով Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերելու Պուտինի առաջարկը՝ Թրամփը «շեղվել է» Ուկրաինայից և ԵՄ-ից, որոնք շարունակում են Մոսկվայից պահանջել անվերապահ հրադադար։ Այս մասին հաղորդում է New York Times-ը։
Թերթը նշում է, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը սառը ցնցուղ է դարձել Եվրոպայում։
Հաղորդվում է` իբր դրա դիմաց Պուտինն առաջարկել է հրադադար հաստատել ներկայիս առաջնագծի մյուս տեղամասերում և «գրավոր խոստում տալ՝ այլևս չհարձակվելու Ուկրաինայի կամ որևէ եվրոպական երկրի վրա»։
Բացի այդ, ըստ NYT-ի, ԱՄՆ նախագահը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ իր կարծիքով` Կիևի կողմից ամբողջ Դոնբասը ռուսական ճանաչելը կօգնի արագ հասնել խաղաղության համաձայնագրի։
Թերթը նաև հաղորդում է, որ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոն կատարելիք իր այցի ընթացքում ցանկանում է պարզաբանումներ ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկների վերաբերյալ. Կիևը չի հասկանում, թե ինչու է Թրամփը հանկարծակի հրաժարվել բանակցությունների մեկնարկից առաջ հրադադարի հասնելու իր պահանջից։
Նշվում է, որ Կիևի համար նաև ընկալելի չէ, թե ինչ անվտանգության երաշխիքներ կարող են տրամադրել ՆԱՏՕ-ի գործընկերները Ուկրաինային։