Բաժիններ՝

Ո՞վ էր Ռազմիկ Ամյանին թույլատրել տեսահոլովակ նկարահանել Ժամանակակից արվեստի թանգարանում (տեսանյութ)

Ամիսներ առաջ շոու-բիզնեսի ներկայացուցիչ, երգիչ Ռազմիկ Ամյանի տեսահոլովակը ներկայացվեց, որի նկարահանումներն իրականացվել էին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Ռաբիս այդ երգի տեսահոլովակը տեսնելով՝ մարդիկ իրենց տարակուսանքն էին արտահայտում՝ ինչպե՞ս կարելի էր նման բան թույլ տալ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Ոմանք այդ օրերին նույնիսկ նշեցին, որ երջանկահիշատակ Հենրիկ Իգիթյանը, ում ջանքերով ստեղծվել է այդ թանգարանը, երբեք նման բան թույլ չէր տա:

Աբստրակտ նկարիչ Գարիկ Կարապետյանը, ով օրերս է վերադարձել Ֆրանսիայից, որտեղ ցուցասրահներից մեկում  սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 20-ը կազմակերպվել էր իր անհատական ցուցահանդեսը, 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ռ. Ամյանի այդ տեսահոլովակի նկարահանմանը: Նկարիչը վստահ է, որ կան տարածքներ, որոնք պետք է ռաբիսի համար արգելված տարածքներ լինեն:

«Իմ վերաբերմունքը միանշանակ բացասական է, բայց սա ունի իր օբյեկտիվ պատճառը. ռաբիսն այնքան պաշտպանված ու պոպուլյար է Հայաստանում, որ կարող է ներխուժել ամեն տեղ: Հետևաբար՝ կարող են գալ և մտնել թանգարան: Նման երևույթներն անպայման պետք է արգելվեն: Տարածքներ կան, որոնք պարտավոր ենք մաքուր պահել: Այդ տարածքները հենց այնպես չեն ստեղծվել, դրանց վրա մեծ աշխատանք է տարվել, և այսօր ինչ-որ ռաբիս երգիչ կարող է մտնել այնտեղ ու հոլովակ նկարահանել՝ նկարներն իր համար որպես ֆոն օգտագործելով:

Դա անթույլատրելի է, նման բաները չպետք է կրկնվեն: Միևնույն ժամանակ՝ հասկանում եմ, որ սա պատահական չեղավ, ռաբիս երգիչներն իսկապես իրենց շատ լավ են զգում: Այդ թանգարանը շատ դժվարությամբ է ստեղծվել սովետական տարիներին, այդ լրջությունը, որ կար արվեստի նկատմամբ՝ նման ակցիաներով հավասարեցվում է հողին: Ստացվում է՝ ամեն տեղ հնարավոր է՝ անես այն, ինչ ուզում ես, չկա մի տեղ, որտեղ կա չափանիշ, և, եթե այդ չափանիշին չես համապատասխանում՝ այնտեղ մտնելու հնարավորություն չունես: Մեր երկրում պետք է լինեն արժեքներ, որոնք չեն վաճառվում»,- ասել է նկարիչը:

Կարդացեք նաև

Գ. Կարապետյանը համոզված է, որ այդ երևույթի դեմ պետք է իրենց դիրքորոշումն արտահայտեն նկարիչները, բոլոր արվեստագետները. «Այո, նկարիչները պետք է անկաշկանդ լինեն իրենց կարծիքը հայտնելու մեջ, որովհետև առաջինն այդ սխալի մասին արվեստագետը  պիտի արձագանքի, որպեսզի հասարակությունն էլ իր հերթին՝ իմանա, որ սխալ բան է տեղի ունենում: Մեր մտավորականների, արվեստագետների մեջ շատ քիչ են այն մարդիկ, որոնք իսկապես ասում են այն, ինչ մտածում են: Շատերն ասում են այն, ինչը հարմար է այդ պահին, իսկ դա բոլորին դժբախտություն է բերում»:

Գարիկ Կարապետյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս