6 պատերազմ, որոնց Չինաստանը պետք է մասնակցի առաջիկա 50 տարիներին. Wenweipo
Topwar.ru-ի փոխանցմամբ՝ չինական Wenweipo իշխանամետ թերթը հրապարակել է «6 պատերազմ, որոնց Չինաստանը պետք է մասնակցի հետագա 50 տարիներին» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Պլանավորված 6 պատերազմներն էլ ունեն միավորիչ նպատակներ, դրանց հիմքում ընկած է այն տարածքների յուրացումը, որոնց կայսերական Չինաստանը կորցրել է 1840-1842 թվականներին Բրիտանիայի դեմ ափիոնային պատերազմում: Պարտությունը հանգեցրեց Չինաստանի «հարյուրամյա նվաստացմանը»: Ներկայումս Չինաստանը չի հանդիսանում միասնական մեծ պետություն:
Դա չինացի ժողովրդի նվաստացում է, Դեղին Կայսեր որդիների համար՝ ամոթ: Հանուն ազգային միասնության ու արժանապատվության, Չինաստանը պետք է առաջիկա 50 տարիներին մղի 6 պատերազմ:
Դրանց մի մասը կրելու է տարածաշրջանային, իսկ մյուս մասը, հնարավոր է, տոտալ բնույթ: Կարևոր չէ, թե ինչպիսին կլինեն, դրանք բոլորն էլ անխուսափելի են չինական վերամիավորման համար:
Պատերազմ № 1 – Թայվանի հետ միավորում (2020-2025 թվականներ)
Մենք չպետք է երազենք Թայվանի վարչակազմի հետ խաղաղ միավորման մասին: Խաղաղ միավորումը չի համապատասխանում նրանց շահերին: Նրանց դիրքորշումը կայանում է ստատուս-քվոյի պահպանման մեջ: Թայվանի համար «անկախությունը» ավելի շուտ շաղակրատանք է, քան պաշտոնական հայտարարությունը, իսկ «միավորումը» խնդիր է բանակցությունների համար:
Թայվանի ընթացիկ վիճակը տագնապի աղբյուր է Չինաստանի համար: Չինաստանը պետք է մշակի առաջիկա 10 տարում՝ մինչև 2020 թվականը, Թայվանի հետ միավորման ռազմավարությունը: Ապա Չինաստանը պետք է վերջնագիր ներկայացնի Թայվանին՝ պահանջելով նրանից ընտրել խաղաղ միավորման (Չինաստանի համար ավելի նախընտրելի տարբերակ) կամ պատերազմի (հարկադիր միջոց) միջև մինչև 2025 թվականը:
Մտադիր լինելով իրականացնել միավորում՝ Չինաստանը պետք է նախապես ամեն ինչ պատրաստի երեք տարի առաջ: Երբ կգա ժամանակը, Չինաստանի կառավարությունը պարզապես կարող է ընտրել այս կամ այն տարբերակը՝ խնդիրը վերջնականապես կարգավորելու համար:
Վերլուծելով ընթացիկ իրավիճակը՝ պետք է ակնկալել, որ Թայվանը կզբաղեցնի անհնազանդ դիրքորոշում, և ռազմական կարգավորումը կհանդիսանա միակ լուծումը: Այդ միավորիչ պատերազմը կդառնա «Նոր Չինաստանի» համար առաջին ժամանակակից պատերազմը: Այդ ռազմական գործողությունները թեստ կդառնան չինական բանակի համար:
Չինաստանը կարող է հեշտությամբ հաղթել այդ պատերազմում կամ էլ ամեն ինչ կարող է ավելի դժվար ստացվել: Ամեն ինչ կախված կլինի ԱՄՆ-ի ու Ճապոնիայի միջամտության մակարդակից: ԱՄՆ-ն ու Ճապոնիան կարող են օգնել Թայվանին կամ էլ անգամ հարձակում իրականացնել չինական տարածքի վրա՝ ռիսկի դիմելով ներգրավվել և վերածել տոտալ պատերազմի:
Մյուս կողմից էլ եթե ԱՄՆ-ն ու Ճապոնիան մնան պարզապես դիտորդի դերում, ապա Չինաստանը կհաղթի հեշտությամբ: Այդ դեպքում Պեկինը 3 ամսում վերահսկողություն կհաստատի Թայվանի վրա: Անգամ եթե Ճապոնիան ու ԱՄՆ-ը միջամտեն այդ փուլում, ապա պատերազմը պետք է ավարտվի 6 ամսում:
Պատերազմ № 2 – Սպրատլի կղզիների վերադարձ (2025-2030 թվականներ)
Թայվանի միավորումից հետո Չինաստանը դադար կվերցնի 2 տարով: Վերականգնման շրջանում Չինաստանը վերջնագիր կներկայացնի Սպրատլի կղզիների շրջակա երկրներին, ինչը կսպառվի 2028 թվականին: Կղզիների ինքնիշխանությունը վիճարկող երկրները կարող են Չինաստանի հետ քննարկել այդ կղզիներում կատարած ներդրումների բաժնեմասի պահպանման հարցը, սակայն պետք է հանեն իրենց տարածքային հավակնությունները:
Եթե դա տեղի չունենա, ապա Չինաստանը պատերազմ կհայտարարի նրանց, նրանց ներդրումներն ու տնտեսական շահերը կարող են յուրացվել Չինաստանի կողմից: Այսօր Հարավ-արևելյան Ասիայի երկրներին արդեն իսկ սարսափեցնում են Թայվանի հետ միավորման հեռանկարները:
Մի կողմից նրանք կնստեն բանակցային սեղանի շուրջ, իսկ մյոս կողմից չեն ցանկանա հանձնել կղզիներում իրենց շահերը: Դրանով իսկ նրանք կզբաղեցնեն սպասողական դիրքորոշում և կհետաձգեն վերջնական որոշումը: Նրանք որոշում չեն ընդունի, մինչև որ Չինաստանը ձեռնամուխ չլինի կտրուկ գործողությունների:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը չի նստի ձեռքերը ծալած վիճակում և չի մնա դիտորդի դերում: Թայվանի օրինակը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը կարող է ուշ միջամտել հակամարտությանը, կամ էլ պարզապես ի վիճակի չի լինի կանգնեցնել Չինաստանին: Դա ԱՄՆ-ին պետք է սովորեցնի չափազանց բաց հակամարտության մեջ չմտնել Չինաստանի հետ:
Եվ այնուամենայնիվ, ԱՄՆ-ը նախկինի նման գաղտնի կօգնի Հարավ-արևելյան Ասիայի երկրներին, ինչպիսիք են Վիետնամն ու Ֆիլիպինները: Դրանք հենց այն 2 երկրներն են, որոնք շրջապատում են Հարավ-չինական ծովը, որոնք համարձակվում են մարտահրավեր նետել Չինաստանի գերիշխանությանը: Եվ այնուամենայնիվ, նրանք նախապես 2 անգամ կմտածեն նախքան Չինաստանի հետ պատերազմի մեջ մտնելը, եթե չձախողեն բանակցությունները և վստահ լինեն ԱՄՆ-ի ռազմական աջակցության մեջ:
Չինաստանի համար լավագույն ելքը Վիետնամի վրա հարձակվելն է, քանի որ Վիետնամը տարածաշրջանի ուժեղագույն ուժն է: Վիետնամի նկատմամբ տարած հաղթանակը կահաբեկի մյուսներին: Քանի դեռ պատերազմ է ընթանում, մյուս երկրները չեն ձեռնարկի ոչինչ: Եթե Վիետնամը պարտվի, ապա կղզիները կվերադարձնի Չինաստանին:
Իհարկե Չինաստանը կջախջախի Վիետնամին և իրեն կվերադարձնի բոլոր կղզիները: Դրանով իսկ Չինաստանը կկարողանա նավահանգիստներ կառուցել և զորքեր տեղակայել այդ կղզիներում՝ Խաղաղ օվկիանոսում իր ազդեցությունը տարածելու համար: Չինական ավիակիրներն այդ դեպքում ազատ ելք կունենան դեպի Խաղաղ օվկիանոս՝ երկրի շահերի պաշտպանության համար:
Պատերազմ № 3 – Հարավային Տիբեթի վերադարձ (2035-2040 թվականներ)
Չինաստանն ու Հնդկաստանն ունեն երկայնաձիգ սահման, սակայն նրանց միջև հակամարտության միակ կետը Հարավային Տիբեթի տարածքի մի մասն է: Չինաստանն արդեն վաղուց հանդիսանում է Հնդկաստանի երևակայական թշնամին: Հնդկաստանի ռազմական նպատակը Չինաստանին գերազանցելն է:
Հնդկաստանը թանկ է գնահատում ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրոպայի օգնությունը՝ կարծելով, որ կարող է պատերազմում հաղթել Չինաստանին: 20 տարի անց Հնդկաստանը ռազմական հզորության առումով հետ կլինի Չինաստանից, սակայն կմնա գերտերություններից մեկը: Եթե Չինաստանը փորձի գրավել Հարավային Տիբեթը, ապա դա կհանգեցնի որոշակի կորուստների:
Չինաստանի համար լավագույն ռազմավարությունը Հնդկաստանի փլուզմանը հրահրելն է: Մասնատված Հնդկաստանը որևէ հնարավորություն չի ունենա Չինաստանի հետ հակամարտությունում: Չինաստանը պետք է անի ամեն հնարավոր բան՝ հրահրելու համար Ասսամ և Սիկկիմ նահանգների կողմից անկախություն ձեռք բերելը՝ Հնդկաստանին թուլացնելու համար: Դա լավագույն ռազմավարությունն է:
Ռազմավարության երկրորդ մասն ամենաառաջադեմ զինատեսակների արտահանումն է Պակիստան՝ վերջինիս կողմից Հարավային Քաշմիրի գրավման և միավորման համար մինչև 2035 թվականը: Այն ժամանակ, երբ Հնդկաստանն ու Պակիստանը զբաղված կլինեն միմյանցով, Չինաստանը պետք է իրականացնի կայծակնային հարձակում Հնդկաստանի օկուպացրած Հարավային Տիբեթի վրա:
Հնդկաստանը չի կարող պատերազմել 2 ճակատով, և կարելի է կարծել, որ պարտություն կկրի երկուսում էլ: Եթե այս պլանը չընդունվի, ապա մնում է վատագույն տարբերակը. Հարավային Տիբեթն ուղիղ ռազմական գործողություններով վերադարձնելը: Առաջին 2 պատերազմից հետո Չինաստանն ուժ է կուտակել 10 տարի և դարձել է գերտերություն՝ տնտեսության զարգացման ու ռազմական ուժի տեսանկյունից:
Թայվանն ու Սպրատլի կղզիները վերադարձնելուց հետո Չինաստանը մեծ քայլ կգործի իր բանակի, ռազմաօդային, ռազմածովային, տիեզերական զորքերի զարգացման ուղղությամբ: Չինաստանը կլինի ամենաուժեղ ռազմական տերություններից մեկը՝ զիջելով թերևս միայն ԱՄՆ-ին: Այդպիսով Հնդկաստանը կկրի պարտություն:
Պատերազմ № 4 – Դյաոյույդաո (Սենկակու) կղզիների վերադարձ (2040-2045 թվականներ)
21-րդ դարի կեսին Չինաստանը հանդես կգա համաշխարհային ուժի դերում՝ Ռուսաստանի ու Ճապոնիայի անկման, ԱՄՆ-ի ու Հնդկաստանի լճացման, Կենտրոնական Եվրոպայի վերելքի ֆոնին: Դա կլինի ամենալավ ժամանակը՝ Դյաոյուդաո և Ռյուկյու կղզիները վերցնելու համար: Շատերին հայտնի է, որ Դյաոյուդաոն վաղեմի ժամանակներից հանդիսանում են չինական կղզիներ, սակայն չգիտեն, որ ճապոնացիներն անեքսիայի են ենթարկել Ռյուկյու կղզին (ներկայիս Օկինավա՝ ամերիկյան ռազմաբազայով):
Ճապոնացիները մոլորեցնում են, թե Ռյուկյու կղզին հին ժամանակներից հանդիսանում է ճապոնական կղզի: Ճապոնիան մեզ զրկել է Արևելա-չինական ծովի հարստություններից ու պաշարներից և բազում տարիներ ապօրինի օկուպացնում է Դյաոյույդաո և Ռյուկյու կղզիները: Կգա ժամանակը, և նրանք կվճարեն դրա համար: Պետք է ակնկալել, որ այդ ժամանակ ԱՄՆ-ը կարող է միջամտել, սակայն նա կլինի թուլացած, Եվրոպան կպահպանի լռություն, իսկ Ռուսաստանը ոչինչ չի ձեռնարկի և կմնա դիտորդի դերում:
Պատերազմը կարող է ավարտվել կես տարում՝ Չինաստանի ճնշող հաղթանակով: Ճապոնիան այլ ընտրություն չի ունենա, քան Դյաոյույդաո և Ռյուկյու կղզիները Չինաստանին վերադարձնելը: Արևելա-չինական ծովը կվերածվի Չինաստանի ներքին լճի: Ո՞վ կհամարձակվի մուտք գործել այնտեղ:
Պատերազմ № 5 – Արտաքին Մոնղոլիայի միավորում (2045-2050 թվականներ)
Այժմ ժամանակը չէ սկսելու համար Արտաքին Մոնղոլիայի միավորման մեծ գործը: Չինաստանը պետք է մինչև 2040 թվականը Հարավային Տիբեթի հարցը լուծելուց հետո ընտրի խմբեր, որոնք Մոնղոլիայում հանդես կգան միավորման օգտին, օգնի նրանց կարևոր պաշտոններ զբաղեցնել նրա կառավարությունում և Արտաքին Մոնղոլիայի միավորումը հռչակել Չինաստանի կենսական շահը:
Եթե Արտաքին Մոնղոլիայի միավորումը կարող է անցնել խաղաղ, ապա դա Չինաստանի համար կհանդիսանա լավագույն արդյունք: Սակայն եթե Չինաստանը հանդիպի արտաքին դիմադրության, ապա նա պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների: Այդ պարագայում օգտակար է Թայվանի մոդելը՝ վերջնագիր ներկայացնել մինչև 2045 թվականը:
Պետք է Արտաքին Մոնղոլիային տալ մի քանի տարի և մերժման դեպքում դիմել ուժի կիրառման: Մինչ այդ արդեն իսկ ավարտված կլինեն նախորդ 4 պատերազմները: Չինաստանը կունենա ռազմական, քաղաքական ու դիվանագիտական հզորություն՝ Արտաքին Մոնղոլիայի միավորման համար:
Թուլացած ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն համարձակվի գնալ դիվանագիտական բողոքներից ավելի: Եվրոպան կունենա խառնաշփոթ դիրքորոշում, իսկ Հնդկաստանն ու Կենտրոնական Ասիան կլռեն:
Միավորումից հետո Չինաստանը կարող է 3 տարի գերիշխել Արտաքին Մոնղոլիայում, իսկ միավորման գործընթացի ամբողջովին ավարտից հետո նրա սահմանին տեղակայել զորք՝ Ռուսաստանը վերահսկելու համար: Չինաստանից կպահանջվի 10 տարի՝ սովորական ու ռազմական ենթակառուցվածք կառուցելու համար՝ վիճարկելու համար Ռուսաստանից կրած տարածքային վեճերը:
Պատերազմ № 6 – Ռուսաստանից հողերի վերադարձ (2055-2060 թվականներ)
Չինաստանի ու Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները թվում է, թե լավ են, սակայն դա նրա արդյունքն է, որ ԱՄՆ-ը նրանց չի թողել այլ ընտրություն: Երկու երկրներն էլ ուշադիր վերահսկում են միմյանց: Ռուսաստանը վախենում է, որ Չինաստանի վերելքը կսպառնա իր հզորությանը, Չինաստանն էլ երբեք չի մոռանում Ռուսաստանի խլած տարածքների մասին: Երբ գա առիթը, Չինաստանը կվերադարձնի կորսված տարածքները:
Մինչև 2050 թվականը 5 նախկին հաղթանակներից հետո Չինաստանը կներկայացնի տարածքային հավակնություններ՝ հենված Ցին դինաստիայի ժամանակների տիրույթների վրա և կիրականացնի այդ հավակնությունների օգտին քարոզչական կամպանիա: Ջանքերը պետք է հանգեցնեն նրան, որ Ռուսաստանը կփլուզվի վերստին:
«Հին Չինաստանի» ժամանակ Ռուսաստանը զբաղեցրել է 1.6 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, ինչը հավասար է ներկայիս Չինաստանի տարաքծի 1/6-ին: Դրանով իսկ Ռուսաստանը Չինաստանի կատաղի թշնամին է: Նախորդ 5 պատերազմներում հաղթելուց հետո իսկական ժամանակն է Ռուսաստանին հարկադրել վճարել:
Դա պետք է հանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմին: Թեև մինչ այդ Չինաստանն առաջադեմ ռազմական երկիր էր ավիացիայի, նավատորմի, ցամաքային ու տիեզերական զորքերի ոլորտում, սակայն սա կլինի նրա առաջին պատերազմը միջուկային պետության դեմ:
Դրա համար էլ Չինաստանը պետք է լավ պատրաստվի միջուկային զենքի ոլորտում՝ հակամարտության սկսվելուց մինչև ավարտ Ռուսաստանին միջուկային հարվածներ հասցնելու հնարավորություն ունենալու համար:
Երբ Չինաստանը Ռուսաստանին զրկի պատասխան հարվածի հնարավորությունից, Ռուսաստանը կգիտակցի, որ չի կարող Չինաստանի հետ չափվել մարտադաշտում: Նրան կմնա միայն հանձնել օկուպացրած տարածքները՝ սեփական ներխուժման համար վճարելով բարձ գին»: