
Ռուսաստանը հարվածել է կայանին, որով Ուկրաինան գազ էր ստանում ԱՄՆ-ից և Ադրբեջանից

Ռուսաստանը տասնյակ անօդաչու թռչող սարքերով գրոհել է Ռումինիայի հետ սահմանի մոտ գտնվող ուկրաինական գազափոխադրման ենթակառուցվածքի օբյեկտը։ Այս կայանով Ուկրաինա է մտնում ԱՄՆ-ից և Ադրբեջանից ստացվող գազը։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ հղում անելով Էներգետիկայի նախարարությանը։
Լրատվամիջոցը նշում է, որ օգոստոսի լույս 6-ի գիշերը Ռուսաստանը թիրախային հարված է հասցրել Օդեսայի շրջանում՝ Ռումինիայի սահմանի մոտ գտնվող գազային ենթակառուցվածքային օբյեկտի՝ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատորի կոմպրեսորային կայանին։
Տվյալ կոմպրեսորային կայանն Անդրբալկանյան գազատարի միջոցով հունական հեղուկացված բնական գազի տերմինալներն ուկրաինական գազի պահեստավորման օբյեկտների հետ կապող երթուղու մի մասն էր. Անդրբալկանյան գազատարով արդեն մատակարարվել են հեղուկացված բնական գազ ԱՄՆ-ից և ադրբեջանական գազի թեստային ծավալներ։
«Սա ռուսական հարված է բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ միտումնավոր ուղղված էներգետիկայի դեմ և միևնույն ժամանակ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Եվրոպայում գործընկերների հետ հարաբերությունների դեմ, ուկրաինացիների և բոլոր եվրոպացիների բնականոն կյանքի դեմ», – ասվում է Էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ։
Օդեսայի իշխանություններն իրենց հերթին հայտնել են, որ գիշերը ռուսական կողմը թիրախավորել է Իզմայիլի շրջանի գազային ենթակառուցվածքը։ Բռնկվել է հրդեհ, որը լիովին ոչնչացրել է արտադրական սարքավորումները։ Գլխավոր գազատարի վնասման պատճառով 2500 բաժանորդ ժամանակավորապես զրկվել է գազամատակարարումից։
Օբյեկտում բռնկված հրդեհը գիշերը տեսանելի է եղել նույնիսկ Ռումինիայի բնակիչներին։