
Ցորի զորամասի գործով տուժող կողմը վճռաբեկ բողոք չի ներկայացրել․ արդյո՞ք Ջալալ Հարությունյանը ներկայացրել է

Հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, անփոփոխ էր թողել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նա դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։
Նշենք, որ պաշտպանական կողմն առաջարկել էր մեղմացնել Ջալալ Հարությունյանի պատիժը և պայմանականորեն չկիրառել, իսկ տուժող կողմը պահանջել էր նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման և ոչ թե՝ 5 տարի 6 ամիս ժամկետով, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումը, այնուամենայնիվ, Ցորի զորամասի զոհված զինծառայողների ծնողները ծափերով էին ընդունել։
168.am-ը տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ արդյոք վճռաբեկ բողոք ներկայացվելո՞ւ է։
«Տուժող կողմը Ջալալ Հարությունյանի գործով վճռաբեկ բողոք չի ներկայացրել»,- ասաց նա։
Հարցին՝ իսկ գուցե Ջալալ Հարությունյանը ցանկանա՞ վճռաբեկ բողոք ներկայացնել, փաստաբանը պատասխանեց․
«Իմ ունեցած տվյալներով, նրանք կբողոքարկեն՝ առնվազն ժամանակ շահելու և վաղեմության ժամկետն անցնելուն ձգտելու համար, այլ տեղեկություն չունեմ»: