«Ներեցեք, սը՛ր, բայց դուք խոզ եք»
Շատ դիպուկ համեմատություն կա. եթե ձեր գլխին սկսի փուլ գալ Սիքստինյան կապելլայի հրաշագեղ առաստաղը, հենց այդ պահից ձեզ կսկսի կտրուկ չհետաքրքրել Միքելանջելոյի արվեստը: Եվ չափազանց անհարկի կլինեն մեղադրանքները` գեղարվեստական ցածր ճաշակ ունենալու մեջ: Ընտրություններից հետո ՀՀ քաղաքացիներս գրեթե նույն վիճակում ենք` գուցե ոչ այնքան սիքստինյան, և ոչ այնքան կապելլայի տակ ենք, իսկ մեզ ասում են` ԱԺ պատգամավորներն էթիկայի ոլորտում փոքրիկ խնդիրներ ունեն:
Ինչ-ինչ, սակայն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանին հումորի պակասի մեջ մեղադրել հնարավոր չէ. նա լսումներ է հրավիրել «Պատգամավորի վարքագծի կանոնները» թեմայով: Որպես էթիկայի էքսպերտներ` հրավիրվել են, հասկանալի է, եվրոպացի մասնագետները:
Առհասարակ` միջազգային փորձագետների, միջազգային դիտորդների կարծիքը մեր խորհրդարանի մասին ուշացած է, հետևաբար` արդեն անհետաքրքիր: Ընտրակաշառքով, լցոնումներով, մարդկանց երթուղայիններով տանել-բերելուց հետո ընտրողների համար արդեն բացարձակ միևնույն է` հանրապետականներն իրենց ԲՀԿ-ական կոլեգաներին տեսնելիս, ըստ էթիկայի կանոնների, պետք է գլխարկները նրբագեղորեն բարձրացնե՞ն, թե՞, ինչպես ընդունված է` ձեռքով բարևեն ու անպատճառ համբուրվեն:
Այսինքն` Հայաստանում հատկապես նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցնում են այն մակարդակով, որ դրանից հետո պատգամավորներից ակնկալել պատգամավորական էթիկետի պահպանում, սրամիտ է:
Իսկ երբ իրենց հեղինակավոր կարծիքն են հայտնում նաև եվրոպացիները, անգամ` ցինիկ:
ԱՊՀ դիտորդներից ու փորձագետներից մեր ակնկալիքները միշտ համեստ են եղել. ի սկզբանե հայտնի է` նրանց եզրակացություններից միշտ փչել են սուտն ու սպիրտի հոտը: Եվրոպացիները, որոնք հրաշալի գիտեն` ինչպես են մեր երկրում անցնում ընտրությունները, համապետական նշանակության յուրաքանչյուր միջոցառումից հետո գալիս են մեր երկիր և մեզ ապացուցում, թե այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին նախորդներից: Եվ, որ իշխող կուսակցության ռեյտինգն, այդուհանդերձ, ավելի բարձր է, քան ընդդիմությանը:
Սակայն ռեյտինգի նման մեթոդաբանությունը, ենթադրում եմ, ճիշտ չէ. հարցրեք ցանկացած երեխայի` նրա համար չիպսի, կոլայի ռեյտի՞նգն է ավելի բարձր, թե՞, օրինակ, հնդկաձավարով շիլայի: Հայտնի է` միայն տգետ մայրն իր երեխային կկերակրի չիպսով` միայն այն հիմնավորմամբ, թե դրա ռեյտինգն ավելի բարձր է: Եվ հետևում է եզրակացությունը.
«Սրանք են այն պատգամավորները, որոնց դուք եք ընտրել: Ահա և ձեր նախագահը: Եթե կարծում եք` նրա՛նց չեք տվել ձեր ձայնը, և ընտրությունները կեղծվել են, թյուրիմացության մեջ եք: Մենք` եվրոպացիներս, ասում ենք` ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին համապատասխան: Դե, դուք մնացեք, իսկ մենք գնացինք, բայց, խոստանում ենք, անպայման կվերադառնանք»: Եվ հիմա եվրոպացի փորձագետները ցանկանում են քաղաքակիրթ աշխարհի էթիկայի փորձով կաշկանդել մեր պատգամավորներին:
Եվրոպացիները գիտեն, որ մեր խորհրդարանում կան պատգամավորներ, որոնց համար մինչ օրս անհասկանալի է դանակի և պատառաքաղի գյուտի իմաստը: Կան պատգամավորներ, որոնց համար գիրքը ճոճվող սեղանի տակ դնելու հարմարանք է: Կան պատգամավորներ, որոնք լրագրողներին դիմում են փաղաքշական «ազիզ» կամ «քաղցր» կոչականներով: Ոմանք անտանելի նյարդային են, ազատ վիճակում` անգամ վտանգավոր, քանի որ պատրաստ են լրագրողի ծնոտը կոտրել հենց խորհրդարանի շենքում և ոչ` մի քայլ հեռու:
Իհարկե, կարելի է ստեղծել վարքականոն, ուր սևով սպիտակին գրված կլինի, որ լրագրողների ծնոտը ջարդել չի կարելի, որ պատգամավորները հորանջելիս պետք է բերանը փակեն, քիթը մաքրելու համար օգտագործեն ոչ թե մատը, այլ թաշկինակ, միմյանց փոխարեն կոճակ չսեղմեն, միմյանց ելույթները լսելիս` կարողանան չքնել կամ զսպել ծիծաղը, միմյանց մասին այլոց մոտ չասեն «էն հայվանը» կամ «էն տավարը»: Ի վերջո, հասկանան` որտեղ են և ինչ նպատակով…
Ի դեպ, բարեկրթությունը բարձրագույն ղեկավարությունն ընկալում է` որպես դատարկ պայմանականություն, նույնիսկ` տղամարդուն ոչ վայել սեթևեթանք: Երկրի նախագահը սովորություն ունի բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողների հետ պաշտոնական հանդիպումներին նրանց դիմել «դու»-ով կամ տալ նրանց անվան կրճատ և ոչ բարեհունչ տարբերակը: Ինչպես Առողջապահության նախարարի դեպքում` սերունդների հիշողության մեջ նրան թողնելով` որպես Դերո:
Պետք չէ կարդալ ինչ-որ վարքականոն` գիտենալու համար, որ անծանոթի հետ` անկախ նրա տարիքից, «դուք»-ով խոսելը, ինչ-որ միտք արտահայտելուց առաջ` «իմ կարծիքով» կամ «ինձ թվում է» ասելը բարեկրթության, վարվեցողության տարրական կանոն է, որը հատուկ է մարդկանց մեռնող տեսակին` ինտելիգենտներին: Նրանք հիմա չափազանց քիչ են:
Փոխարենը` շատանում են նրանք, ովքեր ամեն կերպ փորձում են իրենց հարմարեցնել այնպես, որ տեղավորվեն իշխող կուսակցությունների ցուցակներում: Նրանց համար վարքականոնները, էթիկայի ա-ն ու բ-ն անհարկի ծանրաբեռնվածություն է: Նրանք վաստակել են անտակտ, քծնող, հարմարվող լինելու իրավունքը: Ի վերջո, դրա համար թանկ գին է վճարված. այդ մարդիկ իրենց կամավոր զրկել են մաքսիմում ազատությունից` ասել այն, ինչ մտածում են:
Եվ անգամ ազատության մինիմումից` չասել այն, ինչ չեն մտածում:
«168 ԺԱՄ»