«Autodesk» կորպորացիան սկսում է համագործակցել Հայաստանի հետ
3D համակարգչային նախագծման, դիզայնի, գրաֆիկայի և անիմացիոն ծրագրերի մշակման և արտահանման համաշխարհային առաջատար «Autodesk» կորպորացիան սկսում է համագործակցել Հայաստանի հետ` ի դեմս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի(Պոլիտեխնիկ):
Ըստ «Autodesk» կորպորացիայի և Պոլիտեխնիկի միջև կնքված համաձայնագրի՝ այսուհետ հայաստանյան շրջանավարտներին ժամանակակից շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներով զինելու համար ՀՊՃՀ ուսումնական գործընթացում կներդրվեն ուսումնական նոր դասընթացներ և ծրագրեր, «Autodesk» ծրագրային փաթեթներով աշխատելու նպատակով կկազմակերպվեն Պոլիտեխնիկի և Հայաստանի այլ բուհերի դասախոսների որակավորման բարձրացման կուրսեր, ՀՊՃՀ միջոցով Հայաստանում կստեղծվի «Autodesk» կորպորացիայի ներկայացուցչությունների ցանց և այլն: Այսպիսով, Պոլիտեխնիկում արդեն սկսել է գործել «Autodesk» կորպորացիայի նորաբաց ուսումնական կենտրոնը:
Սլավոնական երկրներից հետո ԱՊՀ տարածքում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ կորպորացիան նպատակ ունի լայնամասշտաբ գործունեություն ծավալել և կրթական ծրագրերի միջոցով հասանելի դարձնել իր գերժամանակակից ծրագրային փաթեթները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Autodesk» ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կրթական և գիտական աշխատանքների գծով տնօրեն Դմտրի Պոստելնիկը` նշելով, որ այս համագործակցությունը լայն հեռանկարներ կբացի հայաստանյան մասնագետների համար:
«Հայաստանը հետ համագործակցությունը մենք շատ կարևոր ենք համարում, մասնավորապես` կրթական և գիտական գործընթացների ոլորտում: Մեր արտադրանքը լուրջ պահանջարկ ունի համաշխարհային շուկայում, և այս համագործակցությամբ լայն հեռանկարներ կբացի հայ մասնագետների համար»,- ասաց Դ.Պոստելնիկը` նշելով, որ այս առումով Պոլիտեխնիկը հանդիսանում է իրենց համար շատ կարևոր գործընկեր ու հենց այդ պատճառով էլ օրերս Պոլիտեխնիկի հետ ստորագրել են ստատեգիական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր` կրթության ոլորտում համագործակցելու համար:
«Այսպիսով հայ երիտասարդները, մասնավորապես` ուսանողությունը կարող է սովորել ամենանորարար տեխնոլոգիաները, մրցակցել աշխատաշուկայում ու իր տեղը գտնել»,- ասաց Դ.Պոստելնիկը` նշելով, որ իրենց ընկերությունն այժմ առաջարկում է ավելի քան 100 ծրագրային արտադրանք տարբեր օպերացիոն համակարգերի և նաև բջջային հարթակների համարը, ու ցանկացած ուսանողի կամ ցանկացած դասախոսի համար իրենց բազմաթիվ ծրագրային գործիքներից որևէ մեկը անհրաժեշտ կլինի ամենատարբեր խնդիրների լուծման համար:
ՀՊՃՀ-ի Ճարտարագիտական և համակարգչային գրաֆիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Թումանյանի խոսքով` իրենք բավականին շահագրգռված են նոր համագործակցությամբ:
«Մենք հետաքրքրված ենք այս ամենով, որովհետև արդեն իսկ մեր ամբիոնում ունենք այս ուղղությամբ մագիստրատուրայի առաջին շրջանավարտը, որի մասնագիտացումը կոչվում է Համակարգչային գեղարվեստական նախագծում արդյունաբերական դիզայն, իսկ այս ընկերության պրոդուկտները նպատակաուղղված էր հենց այդպիսի մասնագիտությունների համար»,- ասաց Կ. Թումանյանը` նշելով, որ, կարևոր է նաև այդ ամենի համար ոչ միայն ընկերության լիցենզավորված ծրագրային գործիքների ստացումը, այլ նաև սերտիֆիկացիայի բաժինը, որի գոյությամբ արդեն իսկ իրենց մասնագետները կարող են նաև հնարավորություն ստանալ դառնալու այդ ասպարեզում որակավորման աստիճան ունեցող մասնսագետ:
Նշենք, որ «Autodesk» կորպորացիայի ծրագրերից են AutoCAD-ը, AutoCAD Architecture-ը, 3ds Max-ը, Maya-ն և ծրագրային մի ամբողջ տեսականի, որ հաջողությամբ աշխատում է Windows, Linux, ինչպես նաև հեռախոսների iOS և Android օպերացիոն համակարգերում։ Ավելին՝ «Օսկարին» ներկայացվող բոլոր անիմացիոն և մուլտիպլիկացիոն ֆիլմերը պատրաստվել են կորպորացիայի ծրագրերով, որոնցից ամենահայտնին, թերևս, անհավանական էֆեկտներով և մեծամասշտաբ տեսարաններով հագեցած, սակայն ընդամենը դպրոցի սպորտային դահլիճում նկարահանված «Ավատարն» է: