Փրկություն՝ անկախության կորստի դիմաց

Հայաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ կարող էր դաշինք կազմել դեռևս 16 տարի առաջ: Համենայն դեպս, ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը վստահեցնում է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1998թ. սկզբին իրենց վստահեցրել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքը գործուն քայլեր կկատարի Ռուսաստան-Բելառուս-Հայաստան դաշինքի ստեղծման ուղղությամբ:

Երեկ «Եվրասիական ժողովրդական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ Աղասի Արշակյանը պատմեց, որ 1997թ. իրենք` Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի կողմից համատեղ միություն ստեղծելու օգտին ստեղծված նախաձեռնող խմբի անդամները, հավաքել էին 1 միլիոն 22 հազար ստորագրություն, որն այն ժամանակվա ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 2/3-ն էր: 1998թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ նախաձեռնող խմբի անդամները փորձել են բանակցություններ վարել երկու թեկնածուների հետ և պարզել, թե նրանցից ով է պատրաստ նախագահ ընտրվելու դեպքում` կյանքի կոչել իրենց նախաձեռնության կողմից առաջ քաշված նպատակները:

Բնականաբար, թեկնածուներից ով պատրաստակամություն հայտներ իրականացնել այդ ծրագրերը, նախաձեռնող խմբի անդամները նրան էլ պետք է պաշտպանեին ընտրությունների երկրորդ փուլում:

Առաջինը դիմել են Կարեն Դեմիրճյանին, սակայն, ըստ Արշակյանի, շրջապատը թույլ չի տվել Դեմիրճյանին որևէ խոստում տալ իրենց: «Ռուբեն Միրոյանն ասել էր, որ` դու արդեն ընտրված նախագահ ես, ինչի՞ ես սրանց բեռ վերցնում հետդ»,- պատմում է Աղասի Արշակյանը:

Ի տարբերություն Կարեն Դեմիրճյանի, Ռոբերտ Քոչարյանը խոստացել է իրականացնել միության ստեղծման` Ռուսաստանի հետ ինտեգրման գաղափարը, բայց` փուլային տարբերակով. «Նա ասաց, որ պատրաստ է ընդունել մեր առաջարկները, սակայն դա կիրականացնի ոչ թե միանգամից, այլ ամեն տարի կիրականացվեն ծրագրի առանձին մասեր: Ասաց` սկզբում պետք է Լևոն Տեր-Պետրոսյանի կնքած Հայ-ռուսական մեծ պայմանագիրն իրականացվի, անվտանգության ոլորտում համագործակցությունը զարգացվի, որպեսզի մեր սահմանի և երկնքի անվտանգությունն ապահովենք օտարերկրյա ոտնձգություններից, մյուս տարի ընդհանուր մաքսային միություն կստեղծենք, հետո կմտնենք ռուբլու գոտի»:

Ռոբերտ Քոչարյանը չիրականացրեց նախաձեռնող խմբի ներկայացրած առաջարկները, բայց Աղասի Արշակյանը հիացած է Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը միանալու որոշմամբ` դա համարելով վերջին 22 տարիների ընթացքում կայացված ամենալուրջ քայլը, 1998թ. մինչև այսօր անցած 16 տարին` համարելով մեր ժողովրդի համար կորսված տարիներ:
Այն, որ Աղասի Արշակյանը հիացած է Սերժ Սարգսյանի որոշմամբ, իր իրավունքն է: Ավելի կարևոր է այլ երևույթ. Աղասի Արշակյանը հույս ունի, որ Մաքսային միություն և Եվրասիական միություն մտնելու որոշումների իրականացման գագաթնակետը կլինի ընդհանուր պետության ստեղծումը: Այսպիսով` Արշակյանը, ըստ էության ողջունում է Հայաստանի Հանրապետության` որպես անկախ պետության վերացումը:

«Անկապության վերածված անկախություն»,- այսպես է բնորոշում Հայաստանի անկախությունը նա, ասելով, որ այդ անկախության տարիները հնարավորություն տվեցին մի խումբ մարդկանց թալանելու, գռփելու, հարստահարելու հայ հասարակությանը: Նա հասկանում է, որ իր մղումն այնքան էլ նորմալ չի կարող ընկալվել, և ասում է. «Գուցե մեր երազանքը սա չէր, բայց ես դրա մեջ եմ տեսնում մեր ժողովրդի փրկությունը»:

Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Հայաստանում արդեն ավելի համարձակ ու հրապարակային են սկսել բարձրաձայնել ինքնիշխանության կորստի գնով հասարակական փրկության գաղափարի մասին: Սա, ըստ էության, հակասահմանադրական ցանկություն է, քանի որ Հայաստանի ինքնիշխանությունը ֆիքսված է Սահմանադրության առաջին կետով, որը փոփոխման ենթակա չէ:
Եթե մինչ վերջերս ընդդիմադիր գործիչները համարում էին, որ հայ հասարակության և Հայաստանի Հանրապետության զարգացման ավելի լավ պայմաններ կարելի է ստեղծել Հայաստանում` ավելի լավ իշխանություն ձևավորելու միջոցով: Պետք է ընդամենն իշխանությունից հեռացնել մարդկանց, ովքեր, գռփում և հարստահարում են պետությունը և հասարակությունը, նրանց փոխարեն ընտրել ավելի պատասխանատու գործիչներն, որոնք զերծ կլինեն նման արատներից, ամեն ինչ լավ կլինի:

Մինչդեռ Արշակյանը, և ոչ միայն նա, հայ հասարակության փրկությունը տեսնում է Հայաստանի Հանրապետության կործանման մեջ: Այսինքն` եթե նախկինում մարդիկ մտածում էին, որ վատ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին փոխարինեն լավ Կարեն Դեմիրճյանով Ստեփան Դեմիրճյանով, կամ Լևոն Տեր-Պետրոսյանով, իրենց կյանքը կլավանա, հիմա մտածում են, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը փոխարինել Ռուսաստանի Դաշնությամբ:

Հայաստանի քաղաքացիների և նույնիսկ քաղաքական գործիչների մի ստվար զանգված Մաքսային միությանը միանալը դիտում է ոչ թե` Հայաստանի Հանրապետության զարգացման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման հնարավորություն, այլ` «անկապ անկախությունից» ազատվելու բացառիկ միջոց: Իհարկե, անկախության նկատմամբ վերապահ վերաբերմունքը նոր երևույթ չէ, բայց հիմա այդպես մտածողները համոզված են, որ դա խրախուսվում է պետականորեն:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս