Թալան՝ մինչև վերջ կամ՝ ինչու են ասֆալտապատում բարեկարգ փողոցները
Երևանի քաղաքապետարանը շատ ջանադրաբար աշխատում է՝ բարեկարգում փողոցները, ասֆալտապատում, և այլն: Սակայն այդ ջանքերն առավել շատ տեսանելի են կենտրոնի բնակիչներին, իսկ ծայրամասերում փողոցները, կարծես, աչքաթող են արվում, և ասֆալտե ծածկը շատ ավելի վատ վիճակում է, քան կենտրոնում: Այս ամռանն էլ երևանցիները բավականին անհարմարություններ կրեցին կենտրոնի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքների պատճառով, և արդարացի բողոքներ էին հնչում, թե բարեկարգ, նորմալ, չվնասված ասֆալտ ունեցող փողոցների ծածկն ինչո՞ւ է փոխվում, ինչո՞ւ է այդքան գումար վատնվում, երբ կան լուծում պահանջող շատ ավելի առաջնային խնդիրներ:
168.am-ի հետ զրույցում Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը կենտրոնի փողոցների ասֆալտի հանդեպ այս «գերհոգատարությունը» պայմանավորեց նրանով, որ մեզ մոտ ամեն ինչ ցուցադրական բնույթ է կրում. «Ցույց են տալիս, թե իբր աշխատում են, կենտրոնում ամեն ինչ կա, բայց 1 քայլ այն կողմ ես դնում, ոչինչ չկա: Դա վառ կերպով երևում էր նաև սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, որ Օպերայի ու կենտրոնական փոքր շրջանից բացի, մնացածը մոռացված էր: Քաղաքն իրենցը չի, իրենք իրենց այստեղ երևանցի չեն զգում, այս քաղաքն իրենց համար փող աշխատելու մեթոդ է: Եթե քաղաքը սիրեին, նախ և առաջ ծայրամասերից կսկսեին, ոչ թե Կենտրոնից»:
Վ.Խաչատրյանի խոսքով՝ Ամիրյան, Թումանյան և մյուս փողոցներն անցած կամ նախանցած տարի էլ էին ասֆալտապատել, և, քանի որ ասֆալտի որակից երևում էր, որ դա 1 տարի հազիվ հերիքի, ապա հաջորդ տարի նորից կարիք կլինի ասֆալտապատման:
«Սա ոճ է, որի ամբողջ տրամաբանությունը կոչվում է՝ թալան մինչև վերջ»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Փորձեցինք Երևանի քաղաքապետարանից պարզել, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվում ասֆալտապատման ենթակա փողոցները, ինչպե՞ս կմեկնաբանեն պնդումները, որ հաճախ ասֆալտապատվում են այն փողոցները, որոնք բարեկարգ վիճակում են գտնվում (օրինակ՝ Աբովյան, Նալբանդյան, Պուշկինի և այլն), իսկ քաղաքի ծայրամասերում ոչ բարեկարգ փողոցներն անուշադրության են մատնված: Ավելի քան 1 ամիս «տանել-բերելուց» հետո, ի վերջո, պատասխանեցին. «Կենտրոնական փողոցներում (մասնավորապես՝ Արշակունյաց, Բագրատունյաց, Սեբաստիա, Նալբանդյան, Աբովյան, Պուշկինի և այլն) ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Երևան Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունների կողմից, որի հետևանքով փողոցներում առաջացել են բազմաթիվ նստվածքներ և փոսեր: Բացի այդ, նշված փողոցներում վերջին 10 տարիների ընթացքում հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել (փողոցներում լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ իրականացվել են «Լինսի» հիմնադրամի միջոցների հաշվին 2002-2003թթ. ընթացքում)»: Ըստ քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության՝ վերոնշյալ փողոցները միանալով և կազմելով ամբաղջական մաս՝ իրար են միացնում մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններ: Այդ փողոցների մի մասը կատարում է կենտրոնը շրջանցող և քաղաքի մուտքերն ու ելքերն իրար կապող ուղիների դեր: Հաշվի առնելով նշված փողոցների կարևորությունը, ինտենսիվ երթևեկության և ավտոտրանսպորտային միջոցների ծանրաբեռնվածության հետևանքով ա/բ ծածկի մաշվածությունը, առաջանում է ասֆալտբետոնե ծածկն ամբողջությամբ հիմնանորոգելու անհրաժեշտություն:
«Որքան էլ ընդգրկուն լինի մեկ տարվա ծրագրով նախատեսված ա/բ ծածկույթի վերանորոգման աշխատանքների աշխարհագրությունը, նույնիսկ լավագույն ցանկության դեպքում հնարավոր չէ միանգամից տարեկան ծրագրերում ներառել ողջ քաղաքի փողոցներն ու բակերը: Դրանով հանդերձ՝ ծրագրի մեջ ընդգրկվում են բոլոր 12 վարչական շրջանների փողոցները (ծայրամասային փողոցները՝ ներառյալ), այսինքն, դրանք նույնպես անուշադրության մատնված չեն»,- վստահեցրին քաղաքապետարանից:
Երևանում մայրուղիների և փողոցների կառուցման, հիմնանորոգման և ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքների համար 2013 թ. նախատեսվել է ընդհանուր շուրջ 19.5 մլրդ դրամ, որը ներառում է 2.5 մլն քմ ասֆալտապատման՝ հողային պաստառով ճանապարհների վերակառուցման, մայթերի վերանորոգման, փոսային նորոգման, ճաքալցման աշխատանքներ, ինչպես նաև՝ նոր եզրաքարերի տեղադրման, հնի վերատեղադրման, դիտահորերի ծածկերի սալերի և ջրընդունիչ ցանցերի ուղղման աշխատանքներ: Ներկայումս իրականացվել է նախատեսված աշխատանքների մոտ 90%-ը: 2012թ. նույնատիպ ծրագրերի համար ծախսվել է 14.1 մլրդ դրամ գումար, որի շրջանակներում իրականացվել են շուրջ 2.0 մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ:
Այս տարի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում թվով 17 շինարարական կազմակերպություններ, որոնք ընտրվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգի համաձայն՝ ասֆալտապատման աշխատանքների կատարման համար հայտարարված մրցույթում: Ասֆալտապատման աշխատանքների որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայություն իրականացվում է մրցույթում հաղթող ճանաչված մասնագիտացված շինարարական կազմակերպությունների կողմից: Բացի այդ, համապատասխան վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության և բարեկարգման վարչության համապատասխան մասնագետների կողմից իրականացվում է վերահսկողություն:
Շինարարական ընկերություններից մեկի ղեկավարը մեզ հետ զրույցում նույնպես վստահեցրեց, որ կենտրոնի ծանրաբեռնածության պատճառով այստեղ ասֆալտապատման աշխատանքներն ավելի հաճախակի են իրականացվում, և դա շատ լավ է: Սակայն, միաժամանակ, նա նշեց, որ ըստ քաղաքապետարանի պատվերի՝ ասֆալտապատումն այնքան էլ որակով չի արվում, ասֆալտը բարակ շերտով է փռվում, դրա համար էլ կարիք է լինում ավելի հաճախակի «թարմացնելու»:
Երևանում ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ նորոգման 1քմ պայմանագրային միջին գինը 4.5 հազար դրամ է, հիմնանորոգման 1քմ միջին գինը՝ 6.5 հազար դրամ: Մեր զրուցակցի խոսքով, օրինակ, Եվրոպայում 1 քմ ասֆալտապատման աշխատանքներն ավելի թանկ արժեն, բայց նաև ավելի որակով են արվում, ու արդյունքը երկարաժամկետ է: Իսկ մեզ մոտ առնվազն 3-5 տարին մեկ պետք է ասֆալտապատել:
Մեր զրուցակից ճանապարհաշինարարը նաև տեղեկացրեց, որ աշխատանքները հիմնովին անվանել չի կարելի, քանի որ «ասֆալտի տակ գտնվող ոչ բոլոր կոմունիկացիաներն են թարմացվել, և, եթե հաջորդ տարի կարիք լինի դրանք նորից փոխելու, ապա կրկին կառաջանան նստվածքներ ու փոսեր և կրկին ասֆալտապատման կարիք կլինի»:
Նկատենք, որ, ինչպես շինարարությունը, այդպես էլ ասֆալտապատումն «ատկատների» ու ծախսված գումարների վերահսկելիության առումով ամենախոցելի ոլորտներն են: Անցած տարի Վերահսկիչ պալատը Երևանի քաղաքապետարանում ստուգել էր գույքի և հողային պաշարների օտարման և վարձակալության տրամադրման, ինքնակամ կառույցների և շինությունների ոլորտներն ու խախտումներ արձանագրել: Զարմանալի չի լինի, եթե ՎՊ-ն կամ մի ուրիշ կառույց մի օր էլ ստուգի ասֆալտապատման հետ կապված աշխատանքների որակն ու ծախսված գումարների արդյունավետությունը, և կրկին բացահայտումները քիչ չլինեն: