Ջոզեֆ Քեմբել. Հազարադեմ հերոսը գրքից
2. Կանչի ժխտումը
Դա իրոք տխուր և անփառունակ ավարտ է: Ապոլոնը, արևը, ժամանակի տիրակալն ու հասունացման աստվածը այլևս արդեն չէր դիմում վախեցած հավերժահարսին, նա պարզապես դափնին կոչեց իր սիրելի ծառը և ոչ առանց հեգնանքի առաջարկում էր դրա տերևներից հաղթողների համար պսակներ գործել: Աղջիկն ընկրկեց դեպի իր ծնողի պատկերն ու այնտեղ պաշտպանություն գտավ` հանց անհաջողակ ամուսինը մայրական սիրո մասին իր երազներում, անուրջները չեն թույլատրում, որ նա իր կնոջ մոտ վերադառնա:
Հոգեվերլուծական գրականությունը լեցուն է այդպիսի արմատացած փաստումներով: Դրանք ներկայացնում են մանկական էգոյից զերծ մնալու անընդունակությունը, նրա էմոցիոնալ հարաբերությունների և իդեալների ոլորտով, հայրն ու մայրը հանդես են գալիս որպես շեմի պահապաններ, և հեզաբարո հոգին, վախենալով որևէ պատժից, դռնից անցնելու և առ արտաքին աշխարհը վերածնվելու ուժ չունի:
Դոկտոր Յունգը նկարագրում է մի երազ, որը շատ բաներով հիշեցնում է Դաֆնիսի մասին առասպելը: Դա այն երիտասարդի երազն է, ով տեսել էր իրեն ոչխարների երկրում, այսինքն՝ անինքնուրույնության երկրում: Նրա ներքին ձայնն ասում է. «Սկզբում ես պիտի փախչեմ Հորիցս», իսկ հետո՝ մի քանի գիշեր անց, «Օձը շուրջանակի պտտվում է երազատեսի շուրջը, ով կեցած է, ծառի պես հողի մեջ արմատացած»: Դա մոգական շրջանագծի պատկերն է, որ գոյավորվում է անձի շուրջ իրեն պահող հողի ուժով»: Այդպես էր պահպանվում նաև Բրյունհիլդայի կուսությունը, ով շատ տարիներ մնում էր աղջիկ վիճակում՝ պահպանված լինելով Ամենահայր Վոթանի կրակե շրջանակով: Նա քնած էր անժամանակայնության մեջ մինչև Զիգֆրիդի գալուստը:
Փոքրիկ Քնած Գեղեցկուհուն քնեցրել էր նախանձոտ կախարդը (չար մոր անգիտակցական կերպարը): Եվ քնեց ոչ միայն Քնած Գեղեցկուհին, այլ նաև նրա ողջ աշխարհը, սակայն ի վերջո, «երկար, շատ երկար տարիներ անց» եկավ արքայորդին, որպեսզի արթնացնի նրան: Թագավորը թագուհու հետ (լավ ծնողների գիտակցական կերպարները), ովքեր հենց նոր տուն են վերադարձել և մտնելով դահլիճ` սկսում են ննջել, իսկ նրանց հետ մեկտեղ` և ողջ թագավորությունը: Քնած էին ձիերը իրենց ախոռներում, շները՝ բակում, աղավնիները՝ կտուրին, ճանճերը՝ պատերի վրա, նույնիսկ կրակը, որ պեծկլտում էր օջախում, թմրել ու խոր քուն էր մտել, իսկ միսը դադարել էր եփվել: Եվ խոհարարը, որ ուզում էր իր օգնական տղայի մազերը ձգի այն բանի համար, որ ինչ-որ բան մոռացել է, նրան հանգիստ թողեց ու քնեց: Եվ քամին հանդարտվեց, և ոչ մի տերև ծառերի վրա չէր շարժվում: Այնուհետև դղյակի շուրջ սկսեցին փշեր աճել: Դրանք դղյակը ծածկեցին այնքան, որ նույնիսկ կտուրի հողմացույցը չէր երևում»:
Մի անգամ ողջ մի պարսկական քաղաք «վերածվել էր քարի»` թաագավորն ու թագուհին, քաղաքի բնակիչներն ու մնացյալ ամեն ինչը, որովհետև Ալլահի կանչին ականջալուր չէին եղել: Ղովտի կինը աղե սյան էր վերածվել այն բանի համար, որ ետ էր նայել, երբ Տերը հրամայել էր նրան լքել իր քաղաքը: Կա նաև ավանդապատումը Հավերժական Հրեայի մասին, ով նզովվել էր մնալ երկրի երեսին մինչև Ահեղ Դատաստանը, այն բանի համար, որ, երբ Քրիստոս անցել էր նրա մոտով, իր խաչը տանելով, այդ մարդը, որ ճամփեզրին ժողովված մարդկանց մեջ էր, գոռացել էր` «Շարժվիր»: Չընդունված, վիրավորված Փրկիչը շրջվել ու ասել էր նրան. «Ես կգնամ, բայց դու կմնաս սպասելու, մինչև ես վերադառնամ»:
Զոհերից ոմանք հավերժորեն կախարդված են մնում: Բրյունհիլդան պահպանվում էր իսկական հերոսի համար, իսկ փոքրիկ Քնած Գեղեցկուհուն փրկեց արքայազնը: Երիտասարդը, որ ծառի էր վերածվել, այնուհետև երազում տեսավ անծանոթ մի կնոջ, ով, որպես խորհրդավոր ուղեկից առ անհայտը, նրան ուղի ցուցանեց: Երկմտողներից բոլորը չէ, որ կորսված են: Պսիխիկան իր մեջ շատ գաղտնիքներ ունի: Եվ դրանք չեն բացահայտվում մինչև այն պահը, որ հարմար իրավիճակ լինի: Այդ պատճառով ցանկացած դժվար կացություն կանչից համառորեն հրաժարվելու արդյունք է, ինչը կարող է հարմար դիպված լինել ազատագրման ինչ-որ անսպասելի, հրաշալի հայտնության սկզբունքի համար:
Իրականում կամավոր ինտրովերսիան ստեղծագործող հանճարի դասական ատրիբուտներից մեկն է և կարող է դիտավորյալ օգտագործվել: Այն պսիխիկական էներգիան քշում է դեպի խորքը և արթնացնում է անգիտակցական մանկական և արքետիպային պատկերների մայրցամաքը: Դրա արդյունքը կարող է լինել, իհարկե, գիտակցության լիակատար խանգարումը (նևրոզ, պսիխոզ` դյութված Դաֆնիսի արտասվալի բախտը), բայց, մյուս կողմից, եթե անհատականությունն ունակ է ներքաշելու և ինտեգրելու առ ինքը այդ նոր ուժերը, ապա հայտնվում է համարյա գերբնական աստիճանի և լիակատար ինքնահսկողության և ինքնահասողության զգացողությունը: Դա հնդկական յոգայի ուսմունքների հիմնական սկզբունքն է: Այդ ուղով են գնացել նաև
Արևմուտքի շատ ստեղծագործական անհատներ: Դա չի կարելի կոչել ինչ-որ առանձնակի կանչի պատասխան: Ավելի շուտ, դա դիտավորյալ, կատեգորիկ հրաժարում է արձագանքելու որևէ բանի, բացի ներսում սպասող դատարկության դեռևս աղոտ պահանջներից, վեհանձն և լիակատար ձևով պատասխանելու պատրաստակամությունը, ինչ-որ ընդհանուր ապստամբության պես մի բան` կենաց առաջարկվող պայմանների չընդունում, որի արդյունքում՝ վերափոխման ինչ-որ ուժի տեղափոխում այդ խնդիրը դեպի նոր չափումների մակարդակ, ուր այն հանկարծակի և վերջնականապես լուծվում է:
Հերոսի խնդրի այդ տեսակետը արտացոլված է Հազար ու մի գիշերների արքայազն կամար ալ-Զամանի և Բուդուր արքայադստեր հիասքանչ արկածի մեջ: Պատանի և գեղեցիկ արքայազնը՝ Պարսկաստանի Շահրիման արքայի միակ որդին, համառորեն հրաժարվում էր առաջարկներից, համոզումներից, պահանջներից և, վերջապես, մերժում էր իր հոր՝ որպես նոր մարդ վարվելու և ամուսնանալու հրամանը: Երբ ադ թեման առաջին անգամ արծարծվեց, պարմանին պատասխանեց. «Օ՜, հա՜յր իմ, գիտցի՛ր, որ ես ամուսնանալու ձգտում չունեմ, և հոգիս հեռու է կանանցից, քանզի ես շատ գրքեր եմ ընթերցել և քիչ խոսակցություններ չեմ լսել նենգադավության և դավաճանության մասին, և ինչպես ասել է բանաստեղծը.
Կանանց մասին ես դու ինձ հարցնում,
Կպատասխանեմ` հազվագյուտորեն տեղյակ եմ ես գործերից նրանց:
Եթե այր մարդու մազերը ճերմակում են և քսակը պարպվում,
Նա նրանց բարեհամբուրությանը չի արժանանում:
Իսկ ուրիշ մեկն ասում է.
Հրաժարվիր կանանցից, և դու ավելի լիարժեք կծառայես Ալլահին.
Այն պարմանին, որ կանանց ազատություն է տալիս,
Պիտ թողնի երազի թռիչքի ամենայն հույս:
Նրա անհայտի և վսեմ արարման որոնումներում
Նրանք խոչընդոտում են նրան,
Կուզես բյուր տարիներ վատնիր գիտությունների և տարակերպ գիտելիքների վրա:
Իսկ վերջացնելով արտասանությունը՝ նա շարունակեց. «Օ՜, հա՜յր իմ. ամուսնությունը այն է, որին ես երբեք համաձայնություն չեմ տա, ոչ, եթե նույնսկ ստիպված լինեմ պարպելու մահվան գավը»: Երբ սուլթան Շահրիմանը լսեց այդ խոսքերն իր որդուց, լույսը խամրեց նրա աչքերում, և վիշտը համակեց նրան, բայց, մեծ սիրուց դրդված, որ նա տածում էր առ իր որդին, նա տրամադրված չէր մեկ անգամ ևս խոսակցություն բացել իր ցանկության մասին և չէր զայրանում, այլ որդուն շրջապատել էր ամենայն հոգածությամբ:
Միայն երբ անցավ մի տարի, հայրը նորից իր հարցը տվեց, բայց պատանին անհողդողդ էր իր չամուսնանալու որոշման մեջ և դարձյալ սկսեց նրա համար բանաստեղծություններ կարդալ: Սուլթանը խորհրդակցեց իր վեզիրի հետ, և նա խորհուրդ տվեց. «Օ՜, արքա՛, սպասի՛ր ևս մի տարի և եթե դրանից հետո դու կամենաս խոսել նրա հետ ամուսնության մասին, ապա դա մի՛ արա առանձին նրա հետ, այլ դիմիր նրան որևէ տոն օրի, երբ բոլոր քո էմիրներն ու վեզիրներն իրենց ողջ բանակով կանգնած կլինեն քո առջև: Եվ երբ բոլորը հավաքվեն, ապա ուղարկիր որդուդ Կամար ալ-Զամանի ետևից և կանչիր նրան քեզ մոտ, և երբ նա հայտնվի, խոսիր նրա հետ ամուսնության մասին վեզիրների, սպաների և ազնվականների ներկայությամբ, և այդժամ նա երևի թե կամաչի և, կարկամելով նրանց ներկայությունից, չի համարձակվի քո կամքին հակառակվել»:
Սակայն երբ այդ պահը եկավ, և սուլթան Շահրիմանը բոլորի առջև որդուն ազդարարեց իր կամքը, արքայազնը որոշ ժամանակ գլխիկոր կանգնեց, իսկ հետո գլուխը բարձրացրեց դեպի հայրը և, պատանեկան անողջախոհությամբ և հիրավի մանկական միատմությամբ բռնված՝ պատասխանեց. «Ինչ վերաբերում է ինձ, ապա ես երբեք չեմ ամուսնանա, ավելի լավ է՝ ես պարպեմ մահվան գավը: Ինչ վերաբերում է քեզ, ապա դու տարիքդ առած ես, իսկ մտքով՝ փոքր, մի՞թե դու արդեն երկու անգամ ինձ հետ չես խոսել ամուսնության մասին, և մի՞թե ես չեմ հրաժարվել: Հիրավի, դու ծերունական զառամախտվ ես տառապում և պիտանի չես նույնիսկ ոչխարների հոտը ղեկավարելու: Այդպես ասելով՝ ցասկոտ Կամար ալ-Զամանը ազատեց մեջքի ետևում կծկած ձեռքերը և թևքերը մինչև ուսերը քշտեց իր հոր առջև, ավելին՝ լինելով բորբոքված վիճակում, նա պարսավանքի բազում բառեր հավելեց հոր հասցեին, ինքն էլ չիմանալով, թե ինչ է խոսում:
Արքան շփոթահար ու խայտառակված էր, քանի որ այդ ամենը կատարվեց մեծատոհմիկների և զորավարների ներկայությամբ, որ հավաքվել էին մեծ տոնի և պետական իրադարձության կապակցությամբ, բայց շուտով նրա մեջ գլուխ բարձրացրեց թագավորական աստիճանի մեծությունը, նա գոռաց տղայի վրա և նրան ահուդողի մեջ գցեց: Հետո նա դիմեց իր դիմաց կանգնած պահակներին և հրամայեց. «Բռնեցե՛ք դրան»: Եվ նրանք առաջ եկան, բռնեցին արքայազնին և մոտեցրին հորը, ով հրամայեց որդու ձեռքերը կապել մեջքի ետևում և այդ տեսքով կանգնեցնել բոլոր ներկա եղողների առջև: Եվ արքայազնը ահուսարսափի մեջ գլուխը հակեց, նրա դեմքն ու ճակատը քրտինքով պատվեցին, նրան համակեց ուժեղ ամոթն ու շվարածությունը: Հետո հայրը սկսեց նրան պարսավել և հիշոցներ շաղ տալով գոռաց. «Անիծյա՛լ լինես, խառնակության ծնունդ և զզվանքի լաճ: Ինչպես ես դու համարձակվում այդ կերպ ինձ պատասխանել իմ զորավարների և զինվորների ներկայությամբ: Ոչ մեկը նախկինում քեզ չի պատժել: Արդյոք դու գիտե՞ս, որ քո արածը ինձ նսեմացրեց բոլոր իմ հպատակների առաջ: Եվ արքան հրամայեց իր պահակներին որդու ձեռքերի վրայի շղթաները թուլացնել և նրան բանտարկել միջնաբերդի աշտարակներից մեկում:
Արքայազնին բռնեցին ու նետեցրին կիսաքանդ դահլիճով հին աշտարակը, որի մեջտեղում տեղադրված էր քարուքանդ ջրհորը, բայց մինչ այդ դահլիճն ավլեցին, ներքնակի փոշիները վերցրին, դոշակ, բարձ ու ծածկոց բերեցին: Իսկ հետո մի մեծ լապտեր ու մի մեծ մոմ բերեցին, քանզի այդ վայրում նույնիսկ կեսօրին մութ էր: Եվ, ի վերջո, պահակները Կամար ալ-Զամանին բերեցին այդտեղ և դռան առաջ մի ներքինիի կանգնեցրին: Երբ բոլորը գնացին, արքայազնը հոգով տրտում ու ծանր սրտով, մեղադրելով իրեն, որ վիրավորական է իրեն պահել հոր նկատմամբ, ընկավ մահճակալի վրա:
Այդ ժամանակ հեռավոր Չինական կայսրությունում նմանատիպ մի բան տեղի էր ունեցել Կղզիների և Ծովերի տիրակալ և Յոթ Ապարանքների տեր արքա Գաուրի դստեր հետ: Երբ նրա գեղեցկությունը բացվեց իր ողջ հիասքանչությամբ, և լուրերը նրա մասին տարածվեցին ողջ մերձակա երկրներով մեկ, բոլոր արքաները սկսեցին նրա մոտ սուրհանդակներ ուղարկել և խնդրում էին արքայադստեր ձեռքը: Հայրն այդ մասին խոսում էր նրա հետ, բայց նրա համար անտանելի էր նույնիսկ մտորմունքն ամուսնության մասին:
«Օ՜, հա՜յր իմ,- պատասխանում էր նա,- ես չեմ ուզում ամուսնանալ, ոչ մի կերպ, քանզի ես կին եմ՝ օժտված վերին իշխանությամբ, և թագուհի-տիրակալուհի, որ ազատ եմ ում ասես կառավարելու: Ինչի՞ս է ուրեմն պետք, որ տղամարդն ինձ ղեկավարի»: Եվ որքան որ շատ էր նա մերժում նրանց, ովքեր իր ձեռքն էին փնտրում, այնքան ավելի ուժգնանում էր նրանց փութկոտությունը, և բոլոր թագավորական անձինք` չինական սահմաններում ընկած կղզիների տիրակալները, նվերներ ու հազվագյուտ ընծաներ էի ուղարկում նրա հորը, որոնք ուղեկցվում էին ուղերձներով, որոնցում խնդրում էին արքայադստեր ձեռքը: Այդ պատճառով արքան պնդում էր, նորից նոր ամուսնության մասին խոսք բացելով, բայց դուստրն ամեն անգամ հրաժարվում էր, մինչև որ ցասման մեջ հայացքն ուղղեց հոր կողմն ու ճչաց.
«Օ՜, հա՛յր իմ, եթե դու մի անգամ էլ իմ ներկայությամբ հիշատակես ամուսնության մասին, ես կգնամ իմ սենյակը և կվերցնեմ սուրը, նրա կոթը խրելով հողի մեջ, նրա սայրը կդնեմ փորիս վրա, այնուհետև ողջ ուժով կնետվեմ առաջ և կսկսեմ ընկնել, մինչև որ այն շամփրի իմ մեջքը, և այդպես ես ինձ կսպանեմ»: Եվ արքայի սիրտը կրակով բռնվեց, որ հանկարծ աղջիկն իրեն չսպանի, և նա տագնապի մեջ էր, չիմանալով, թե ինչ անի և ինչ պատասխան տա դստեր ձեռքը խնդրողներին: Եվ այդժմ նա նրան ասաց. «Եթե քեզ կանխատեսված է երբեք չամուսնանալ, և դա անփոփոխ է, դու պիտի ստիպված լինես ետ կենալու այն բանից, որպեսզի զբոսնես ուր կամենաս, և մարդամեջ դուրս գալուց»:
Այնուհետև նա նրան տեղադրեց տանը և փակեց սենյակում, որպես դայակ նրա վրա կարգելով տասը պառավների, որպեսզի հսկեն նրան, և նրան արգելեց այցելել Յոթ Պալատները: Ավելին՝ նա այժմ չէր թաքցնում, որ զայրանում է նրա վրա, և բոլոր արքաներին ուղերձներ ուղարկեց՝ նրանց տեղեկացնելով, որ իր աղջիկը խելագարությամբ է տառապում Մեծ Ջինի ձեռքից:
Երբ և՛ հերոսը, և՛ հերոսուհին, բաժանված մի ողջ ասիական մայրցամաքով, երկուսն էլ ընթանում են հրաժարման ուղիով, հիրավի հույսը պետք է դնել միայն հրաշքի վրա, որպեսզի ի կատար ածվի այդ ի սկզբանե դատապարտված զույգի միացումը: Որտե՞ղ, ուրեմն, փնտրես այն ուժը, որն ունակ է քանդելու կյանքից հրաժարվելու նզովքը՝ լուծելով երկու ինֆանտիլ հայրերի վրդովմունքը:
Այդ հարցի պատասխանը միշտ նույնն է ողջ համաշխարհային առասպելաբանության մեջ: Քանզի, ինչպես համառորեն կրկնվում է Ղուրանի սրբազան էջերում. «Հանուն Ալլահի, գթասիրտ ու ներող: Քեզ ենք մենք երկրպագում և քեզնից ենք օգնություն հայցում և խնդրում ենք օգնել»: Ողջ խնդիրը հանգում է այն բանին, թե որն է այդ հրաշքի մեխանիզմը: Եվ այդ գաղտնիքը կբացվի մեզ միայն մեր Հազար ու մի գիշերների հետագա էջերում:
3. Գերբնական հովանավորությունը
Ինչ վերաբերում է նրանց, ովքեր չեն հրաժարվել կանչից, առաջինը, ում նրանց նախատեսված է բախվել իրենց հերոսական ճամփորդության մեջ, պահապանի կերպարն է (ամենից հաճախ դա հնամենի պառավ է կամ ծերունի), ով պետք է ճանապարհորդի դևերի հետ, որոնց հետ նրա ճանապարհն անխուսափելիորեն խաչաձևվում է, անկործան ուժի դեմ հմայիլներ պիտի տրամադրի:
Արևելաաֆրիկյան ցեղերը, օրինակ, վաչագաները Տանգանյիկիից, պատմում են Կյազիմբա անվամբ մի շատ աղքատ մարդու մասին, ով ճամփա էր ընկել մի երկիր, ուր ծագում է արևը: Նրա ճանապարհորդությունը երկար էր, և, բավական հոգնելով, նա կանգ առավ՝ հայացքն ուղղելով հորիզոնին, ուր իրեն էր սպասում այն երկիրը, ուր նա ճամփա էր բռնել, և այդժամ նա լսեց, թե ինչպես իր մեջքի ետևից ինչ-որ մեկը մոտենում է իրեն: Նա շրջվեց ու մի զառամյալ պառավի տեսավ: Նա մոտեցավ ու հարցրեց, թե նա ինչ է այստեղ անում: Երբ նա պատմեց նրան, նա նրան ծածկեց իր քողով և, պոկվելով նրա հետ երկրից, ուղիղ երկինք բարձրացավ, ուր միջօրյա արևը կեցել էր զենիթում: Այնուհետև հրեշավոր աղմուկով բազում զինվորներ հայտնվեցին արևելքից, որոնց մեջ էր նաև Մեծ Առաջնորդը, նա իջավ իր ցլի վրայից ու սկսեց իր հպատակների հետ քեֆ անել, պառավը նրան խնդրեց օգնել Կյազիմբեին: Առաջնորդն օրհնեց նրան և տուն ուղարկեց: Այնուհետև ասվում է, որ դրանից հետո նա ապահով ապրում էր:
Ամերիկացի հնդկացիների մեջ, որ մի ժամանակ բնակեցնում էին հարավարևմտյան տարածքները, սիրված պերսոնաժը պաշտպանի և բարեգործի դերում միշտ Կին-Օձն էր կամ Կին-Սարդը, որ նայում է երեխաներին ու ասում. «Բարի գալուստ, երեխաներ: Մտեք: Ովքե՞ր եք դուք և որտեղի՞ց եք գալիս»: Տղաները չեն պատասխանում, բայց իջնում են աստիճաններով: Երբ նրանք հասնում են հատակին, կինը դարձյալ դիմում է նրանց՝ հարցնելով. «Դուք ո՞ւր եք ուղևորվում»: «Կոնկրետ ոչ մի տեղ,- պատասխանեցին նրանք:- Մենք եկանք այստեղ, որովհետև գնալու այլ տեղ չունեինք»: Կինն այդ հարցը տալիս էր չորս անգամ և ամեն անգամ ստանում էր միևնույն պատասխանը: Այդժամ նա ասում է. «Գուցե դուք կուզենայիք գտնել ձեր հո՞րը»: «Այո,- պատասխանեցին երեխաները:- Եթե մենք միայն թե իմանայինք նրա կացարան տանող ճանապարհը»: «Ա՜խ,- գոչեց կինը:- Ճանապարհը դեպի ձեր հոր` Արևի տուն, երկար ու վտանգավոր է: Բազում չարքեր են ապրում այդ վայրերում, որտեղով անցնում է այդ ճանապարհը: Եվ հնարավոր է, երբ դուք ընկնեք ձեր հոր մոտ, նա չի ուրախանա ձեզ հանդիպելու համար և կպատժի ձեզ այն բանի համար, որ դուք եկել եք: Դուք ստիպված կլինեք անցնելու չորս վտանգավոր վայրերով` ժայռաբեկորները, որ ընկնում են ճամփորդների վրա, կակտուսները, որ նրան կտոր-կտոր են անում, և շիկացած ավազները, որ կլլում են նրան: Բայց ես ձեզ որոշ բաներ տամ, որ կմեղմացնի ձեր թշնամիներին և ձեր կյանքը կպահպանի»: Նա նրանց տվեց «Այլ աստվածների փետուրը» անվամբ հմայիլը, որը երկու կենդանի փետուրներով օղակ էր (փետուրներով, որ պոկվել էին կենդանի արծվից), ու ևս մի կենդանի փետուր, որպեսզի պահպանի նրանց կյանքը: Նա նաև նրանց սովորեցրեց մոգական նզովքը, որը, եթե դա արտասանես թշնամիների ներկայությամբ, մեղմում է նրանց բարկութունը. «Թող քո ոտքերը փոշուն: Թող քո ձեռքերը փոշուն: Հակիր գլուխդ առ փոշին, քո մարմինը փոշի է, քո միտքը փոշի է, քո ձայնը փոշի է: Ճանապարհը հիասքանչ է: Հանգիստ եղիր»:
Բարեհամբույր պառավի և հեքիաթային կնքամոր կերպարները եվրոպական հեքիաթային բանահյուսությանը բնորոշ կերպարներն են, սրբերի մասին քրիստոնեական լեգենդներում այդ դերը սովորաբար խաղում է Մարիամ Աստվածածինը: Մարիամ Աստվածածինն իր պահպանությամբ կարող է օգնել արժանանալու Հոր գթասրտությանը: Կին-Սարդն իր սարդոստայնով կարող է ղեկավարել Արևի շարժումը: Հերոսը, որ Տիեզերական Մոր պահպանության ներքո է, չի կարող վնասվել: Արիադնեի թելը Թեսևսին բարեհաջող տարավ լաբիրինթոսի վտանգների միջով: Այդ ղեկավարող ուժը Դանտեի մոտ հանդես է գալիս Բեատրիչեի և Մարիամ Աստվածածնի կանացի կերպարներով և հայտնվում է Գյոթեի «Ֆաուստում»` հաջորդաբար որպես Գրեթխեն, տրոյացի Հեղինե և Մարիամ Աստվածածին: Անցնելով երեք աշխարհների վտանգների միջով՝ Դանտեն նրան է ուղղում իր աղոթքը:
Այդպիսի կերպարը ներկայացնում է մեր հանդեպ բաեհամբույր, ճակատագրի պահպանող ուժը: Իսկ այդպիսի ֆանտազիան խոստումն է այն բանի, որ Դրախտի երանությունը, որն առաջին անգամ ճանաչում ես մոր արգանդում, չպիտի կորսվի, որ այն պահպանում է ներկան և առկա է ինչպես գալիքում, այնպես էլ անցյալում (կա և՛ օմեգան, և՛ ալֆան), որ ամենակարողությունը լոկ թվում է կորսված, շեմերը հաղթահարելով և առ կյանքն արթնացմամբ` պահպանող ուժը միշտ և ցանկացած կացության մեջ ներկա է սրտի գաղտնարանում և նույնիսկ ներքնապես բնորոշ է այդ անծանոթ երևույթներին կամ կեցած է անմիջականորեն դրանց ետևում: Անհրաժեշտ է լոկ իմանալ ու հավատալ, և հավերժական հրեշտակները` պահապանները, կհայտնվեն: Պատասխանելով կանչին և շարունակելով համարձակ հետևել դրան իրավիճակների ծավալմանը զուգընթաց՝ հերոսը հայտնաբերում է իր կողում անգիտակցականի բոլոր ուժերը: Ինքը՝ Մայր Բնությունը, օգնում է լուծելու մեծ խնդիրը: Եվ թե որքանով է հերոսի արարքը համընկնում թեմային, ինչին պատրաստ է ինքը՝ հասարակությունը, այնքան նա ներկայանում է որպես պատմական պրոցեսի ալիքի կատարին սուրացող: «Ես զգում եմ ինձ դեպի նպատակը քշվող, որը չգիտեմ,- ասաց Նապոլեոնը ռուսական կոմպանիայի սկզբում:- Հենց որ ես հասնեմ առ ան, հենց որ ես պետք չլինեմ, հյուլեն բավական կլինի, որպեսզի ջարդի ինձ:
Բայց մինչ այդ մարդկության բոլոր ուժերը իմ դեմ ոչինչ չեն կարող անել:
Շատ հաճախ գերբնական օգնականը հանդես է գալիս տղամարդկային կերպարանքով: Հեքիաթում դա կարող է լինել ինչ-որ փոքրիկ անտառային մարդուկ, ինչ-որ հրաշագործ, մենակյաց, հովիվ կամ դարբին, որ հայտնվում է, որպեսզի հմայիլ կամ խորհուրդ տա, որոնց պահանջը հերոսն ունի: Ավելի զարգացած դիցաբանությունները ներկայացնում են այդ դերում դաստիարակի, ուսուցչի, նավատարի, դեպի անդրշիրիմյան աշխարհ հոգիների ուղեկցորդի դերը:
Դասական առասպելաբանության մեջ դա Հերմես-Մերկուրիոսն է, որպես կանոն՝ Նա (աստված` իբիսը, աստված` բաբուինը), քրիստոնեականում` Սուրբ Հոգին: Գյոթեն «Ֆաուստում» ներկայացնում է ուղեկցորդին` Միֆիստոֆելի տեսքով տղամարդուն, և հաճախ ընդգծում է այդ «գործունյա» կերպարի վտանգավոր կողմը, քանզի Մեֆիստոֆելը գրավում է անմեղ հոգիներին դեպի գայթակղության աշխարհը: Դանտեի շարադրանքի մեջ այդ դերը խաղում է Վերգիլիոսը, ով այդ տեղը Դրախտի շեմի մոտ զիջում է Բեատրիչեին: Պահպանող և վտանգավոր, միաժամանակ մայրական և հայրական, հովանավորության և ղեկավարման այդ գերբնական ակունքը իր մեջ միավորում է անգիտակցականի բոլոր անորոշությունները և այդպիսով արտահայտում է մեր գիտակցական անհատականության նեցուկը, որը նրան առաջարկում է այդ մյուս՝ մեծ համակարգը, բայց դրա հետ մեկտեղ արտահայտում է և ուղեկցորդի անհասանելիությունը, ում մենք հետևում ենք բոլոր ռացիոնալ պատկերացումների համար մեծ ռիսկով:
Սովորաբար հերոսը, ում համար այդպիսի օգնական է հայտնվում` մեկը նրանցից, ով արձագանքում է կանչին, դա առաջին ավետիսն է այդ շնորհառու մոգի մոտեցման մասին: Սակայն նույնիսկ նրա առջև, ով ակնհայտորեն իր սիրտը խստամբեր է դարձրել, կարող է հառնել գերբնական պաշտպանը, քանզի ինչպես մենք տեսել ենք. «Ալլահը ներողամիտ ու գթասիրտ է»:
Եվ այնպես է պատահել, որ լրիվ պատահականորեն հինավուրց, լքված աշտարակում, ուր քնած է Կամար ալ-Զամանը՝ պարսիկ արքայազնը, գտնվում էր մի հին ջրհոր, ուր ապրում էր Նզովյալ Իբլիսի ցեղից Մայմունա անունով իֆրիտուհին՝ ջիների արքա Ալ-Դամիրայատայի դուստրը:
Անցավ առաջին գիշերվա մեկ երրորդը, և Կամար ալ-Զամանը շարունակում էր քնել: Այդ ժամանակ Մայմոնան որոշեց ջրհորից դուրս գալ՝ մտադրվելով բարձրանալ դեպի երկնակամարը, որպեսզի լսի հրեշտակների զրույցները, բայց երբ նա հասավ ջրհորի պռնկին, հանկարծ աշտարակի մեջ լույս նկատեց, ինչը անսովոր բան էր: Նա զարմացավ, ավելի վեր բարձրացավ ու ջրհորից դուրս եկավ, և այդժամ նա տեսավ մահճակալը, իսկ դրա վրա՝ մոմը գլխավերևում մարդու կերպարանքը: Նա ծալեց իր թևերը, մոտեցավ մահճակալին և վերմակը մի կողմ տանելով՝ տեսավ Կամար ալ-Զամանի դեմքը: Մի ժամ նա անշարժ կանգնեց հիացմունքի ու զարմանքի մեջ: «Փառք Ալլահին,- գոչեց նա խելքի գալով,- աշխարհների Տիրակալին, ներողամիտ, գթառատին», քանի որ նա ուղղահավատ ջիներից էր:
Այնուհետև նա երդվեց Աստծուն, որ Կամար ալ-Զամանին ոչ մի վնաս չի պատճառի և վախեցավ, որ հանկարծ նրան՝ այդ լքված վայրում հանգստացողին, որևէ մեկը իր բարեկամներից չսպանի: Հակվելով նրա վրա՝ նա համբուրեց նրա ճակատը և նրան վերմակով ծածկեց, որոշ ժամանակ անց նա թևերը շտկեց, վեր պարզեց ու վեր թռավ, մինչև որ մոտեցավ ամենաներքևի երկնքին: Եվ ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ օդում ճախրող Մայմունան հանկարծ լսեց իր կողքին թևերի բարձր թափահարում: Ձայնի ուղղությամբ գնալով՝ նա հայտնաբերեց, որ այդ ձայնը գալիս է Դախնաշ անունով իֆրիտից: Երբ Դախնաշը տեսավ նրան և ճանաչեց ջիների թագավորի աղջկան՝ Մայմունային, սարսափելի վախեցավ, նրա կողերը դողացին, և նա սկսեց նրան խնդրել, որ իրեն խղճա: Բայց Մայմունան հրամայեց նրան պատասխանել, թե ուրկից նա հայտնվեց գիշերվա այս ժամին: Նա պատասխանեց, որ վերադառնում է չինաց երկրի Ներքին Ծովի կղզիներից, Գյաուր արքայի տիրույթներից, որ տերն էր Կղզիների և Ծովերի և Յոթ Ապարանքների:
«Այնտեղ,- ասաց նա,- ես տեսա նրա աղջկան, ումից գեղեցիկը, իրեն շնորհված ժամանակի մեջ, Ալլահը դեռևս չի ստեղծել»: Եվ նա սկսեց ճոխ գովերգել արքայադուստր Բուդուրին: «Նրա քիթը,- ասաց անա,- հանց շողշողացող դաշույնի սայրը, իսկ այտերը՝ հանց ալ կարմիր գինի կամ արնակարմիր հողմածաղիկ, նրա շուրթերը նման են մարջանի և սարդիոնի շողանքի, իսկ նրա շրթան համը հին գինուց էլ քաղցր է, այն կարող է մարել դժոխային կրակի ցավը: Նրա խոսքերը ուղղորդվում են մեծ իմաստնությամբ և սրամիտ են, նրա կուրծքը գայթակղություն է ամենքի համար, ով տեսնում է դրանք (փառք նրան, որ նրան ձև է տվել ու հասցրել կատարելության), այդ ամենին հավելիր երկու ձեռք, կլորիկ ու հարթ, ինչպես ասել է բանաստեղծը.
Նրա դաստակներն առանց ապարանջանի էլ
Շողում են թևքերից բուսնող արծաթով:
Արքայադստեր գեղեցկության գովքը շարունակվեց, և այդ ամենը լսելով՝ Մայմունան պաղել էր հիացական զարմանքի մեջ: Դախնաշը շարունակեց և նկարագրեց զորավոր արքային՝ նրա հորը, նրա հարստությունները և Յոթ Ապարանքները, և աղջկա ամուսնությունից հրաժարվելու ողջ պատմությունը: «Եվ ես,- ասաց նա,- ի՛մ տիրուհի, ամեն գիշեր ուղևորվում եմ նրա մոտ, որպեսզի հայացքս կշտացնեմ նրա տեսքով, և համբուրում եմ նրա աչքերի արանքի ճակատամասը, և առ նա իմ սիրուց ես չեմ կարող նրան որևէ վնաս պատճառել»: Նա Մայմունային առաջարկեց իր հետ Չինաստան թռչել և տեսնել արքայադստեր գեղեցկությունը, հմայքն ու կատարելությունը: «Եվ դրանից հետո, եթե կամենաս,- ասաց նա,- կարող ես ինձ պատժել կամ քո ստրուկը դարձնել, քանզի քո կամքն է ինձ պատժելը կամ ներելը»: Մայմունան զայրացավ այն բանից, որ ինչ-որ մեկը համարձակվում է այդպես գովերգել ինչ-որ արարածի այն բանից հետո, որ նա հենց նոր հիացել էր Կամար ալ-Զամանով: «Թու: Թու,- գոչեց նա, ծիծաղեց ու թքեց Դախնաշի դեմքին: «Հիրավի, այսօր գիշեր ես տեսել եմ մի պատանու,- ասաց նա,- ում հանդիպելով՝ նույնիսկ երազի մեջ դու հիացմունքից կքարանայիր, և բերանիցդ փսլինքը կվազեր»: Եվ նա նկարագրեց այն, ինչ ինքն էր տեսել: Դախնաշը կասկածեց, որ ինչ-որ մեկը կարող է արքայադուստր Բուդուրից ավելի գեղեցիկ լինել, և Մայմունան նրան հրամայեց իր հետ իջնել, որ նա իր աչքերով տեսնի:
«Լսում և ենթարկվում եմ»,- ասաց Դախնաշը:
Եվ այդպես նրանք իջան վար և հայտնվեցին աշտարակում: Մայմունան Դախնաշին մոտեցրեց անկողնի մոտ, մի կողմ տարավ մետաքսե վերմակը, որը թաքցնում էր Կամար ալ-Զամանի դեմքը, այն շողաց, փայլփլեց, պեծկլտաց ու ճառագեց հանց ելնող արև: Նա մի պահ նայում էր նրան, իսկ հետո շրջվեց դեպի Դախնաշն ու ասաց, «Նայի՛ր, օ՜ ատելի, և մի՛ եղիր խելագարներից ամենաստորը, ես կույս եմ, և այդուհանդերձ, նա գերել է իմ սիրտը»:
շարունակելի…
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ