Բաժիններ՝

Երիտասարդները լքում են Գառնին

Գառնին զբոսաշրջիկների կողմից հաճախ այցելվող գյուղերից է համարվում: Ժամանակին ամենածաղկուն գյուղն այսօր կորցրել է երբեմնի կենսունակությունը: Գյուղաբնակների հոգսերը շատ են, իսկ ելքը արտագնա աշխատանքն է: «Շատացել է երիտասարդների արտագաղթը, այսպիսի բան դեռ չէր եղել մեր գյուղում: Ոչ մի երիտասարդ իր ապագան չի կապում գյուղի հետ, ո՛չ աշխատանք կա, ո՛չ ապրուստի միջոց, կա՛մ Ռուսաստան են գնում-մնում, կա՛մ Երևանում մի գործ են գտնում ու վարձով ապրում: 700 տուն գյուղում փակել-հեռացել են: Այսպես որ շարունակվի՝ գյուղը կծերանա»,- ասում է գյուղի բնակիչ տիկին Աննան:

Գառնի գյուղը Կոտայքի մարզի մյուս գյուղերի պես ոռոգման ջրի խնդիր ունի: Իսկ գյուղատնտեսությամբ գյուղացիները չեն զբաղվում, ասում են, թե մինչև իրենց բերքը հասնի՝ Արարատի մարզի բերքը կհասնի ու կվաճառվի շուկաներում:
Զբոսաշրջիկների այցն այստեղ սեզոնային բնույթ է կրում:

Գազի գնի թանկացումը շատ է անհանգստացնում գառնեցիներին, ասում են, որ ձմռան գալուստին սարսափով են սպասում: 168.am-ի հետ զրույցում գառնեցիները մտահոգված էին գյուղում տեղի ունեցած փոփոխություններով.

«Ուրեմն Գառնիի բնակչին հանում են տաճարի տոմսավաճառի գործից, որի համար նա վաստակում էր 30-40 հազար դրամ և փոխարենը Ղարաբաղից մարդ են բերում ու մինչև 200 հազար աշխատավարձ են տալիս՝ պատճառաբանելով, թե նա հեռվից է գալիս: Սա ի՞նչ խտրականություն է: Հետո էլ ասում են՝ գնացեք, Ղարաբաղում լիքը աշխատանք կա բարձր աշխատավարձով: Ինչո՞ւ պիտի տեղացին իր ծննդավայրը թողնի գնա Ղարաբաղ, ղարաբաղցին էլ գա շատ ավելի բարձր աշխատավարձ ստանա, ինչ ա թե՝ ղարաբաղցի ա: Էս ի՞նչ խտրականություն ա»,- մտահոգված ասում էին գառնեցիները:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս