Որքան շատ ենք լսում՝ «Սիրում եմ ձեզ», այնքան արձանագրում ենք սգո և տառապանքի օրեր. Ռուբեն Վարդապետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ««Սէր մահաբեր» կամ Վաղարշապատի ընտրությունները» խորագրով հրապարակում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում մասնավորապես նշում է.
«Հայաստանում իշխանությունները մի նոր քաղաքական ժանր են ներմուծել՝ «սիրո պոպուլիզմ»։ Բարձրաստիճան պաշտոնյաներ՝ մեծ թե փոքր տրամաչափի, սիրում են առիթ-անառիթ կրկնել․ «Սիրում եմ ձեզ», «Խոնարհվում եմ ձեր առաջ», «Սրտիկում եմ ձեզ» …
Խնդիրն այն է, որ իրական Հայաստանում բարձրաշխարհիկ այդ սերը աննախադեպ հետևանքներ ունի․ ավելի շատ մարդ է զոհվում, ավելի շատ ընտանիք է տառապում, ավելի շատ սահման է փոքրանում, ավելի շատ օրենք է ոտնահարվում․․․
Պարզվում է՝ կառավարության սիրո ինդեքսը հակադարձ համեմատական է մահացության և քաղբանտարկյալների աճման վիճակագրությանը։ Որքան շատ ենք լսում՝ «Սիրում եմ ձեզ», այնքան արձանագրում ենք սգո և տառապանքի օրեր։
Ինքնիշխանությունը հեռանում է ինքնությունից, սահմանադրությունը քայլում է առանց սահմանների, արդարադատությունը լացում է արդարության վրա, բայց սիրառատ իշխանությունների «հոգևոր» հռետորաբանության մեջ այս ամենը ներկայացվում է… խոնարհ ծառայություն ժողովրդին։
Հայաստանում սերը դարձել է նոր քաղաքական ապրանքանիշ․ քանի որ չեն կարողանում կառավարել, մի տեսակ սկսում են սիրել։ Բայց այստեղ հարց է ծագում․ իշխանությունը մե՞զ է սիրում, թե՞ մեզ իրեն սիրահարված է պահում։
Հայտնի է՝ ճշմարիտ սերը զոհաբերություն է պահանջում։ Քրիստոս ասաց՝ «Ես ձեզ սիրեցի», և այդ սիրո գինը վճարեց խաչով։
ՀՀ «կառավարությունն» ասում է՝ «Սիրում եմ ձեզ», և այդ սիրո գինը վճարում է ՀՀ ժողովուրդը՝ կյանքով, որդիների տառապանքով, ապագայով։
Աստվածաշնչյան սերը կյանք է տալիս, քաղաքական սիլիկոնային սերը կյանք է վերցնում։
Եվ եթե այս «մահացու սիրո» շրջափուլում, Վաղարշապատի ընտրություններին, քաղաքացին նորից «սիրահարվում է», ապա ինքնակամ համաձայնություն է տալիս՝ մնալու այն սիրո տակ, որի գինը միշտ ժողովուրդն է վճարում»։

