
Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը. Ուիլյամ Հեյգ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիա մեկնած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին Լոնդոնում հանդիպել է այդ երկրի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ադրբեջանա-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Բացի այդ, արտգործնախարարները քննարկել են ՄԱԿ ԱԽ օրակարգում գտնվող այժմեական հարցեր:
Հեյգը բարձր է գնահատել Ադրբեջանի դերն էներգետիկ ոլորտում, ինչպես նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողությունների հարցում: Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Մեծ Բրիտանիայի հետ համագործակցել ներդրումների, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում:
Հեյգի խոսքերով՝ Մեծ Բրիտանիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Նշվում է, որ Մամեդյարովը հանդիպումներ է ունեցել նաև բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում: