Մոդեստ Կոլերով. ՌԴ-ն կսպասի, մինչև ՀՀ-ն անցնի իր եվրոպական ճանապարհը մինչև վերջ
Հարցազրույց Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ
– Պարոն Կոլերով, Ռուսաստանը մաքսային սահմանափակումներ է մտցրել ռուս-ուկրաինական սահմանին, և սա արդեն գնահատվում է որպես Ռուսաստանի կողմից քաղաքական ճնշում Ուկրաինայի նկատմամբ Արևելյան գործընկերության անդամ պետությունների գագաթաժողովից առաջ, որտեղ, ինչպես հայտնի է, նախատեսվում է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ կանխատեսում են, որ Ռուսաստանը նման ճնշումներ կգործադրի նաև Հայաստանի նկատմամբ, քանի որ ՀՀ իշխանությունները նույնպես մասնակցելու են վիլնյուսյան գագաթնաժողովին: Ի՞նչ կարող եք ասել այս հարցի շուրջն ընդհանրապես, և արդյոք գոյություն ունի՞ երկընտրանք եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն նախագծերի միջև:
– Երկընտրանք միշտ էլ կա, բայց անձամբ ես կողմ եմ, որպեսզի Հայաստանն անդամակցի Եվրամիությանը, որովհետև անձնական փորձից ավելի լավ ոչինչ չկա: Հայաստանը պետք է անցնի իր եվրոպական ճանապարհը մինչև վերջ: Ռուսաստանի կողմից տնտեսական և քաղաքական ճնշում Հայաստանի վրա չի լինի, Հայաստանը կատարել է իր ընտրությունը, նրա տնտեսական կշիռը շատ փոքր է, իսկ Հայաստանի անվտանգությունն առաջին հերթին բխում է իր իսկ շահերից: Ռուսաստանը կսպասի, մինչև Հայաստանը կանցնի իր ճանապարհը դեպի ԵՄ մինչև վերջ: Կարծում եմ` դրանից հետո` մոտակա ժամանակներում, ավելի շատ մարդիկ Հայաստանից կարտագաղթեն Ռուսաստան:
– Իսկ ի՞նչ կարծիք ունեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան կատարած այցի և Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպման մասին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարևորություն ուներ այս այցը, և արդյոք կարելի՞ է ասել, որ սրանով Պուտինն ընդգծեց Ադրբեջանի դերը Հարավային Կովկասում և նրա կարևորությունը Ռուսաստանի համար:
– Ցանկացած այց ընդգծում է տվյալ երկրի կարևորությունը, և ցանկացած հարևան կարևոր է Ռուսաստանի համար` թեկուզ զուտ հարևան լինելու հանգամանքից ելնելով: Պուտինի այցի գլխավոր նշանակությունը, որը դուրս է գալիս Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների շրջանակից, այն է, որ Ռուսաստանն առաջին անգամ բարձրագույն մակարդակով արձագանքեց այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Հայաստանն ընտրել է ԵՄ-ին ինտեգրվելու առավել կոշտ, քաղաքական և տնտեսական տարբերակը, ինչը բացառում է Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական միությունը: Ռուսաստանը Բաքվում ցույց տվեց, որ պատրաստ է այդ սցենարին և դրանից ողբերգություն չի սարքի:
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բոլոր առիթներով ընդգծում է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն ուղղված չէ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության դեմ: Ինչո՞վ է եվրոպական ինտեգրացիան «բացառում» Ռուսաստանի հետ համագործակցությունը:
– Եթե Հայաստանի իշխանությունները թեկուզ ոչ պաշտոնապես հրապարակեին ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի տեքստը, ապա յուրաքանչյուրը կտեսներ, որ այդ պարտավորություններով Հայաստանն իր քաղաքական և տնտեսական ինքնավարությունը ենթարկում է ԵՄ-ին, այդ պատճառով բացառում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները: Նույն եզրակացությունը կարելի է կատարել նաև Ուկրաինայի հետ ԵՄ-ի համաձայնագրի տեքստից: Իսկ թե ինչ նկատի ունի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ես չգիտեմ:
– Իսկ ի՞նչ է նշանակում` «Ռուսաստանն արդեն ցույց է տվել, որ պատրաստ է այդ սցենարին»:
– Դա նշանակում է, որ Ռուսաստանի համար Անդրկովկասում, բացի Հայաստանից, կան նաև այլ երկրներ:
– Հետաքրքիր է` ինչո՞ւ է Ռուսաստանը միշտ ուզում ցույց տալ, որ Հայաստանն իր համար այնքան էլ կարևոր չէ, և ռուսական ռազմական բազան Հայաստանում պահում է միայն, այսպես ասած, «մեր սիրուն աչքերի համար»: Չնայած այն բանին, որ «Ռուսաստանի համար Անդրկովկասում, բացի Հայաստանից, կան նաև այլ երկրներ», այնուամենայնիվ, Հայաստանն Անդրկովկասում միակ երկիրն է, որտեղ Ռուսաստանը շարունակում է պահպանել իր զգալի ներկայությունը թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ ռազմական առումներով, այդպես չէ՞:
– Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ Ռուսաստանը «միշտ ուզում է ցույց տալ»: Ռուսաստանի բնակչության 99%-ն ընդհանրապես չի մտածում Հայաստանի մասին, այդ հարցը միայն մասնագետների նեղ շրջանակների մտահոգությունն է: Բացի Հայաստանից, տարածաշրջանում ռուսական բազաներ կան նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում:
– Ես նկատի ունեի Ադրբեջանը և Վրաստանը, մինչդեռ դուք միջազգային իրավունքի սուբյեկտ չհամարվող Աբխազիան և Հրվ. Օսիան համեմատում եք Հայաստանի հետ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Պուտինը մեկնեց Բաքու, սակայն այդպես էլ չայցելեց Երևան, չնայած նրա այցի մասին հայտարարվել էր դեռ նախորդ տարի: Եվ եթե հարցը դիտարկենք մյուս կողմից՝ ընդհանրապես, ի՞նչ դերակատարություն են ունենում պաշտոնական այցելությունները, հայտարարությունները, պայմանագրերի ստորագրումը և այլն իրական դիվանագիտության և քաղաքական իրավիճակի առումով:
– Պուտինի գրաֆիկում օգոստոս ամսին չի եղել այցելություն Երևան, և Երևանում այդ մասին լավ գիտեն, որովհետև չեն առաջարկել օգոստոսը` որպես այցելության ժամանակ: Նշանակում է` այցելությունը դեռևս չի նախապատրաստվել ոչ միայն օգոստոսի համար, այլ նաև ավելի ուշ, և եթե այն կայանա, ապա «դատարկ» կլինի:
Պաշտոնական այցելություններն ունեն խորհրդանշական բնույթ, դրանք համարվում են երկկողմ հարաբերությունների մակերեսը, որի ներքո պետք է լինի կառավարությունների և խորհրդարանների, հասարակության և փորձագիտական շրջանակների սերտ համագործակցությունը: Ընդհանուր առմամբ, այդպիսի համագործակցություն այժմ ես չեմ տեսնում:
«168 ԺԱՄ»