Ջոզեֆ Քեմբել. Հազարադեմ հերոսը գրքից
Նախաբան
«Ճշմարտությունները, որ կան կրոնական ուսմունքներում, միևնույն է, այնքան են աղավաղված ու շրջված,- գրում է Ֆրեյդը,- որ բազում մարդիկ չեն կարողանում դրանցում ճշմարտություն ճանաչել: Դա նույն դեպքն է, երբ մենք երեխային պատմում ենք, որ նորածիններին արագիլն է բերում: Այստեղ մենք նույնպես սիմվոլիկ հանդերձանքով ճշմարտություն ենք ասում: Քանզի գիտենք, թե ինչ է նշանակում այդ մեծ թռչունը: Բայց երեխան դա չգիտի, նա որսում է լոկ աղճատման պահը, իրեն խաբված է համարում, և մենք գիտենք, թե որքան հաճախ նրա անվստահությունն առ մեծահասակները և նրա անհնազանդությունը կապված են լինում այդպիսի տպավորության հետ: Մենք եկանք այն համոզման, որ ավելի լավ է` դադարեցնենք ձեռնածությունները ճշմարտության սիմվոլիկ դիմակների հետ և երեխային չհեռացնենք իրական իրավիճակների իմացությունից՝ նկատի ունենալով նրա ինտելեկտուալ զարգացման աստիճանը»:
Այս գրքի նպատակը հենց այն է, որ բացահայտենք այդ ճշմարտություններից որշները, որ հանդես են գալիս մեզ համար կրոնական ֆիգուրների և առասպելական պերսոնաժների հանդերձանքով՝ զուգադրելով բազում, ընկալման համար ոչ այնքան բարդ բնութագրական հատվածները, և դրանով բացահայտենք հնուց ի վեր դրանց ներհատուկ իմաստը: Հնագույն ուսուցիչները գիտեին, թե ինչ են ասում: Քանի որ մենք դարձյալ սովորում ենք նրանց սիմվոլների լեզուն ընթերցելը, մեզանից պահանջվում է տիրապետել ծաղկաքաղեր կազմողների արվեստին հանուն այն բանի, որ ժամանակակից մարդու համար լսելի դարձնենք, թե ինչ էին նրանք ուսուցանում: Սակայն նախևառաջ մեզ հարկ է ուսումնասիրել սիմվոլների քերականությունը, և հազիվ թե ավելի լավ գործիքակազմ գտնվի՝ որպես դրա գաղտնիքների բանալի, քան ժամանակակից հոգեվերլուծական մոտեցումը: Եթե չդիտարկես նրա եզրակացությունները՝ որպես վերջին խոսք մեր քննարկման մեջ, այն կարող է հենց դիտարկման մոտեցում ծառայել: Հաջորդ քայլը աշխարհի բոլոր ծագերի բազում առասպելներն ու ժողովրդական հեքիաթներն ի մի բերելն է, որպեսզի հնարավոր լինի լսել, թե ինչի մասին են խոսում սիմվոլները: Այդպես անմիջականորեն տեսանելի կդառնան լոկ իմաստային զուգահեռները, այսպիսով մենք կկարողանանք պատկերացնել իր մշտակայության մեջ ողջ ընդգրկուն և զարմանալի կոմպեդիումը հիմնարար ճշմարտությունների, որոնցով ապրել է մարդն այս երկրի վրա իր անցկացրած հազարամյակների ընթացքում:
Թերևս, ինձ կարելի է կշտամբել այն բանում, որ, ջանալով մակաբերել համապատասխանությունները, ես անտեսում էի տարբերությունները Արևելքի և Արևմուտքի, նոր ժամանակի, վաղնջական, պրիմիտիվ ժողովուրդների ավանդույթներում: Սակայն համանման առարկություն կարելի է առաջադրել և անատոմիայի ցանկացած ձեռարկի, որտեղ բացահայտորեն անտեսում են ռասայական տարբերությունները ֆիզիոլոգիական բնութագրումների մեջ՝ հանուն մարդու ֆիզիկական բնույթի արմատական ընդհանրական ընկալման: Անշուշտ, գոյություն ունեն տարբերություններ մարդկանց բազում առասպելաբանական և կրոնական համակարգերի միջև, բայց այս գիրքը նվիրված է հենց դրանց ընդհանուր հիմքերին, և որքան շուտ մենք մեզ համար դա բացահայտենք, կհայտնաբերենք, որ տարբերություններն այստեղ այդքան մեծ չեն, ինչպես դա ընդունված է համարել անկիրթ հասարակության լայն շրջաններում (և, իհարկե, քաղաքագետների շրջանում): Ես հուսով եմ, որ այսպիսի համեմատական հետազոտությունն իր ավանդը կներդնի թերևս ոչ այնքան անհուսալի գործում այն կառուցողական ուժերի, որոնք հույսը կապում են ժամանակակից աշխարհում համակողմանիության վրա ոչ թե հանուն ինչ-որ կայսրության,- լինի դա քաղաքական թե եկեղեցական տիպի,- այլ հանուն մարդկանց միջև փոխըմբռնման: Ինչպես ասված է Վեդաներում. «Ճշմարտությունը մեկն է, իմաստունները խոսում են դրա մասին՝ գործածելով շատ անուններ»:
Ես կուզենայի իմ երախտագիտությունը հայտնել պարոն Հենրի Մորթոն Ռոբինսոնին, որի խորհուրդները շատ բանում ինձ օգնեցին այս բազմաչարչար աշխատության սկզբնական և եզրափակիչ փուլերում, որ կապված էր իմ ժողոված նյութերը հարմար, ընթեռնելի ձևի բերելու հետ, իմ խորին երախտագիտությունը նաև տիկին Պիտեր Ջեյջերին, տիկին Մարգարետ Ուինգին և տիկին Հելեն Մակմասթերին իմ ձեռագրերի բազում ընթերցումներից հետո նրանց անգին առաջարկությունների համար և վերջապես իմ կնոջը, որն աշխատում էր իմ կողքին առաջին օրվանից մինչև վերջին օրը՝ լսելով, ընթերցելով և վերստուգելով գրվածը:
Նյու Յորք, 1948 թվականի
հունիսի 10
Մոնոառասպելը
1.Առասպելը և երազը
Արդյոք մենք լսում ենք ներողամիտ հետաքրքրությամբ և այրող աչքերով ինչ-որ կոնգոլեզցի կախարդի կամ նրբաճաշակ հիացմունքով կարդում ենք միստիկական պոեզիայի նրբահյուս թարգմանություններ, Լաո Ցզի, արդյոք ջանում ենք ներթափանցել Թովմա Աքվինացու բարդ փաստարկման մեջ կամ հանկարծ որսում ենք արտասովոր էսկիմոսյան հեքիաթի զարմանալի իմաստը` միշտ հանդիպում ենք միևնույն, ձևով փոփոխական, բայց, այդուհանդերձ, զարմանալիորեն մշտատև պատմությանը, և դրա հետ մեկտեղ՝ միևնույն հանդգնորեն համառ ակնարկին առ այն, թե անհայտը, որ ինչ-որ տեղ սպասում է մեզ, շատ ավելի շատ է, քան երբևէ հնարավոր կլինի ճանաչել ու պատմել:
Ողջ բնակեցված աշխարհով մեկ բոլոր ժամանակներում և ցանկացած իրավիճակում մարդկային առասպելաստեղծանումը երբեք չի թոշնել, մարդկային մարմնի և հոգու ամեն մի ծնունդ ներշնչանքի պտուղ է, որ քաղվում է այդ կենդանի աղբյուրից: Չափազանցություն չի լինի ասելը, որ առասպելը հրաշալի ալիք է, որի միջով տիեզերքի էներգիայի անսպառ հոսքերը բեղմնավորում են մարդկային մշակույթը իր բոլոր դրսևորումներում: Կրոնները, փիլիսոփայությունները, արվեստները, նախնադարյան և պատմական մարդու սոցիալական կազմավորման ձևերը, գիտության և տեխնիկայի նախակարապետների պայծառատեսությունները, հենց երազները, որ կայծերի պես ներխուժում են մեր քնի մեջ՝ այդ ամենը ծնունդ է առնում առասպելի նախնական, մոգական շրջանակում:
Պարզապես զարմանալի է, որ ամենաանպաճույճ մանկական հեքիաթը օժտված է ստեղծագործության խորունկ շերտերը շոշափելու և ոգեկոչելու հատուկ ուժով նույն կերպ, ինչպես ջրի կաթիլը պահպանում է օվկիանոսի համը, իսկ լվի ձուն իր մեջ կրում է կենաց ողջ խորհուրդը: Քանզի առասպելաբանական սիմվոլները կամայականության արդյունք չեն, դրանք չի կարելի կյանքի կոչել բանականության կամքով, հայտնաբերել և անպատիժ ճնշել: Դրանք՝ որպես պսիխիկայի ինքնաբերական ուժ, սաղմի մեջ կրում են անձեռնմխելի մնացած նախնական ակունքների ողջ ուժը:
Ո՞րն է այդ՝ ժամանակին չենթակա տեսունակության գաղտնիքը: Ուղեղի ո՞ր խորքերից է այն վերցնում իր սկիզբը: Ինչո՞ւ նրա հանդերձանքների բազմազանության ներքո դիցաբանությունն ամենուր միևնույնն է: Եվ ի՞նչ է այն ուսուցանում:
Այսօր շատ գիտություններ զբաղվում են այդ առեղծվածի լուծմամբ: Հնագետները պեղումներ են անում Իրաքի, Կրետեի և Յուկատանի ավերակներում: Ազգագրագետները հարցուփորձում են խանտերին, որոնք ապրում են Օբիի ափերին, և բուբիներին աֆրիկյան ցեղերից, որ ապրում են Ֆերնանդո Պոյի հեռաստաններում: Արևելահակների զարմը վերջերս մեզ համար հայտնաբերեց Արևելքի սուրբ գրերը, ինչպես նաև մեր Աստվածաշնչի նախահուդայական աղբյուրները: Այնինչ այլ մի բանակ գիտնականների` համառ հետազոտողների, դեռ անցած հարյուրամյակում սկսեց աշխատանքը էթնոհոգեբանության ոլորտում՝ ջանալով հաստատել լեզվի, առասպելի, կրոնի, արվեստի և բարոյական նորմերի զարգացման հոգեբանական հիմքերը:
Սակայն առավելագույնս ապշեցուցիչ են հայտնությունները, որ մեզ են հասել հոգեբուժական կլինիկաներից: Հոգեվերլուծաբանների խիզախ և հիրավի դարակազմիկ աշխատությունները առասպելաբանություն ուսումնասիրողների համար անփոխարինելի են, քանզի որքան էլ մենք վիճարկում էինք կոնկրետ դեպքերի ու խնդիրների մեկնությունների երբեմն` հակասական մանրամասները, Ֆրեյդը, Յունգը և նրանց հետևորդները անժխտելիորեն ցուցադրեցին, որ առասպելի տրամաբանությունը, նրա հերոսներն ու նրանց գործերը ակտուալ են մինչև այսօր:
Համանշանակ առասպելաբանության բացակայության պատճառով մեզանից յուրաքանչյուրն ունի իր սեփական, չընդունված, ռուդիմենտար, բայց այդուհանդերձ գրվանի տակ գործող երազատեսությունների պանթեոնը: Էդիպոսի նորագույն մարմնավորումներն ու Գեղեցկուհու և Հրեշի անվերջանալի սիրային պատմության պերսոնաժներն այսօր կանգնած են Քառասուներկրորդ սթրիթի և Հինգերորդ ավենյուի անկյունում՝ սպասելով, թե երբ է փոխվելու լուսացույցի ազդակը:
«Երազում տեսա, – գրում էր երիտասարդ ամերիկացին մամուլի գործակալության մշտական սյունակներից մեկի հեղինակին,- թե ես ծածկում եմ իմ տան կտուրը: Հանկարծ լսեցի ներքևից եկող հորս ձայնը, որը դիմում էր ինձ: Ես կտրուկ շրջվեցի, որպեսզի ավելի լավ լսեմ, և այդ պահին մուրճը ձեռքիցս ցած սահեց, թեք կտուրով սահելով՝ տեսադաշտից կորավ: Խուլ աղմուկ լսեցի, ինչպես մարմնի թրմփոցի ժամանակ:
Խիստ վախենալով՝ ես սանդուղքով իջա և տեսա հորս, որ պառկած էր գետնին, նրա գլուխը արյան մեջ կորած էր: Վշտաբեկ հեկեկալով՝ ես սկսեցի կանչել մորս: Նա տնից ելավ ու գրկեց ինձ. «Հանգստացիր որդյակս, դա դժբախտ պատահար է,- ասաց նա: – Ես գիտեմ, դու իմ մասին հոգ կտանես, եթե նույնիսկ նա ողջ չլինի»: Երբ նա ինձ համբուրեց, ես զարթնեցի:
Ես ընտանիքում ամենամեծ երեխան եմ, քսաներեք տարեկան եմ: Արդեն մի տարի է, ինչ ապրում եմ կնոջս հետ, չգիտես ինչու՝ մենք չենք կարողանում լեզու գտնել, ես սիրում եմ ծնողներիս, և երբեք հորս հետ որևէ խնդիր չեմ ունեցել՝ ի բացառյալ այն բանի, որ նա պնդում էր, որ ես վեարադառնամ կնոջս մոտ, իսկ ես չէի կարող նրա հետ երջանիկ լինել: Եվ երբեք չեմ լինի»:
Այստեղ դժբախտ ամուսինը հիրավի զարմանալի պարզասրտությամբ մեզ բացահայտում է, որ իր հոգևոր էներգիան ուղղորդելով առ սերն ու ամուսնական խնդիրները, իր երևակայության գաղտնի անկյուններում նա այժմ արդեն մնում է կախյալ իր առաջին ու միակ փորձի անախրոնիկ դրամատիկ իրավիճակից, ողբերգազավեշտական մանկական սիրային եռանկյունու. որդին, որ մրցակցում է հոր հետ` մոր հանդեպ տածած սիրո պատճառով: Հավանաբար, մարդկային պսիխեի ամենաերկարատև հակումները պայմանավորված են այն փաստով, որ բոլոր կենդանիներից մենք ամենից շատն ենք մնում մայրական կրծքի մոտ: Մարդկային էակները չափազանց վաղ են լույս աշխարհ գալիս, նրանք դեռ անկատար են, դեռևս պատրաստ չեն հանդիպմանն աշխարհի հետ: Այդ պատճառով նրանց ողջ պաշպանությունը տիեզերքի վտանգներից մայրն է, որի հոգածության ներքո երկարաձգվում է զարգացման ներարգանդային շրջանը: Այդ պատճառով ծնվելու արհավիրքից ամիսներ անց կախյալ երեխան և նրա մայրը մի ամբողջություն են կազմում ոչ միայն ֆիզիոլոգիապես, այլ նաև հոգեբանորեն:
Ծնողի ցանկացած շարունակական բացակայություն մանկան մեջ անհանգստության զգացողություն է հարուցում, և որպես դրա հետևանք` ագրեսիվության խթանում. երբ մայրը ստիպված է երեխային ինչ-որ բանից ետ պահել, դա նույնպես ագրեսիվ հակազդեցություն է ծնում: Այսպիսով, երեխայի թշնամական տրամադրվածության առաջին օբյեկտը նույնական է նրա առաջին սիրո օբյեկտին, և նրա առաջին իդեալը (որը հետագայում պահպանվում է՝ որպես երանության, գեղեցկության և կատարելության բոլոր կերպերի անգիտակցական հիմք) Աստվածամոր ու մանկան երկմիասնության իդեալն է:
Դժբախտ հայրը այլակերպ իրականության առաջին արմատական ներխուժումն է ներարգանդային վիճակի կատարելության այդ երկրային մարմնավորման երանության մեջ, այդ պատճառով նա ընկալվում է որպես թշնամի: Նրա վրա է փոխանցվում ագրեսիվության լիցքը, որ սկզբնապես ուղղված էր «վատ» կամ բացակայող մորը, այնժամ, երբ ուժգին ձգտումը առ «լավը», կողքին գտնվողը, կերակրող և պահպանող մայրը (սովորաբար) մնում է: Այդ որոշիչ նշանակություն ունեցող մահվան (թանատոսի) և սիրո (էրոս, լիբիդո) խթանների տեղաբաշխումը ձևավորում է այժմ լավ հայտնի էդիպյան բարդույթի հիմքը, որը մոտ հիսուն տարի առաջ մատնանշել էր Զիգմունդ Ֆրեյդը՝ որպես հիմնական պատճառներից մեկը մեր՝ մեծահասակներիս անունակության՝ իրենց որպես բանական արարածներ պահելու:
Ինչպես արտահայտվել է Ֆրեյդը. «Էդիպոս արքան, որ սպանել է իր Լայոս հորը և ամուսնացել իր մոր՝ Իոկաստեի հետ, պարզապես մեր սեփական մանկական ցանկությունների մարմնացումն է: Բայց մենք հաջողակ դուրս եկանք, քան նա, քանի որ, չդառնալով պսիխոնևրոտիկ, այդուհանդերձ կարողացանք կանխել մեր սեքսուալ մտադրությունները մայրերի և մոռանալ մեր խանդը հայրերի հանդեպ»: Կամ ինչպես նա գրում է. «Այսպիսով, նորմալ սեքսուալ կյանքից ամեն մի ֆիքսված շեղման մեջ մենք պիտի տեսնեինք հապաղումը զարգացման մեջ և ինֆանտիլիզմը»:
Երազում հաճախ մարդիկ
տեսնում են, թե
Քնում են մոր հետ, բայց
երազներն այդ պարապ են,
Հետո դարձյալ անհոգ
ապրում են:
Պատմությունը կնոջ տրտում բախտի մասին մի մարդու, որի զգացմունքները մնում են տհաս՝ այդպես էլ դուրս չգալով մանկական սիրավեպի շրջանակներից, կարելի այլ կերպ դատել, արտաքուստ անիմաստ ժամանակակից երազով, և այստեղ մենք սկսում ենք զգալ, որ մտնում ենք հինավուրց առասպելի ոլորտը, սակայն որը հետաքրքրական շրջադարձ է ապրել:
«Երազում տեսա, – գրում է տագնապած մի կին,- որ մեծ, ճերմակ նժույգը ամենուր հետևում էր ինձ: Նա վախեցրեց ինձ, և ես վանեցի նրան: Շրջվելով, որ տեսնեմ՝ արդյոք նա շարունակո՞ւմ է ինձ հետևել, տեսա, որ նժույգը վերածվել է տղամարդու: Ես նրան հրամայեցի վարսավիրանոց մտնել և կտրել իր բաշը, ինչն էլ որ նա արեց: Երբ նա այնտեղից դուրս եկավ, ապա միանգամայն մարդու տեսք ուներ, բացառությամբ այն բանի, որ ձիու գլուխ ու սմբակներ ուներ, նա ամենուր հետևում էր ինձ: Նա մոտեցավ, և ես զարթնեցի:
Ես ամուսնացած կին եմ, երեսունհինգ տարեկան եմ, երկու երեխա ունեմ: Ես արդեն տասնչորս տարի է՝ ամուսնացած եմ և համոզված եմ, որ ամուսինս ինձ չի դավաճանում»:
Անգիտակցականը մեր ուղեղ զանազան ֆանտազիաներ, քիմերներ, սարսափներ ու պատրանքներ է ուղարկում՝ լինի դա երազում, արթմնի կամ խելագարության վիճակում, քանզի համեմատաբար կարգաբերված կառույցի հիմքի տակ, որը մենք անվանում ենք մեր գիտակցությունը, մարդու աշխարհը ծավալվում է խորը ներքև, Ալադինի անհայտ քարանձավները: Այնտեղ մեզ, թանկարժեք քարերից զատ, սպասում է և վտանգավոր ջինը` դատապարտելի կամ կաշկանդվող հոգեկան ուժերը, որոնց մենք չենք համարձակվել մեր կյանքում ազատ թողնել: Եվ դրանք այնտեղ կարող են անհայտ մնալ մեզ համար մինչև այն պահը, մինչև ինչ-որ պատահական բառ, բույր, մի բաժակ թեյի համը կամ որևէ հայացք չդիպչի մոգական զսպանակին, և այդժամ մեր ուղեղ սկսում են վտանգավոր գուժկաններ այցելել:
Նրանք վտանգավոր են այն պատճառով, որ սպառնում են հենց ապագայի հարցում մեր վստահության հիմքին, որի վրա մենք ինքներս հենվում ենք, և որի վրա կառուցում ենք մեր ընտանիքը: Բայց դրանք նաև սատանայորեն դյութիչ են, քանզի խոստանում են մի ողջ թագավորության բանալիները, ուր մեզ է սպասում ինքդ քեզ բացահայտելու գրավիչ և վախեցնող արկածը: Աշխարհի քայքայումը, որը մենք կառուցել ենք և որում ապրում ենք, իսկ այնուհետև վերածնունդն առ նոր, առավել խիզախ, մաքուր, համընդգրկուն և հիրավի մարդկային կյանքը` ահա թե ինչն է առասպելական թագավորության այդ գիշերային այցելուների գայթակղությունը, խոստումը և սարսափը, որ մենք կրում ենք մեր ներսում:
Հոգեվերլուծությունը, երազների մեկնության ժամանակակից գիտությունը մեզ ուսուցանեց անուշադրության չմատնել այդ անմարմին կերպարները: Այն բացել է ուղին, որը թույլատրում է մեզ կատարել մեր աշխատանքը: Անհատական զարգացման վտանգավոր ճգնաժամերը հանդարտ անցնում են լեզվի և երազների օրենքների փորձառու գիտակի պահպանող խնամքի ներքո, որն իր վրա է վերցնում հինավուրց միստագոգի կամ հոգիների ուղեկցորդի դերն ու պարտավորությունները կախարդի կամ նախնադարյան անտառային սրբավայրերի, ուր կատարվում է շնորհառության խորհուրդը:
Բժիշկը առասպելական արքայության ժամանակակից տիրակալն է, բոլոր գաղտնի ուղիների և անեծքների գիտակը: Նրա դերը ճշգրիտ համապատասխանում է առասպելների ու հեքիաթների Հինավուրց Իմաստունի դերին, որի խոսքերն օգնում են հերոսին անցնելու ֆանտաստիկ արկածի փորձությունների և սարսափների միջով: Նա նա է, ով, հետևելով այդ դյութված գիշերվա արտասովոր արկածին, հանկարծ հայտնվում և մատնացույց է անում շողշողուն մոգական սուրը, որը կկործանի սարսափելի դևին, պատմում է առջևում սպասող հարսնացուի և գանձերով լեցուն դղյակի մասին, մահացու վերքերին է դիպցնում բուժիչ բալասանը և, ի վերջո, հաղթողին ետ է ուղարկում ամենօրյա կյանքի նորմալ աշխարհը:
Այժմ, երբ հաշվի առնելով ողջ ասվածը՝ մենք դիմում ենք անցյալի պրիմիտիվ ցեղերի և մեծ քաղաքակրթությունների բազում զարմանալի ծեսերի ուսումնասիրմանը, ակնհայտ է դառնում, որ դրանց նպատակը և փաստական խնդիրն այն էր, որ մարդուն տանեն վերափոխման շեմերով, որոնք պահանջում էին բնավորության փոփոխություն, ոչ միայն գիտակցական, այլ նաև անգիտակցական կյանքում:
Այսպես կոչված՝ անցման ծեսերը, որ կարևոր տեղ են գրավում պրիմիտիվ հասարակության կյանքում (ծննդյան, անվան շնորհման, հասուն տարիք մտնելու, ամուսնության, թաղման և այլ ծեսերը) առանձնանում են խզման շատ կոպիտ գործողություններով, որոնց միջոցով բանականությունը արմատապես կտրվում է հաստատումներից, կապվածություններից և այն փուլի կենսակերպից, որ ետևում է մնում: Այնուհետև գալիս է առավել կամ նվազ երկարատև մեկուսացման շրջանը, որի ընթացքում կատարվում են ծեսեր, որ կոչված են այն բանին, որպեսզի մեր ճանապարհորդին կյանքի ընթացքում ծանոթացնեն իր նոր վիճակի բնույթին և ճիշտ զգացողություններին, որպեսզի երբ վերջապես վրա հասնի նորմալ աշխարհ վերադառնալու պահը, շնորհառուն, ըստ էության, կրկին ծնված լինի:
Ամենազարմանալին այն փաստն է, որ ծիսական փորձությունների և սիմվոլների մեծ մասը համապատասխանում է այն պատկերներին, որ ինքնաբերաբար հայտնվում են երազներում այն պահին, երբ խնամառուն, որ հոգեվերլուծության կուրս է անցնում, սկսում է հրաժարվել իր մանկական ֆիքսացիաներից և քայլ է անում դեպի ապագան:
Ավստրալիայի բնիկների շրջանում, օրինակ, շնորհառության փորձությունների հիմնական պահերից մեկը (երբ պատանին հասունացման վրա հասնելուն պես հեռանում է մորից, պաշտոնապես ներմղվում է տղամարդկանց հասարակություն և ծանոթանում է նրանց գաղտնի գիտելիքներին) թլփատման ծեսն է: «Երբ գալիս է թլփատման ժամանակը, մուրնգիմ ցեղի տղաներին հայրերն ու պապերն ասում են. «Մեծ Օձ Հայրը առնում է քո մարմնածայրի հոտը, նա այն պահանջում է: Տղաները դա հալած յուղի տեղ են ընդունում, դա նրանց չափազանց վախեցնում է: Սովորաբար նրանք ապաստան են գտնում մոր, տատի կամ մի այլ սիրած բարեկամուհու մոտ, քանզի գիտեն, որ տղամարդիկ պատրաստվում են նրանց տանել տղամարդկային տեղ, ուր մռնչում է մեծ օձը: Կանայք ծիսականորեն ողբում են տղաներին, դա անում են այն բանի համար, որպեսզի չթույլատրեն մեծ օձին, որ նրանց կուլ տա»: Այժմ եկեք դրա զուգահեռը տեսնենք անգիտակցականից: «Իմ խնամառուներից մեկը,- գրում է դոկտոր Կ. Գ. Յունգը,- երազում տեսավ, որ քարանձավից իր վրա հարձակվեց մի օձ և խայթեց ամոթույքի մասում: Այդ երազը տեղ գտավ այն պահին, երբ խնամառուն համոզվեց հոգեվերլուծության ճշմարտության մեջ և սկսեց ազատվել իր մոր բարդույթից»:
Դիցաբանության և ծեսի հիմնական ֆունկցիան միշտ սիմվոլիկայի մեջ է, որ մարդկային հոգին առաջ է մղում՝ ի հակադրություն այլ՝ ցածր մարդկային այն ֆանտազիաների, որոնք մեզ կապում են անցյալին: Իրականում լիովին կարող է պատահել, որ նևորոտիկ խախտումների բարձր աստիճանը մեր ժամանակներում պայմանավորված է ինստիտուցիաների` այդպիսի գործուն հոգևոր օգնության կրողներին անկմամբ: Մենք մնում ենք կապված մեր մանկության չքշված պատկերներին և այդ պատճառով պատրաստ չենք լինում առ հասունություն անհրաժեշտ անցմանը: Միացյալ Նահանգներում նույնիսկ միտում կա դեպի բացարձակ հակադիրը. նպատակն այն չէ, որպեսզի մեծանաս, այլ հավերժական պատանության պահպանման մեջ է, ոչ թե հասունացման հետ հեռացումը Մորից, այլ այն, որ հավատարիմ մնաս նրան: Եվ այդ պատճառով այնժամ, երբ ամուսինները, դառնալով իրավաբան, առևտրական կամ ղեկավար, ինչպես դա կամենում էին իրենց ծնողները, երկրպագում էին իրենց երեխայական սրբությունները, նրանց կանայք նույնիսկ ամուսնական կյանքի տասնչորս տարուց հետո, ծնելով և դաստիարակելով հիանալի երեխաների, դեռևս սեր են փնտրում, որը կարող է հասնել նրանց կենտավրոսների, սիլենների, սատիրների և Պանի շքախմբի մյուս վավաշոտ դևերով, կամ ինչպես մեր հանրահայտ, վանիլով ջնարակված հեշտասիրության տաճարներում` էկրանի վերջին հերոսների դիմակների ներքո:
Ի վերջո, պիտի գար հոգվերլուծաբանը, որպեսզի կրկին հաստատեր հին, հեռատես ուսմունքների փորձված իմաստությունը, որ հանդես էր գալիս ի դեմս պարող բուժարարների ու կախարդների, թլփատում կատարողների, ի հետևանս որի՝ մենք հայտնաբերում ենք, ինչպես օձի խայթոցով երազում, որ ժամանակին չենթակա այդ շնորահառության սիմվոլիզմը ինքնաբերաբար ստեղծում է ինքը՝ խնամառուն, լավանալու շրջադարձի պահին: Հավանաբար, շնորհառության այդ պատկերներում կա ինչ-որ բան, որ այնքան անհրաժեշտ է պսիխիկային, որ եթե դրանք դրսից չեն բերվում ծեսի ու առասպելի միջոցով, ապա պիտի իրենց մասին վկայեն ներսից՝ երազի միջոցով, որպեսզի մեր էներգիաները չմնան փակված վաղուց իր դարն ապրած մանկասենյակում, ծովի հատակի սնդուկում:
Զիգմունդ Ֆրեյդն իր աշխատություններում շեշտում է մարդկային կյանքի առաջին կեսի անցման շրջանների` մանկության և պատանեկության ճգնաժամերի դժվարությունները, երբ մեր արևը բարձրանում է դեպի իր զենիթը: Կ. Գ. Յունգը, մյուս կողմից, շեշտում է երկրորդ կեսի բեկումնային պահերը, երբ հետագա առաջընթացի համար շողարձակ լուսատուն պիտի վայր իջնի և, վերջապես, անհետանա գերեզմանի մթին արգանդում: Մեր կենաց ուղու այդ միջօրեին մեր ցանկությունների ու վախերի սովորական սիմվոլները վերածվում են իրենց հակադրություններին, քանզի այդ ժամանակ արդեն ոչ թե կյանքը, այլ մահն է մեզ մարտահրավեր նետում: Այդ ժամանակ բարդ է լքել ոչ թե արգանդը, այլ ֆալոսը, եթե, իհարկե, սրտում արդեն բուն չի դրել հոգնությունը կյանքից, երբ մահը դեպ իրեն է կանչում երանության խոստումով դրան նախորդող սիրո գայթակղությունների:
Մենք անցնում ենք լրիվ ցիկլը արգանդի գերեզմանից դեպի գերեզմանի արգանդը` անպարզ, առեղծվածային ներխուժումը ֆիզիկական մատերիայի աշխարհը, որը շուտով մեզնից կհեռանա՝ ցրվելով որպես երազի սուբստանցիա: Եվ ետ նայելով այն բանին, ինչը խոստանում էր լինել մեր անկրկնելի, անկանխատեսելի և վտանգավոր արկածը, մենք տեսնում ենք` այն ամենը, ինչին մենք կտիրանանք ուղու վերջում, ստանդարտ փոխակերպությունների շարքն է, նույնպիսիք, որոնցով անցել են բոլոր տղամարդիկ և կանայք աշխարհի բոլոր ծագերում բոլոր հայտնի ժամանակներում և քաղաքակրթության ցանկացած ամենաաներևակայելի դիմակի ներքո:
Այսպես, օրինակ, գոյություն ունի մեծ Մինոսի մասին պատմությունը կղզի-կայսրություն Կրետեում նրա առևտրի ծաղկման շրջանում: Այնտեղ ասվում է, որ Մինոսը վարձեց հայտնի հնարամիտ վարպետ Դեդալոսին, որպեսզի նա հորինի և սարքի իր համար մի լաբիրինթոս, ուր կարելի կլինի թաքցնել ինչ-որ բան, որից ողջ պալատը միաժամանակ ամաչում և վախենում էր: Քանզի նրա պալատում գտնվում էր մի հրեշ, որ ծնվել էր Պասիփայա թագուհուց: Ասվում է, որ Մինոս արքան, պաշտպանելով առևտրային երթուղիները, զբաղված էր շատ կարևոր մարտերով, իսկ այդ ժամանակ Պասիփայային գայթակղեց հիասքանչ, ձյունաճերմակ, ծովից ծնված ցուլը: Իրականում ոչ մի ավելի վատ բան, քան արել էր հենց Մինոսի մայրը, չէր կատարվել. Մինոսի մայրը Եվրոպան էր, և լավ հայտնի է, որ Կրետե նրան տեղափոխել էր ցուլը: Այդ ցուլը Զևս ասվածն էր, այդ սրբազան միության վսեմ որդին դարձավ հենց Մինոսը, որին այժմ ամենուր հարգում էին և որին պատրաստակամ ծառայում էին: Այդ դեպքում Պասիփայան ինչպե՞ս կարող էր ենթադրել, որ իր սեփական անզգուշության պտուղը կլինի հրեշ` այդ փոքրիկ տղան մարդկային մարմնով, բայց ցլի գլխով ու պոչով:
Մարդիկ ամեն ինչում մեղադրում էին թագուհուն, բայց արքան զգում էր նաև մեղքի իր բաժինը: Շատ վաղուց այդ ցլին ուղարկել էր Պոսեյդոնը, երբ Մինոսը դեռ մրցակցում էր իր եղբայրների հետ գահին տիրանալու համար: Մինոսը հայտարարեց, որ ըստ օրինաց կարգի՝ գահն իրեն է պատկանում աստծո տված իրավունքով, և աղոթքով դիմեց աստծուն, որեսզի նա, որպես նշան, ծովից մի ցուլ ուղարկի, իր աղոթքը նա ամրագրեց կենդանուն անմիջապես զոհաբերելու երդումով՝ որպես իր ծառայության երկրպագության նշան և սիմվոլ: Ցուլը հայտնվեց, և Մինոսը գահ բարձրացավ, բայց երբ նա տեսավ ուղարկված կենդանու հրաշագեղությունը և պատկերացրեց, թե ինչ օգուտներ է իրեն խոստանում այդպիսի կենդանուն տեր լինելը, ապա որոշեց խիզախել և համապատասխան փոփոխություն կատարել՝ ենթադրելով, թե աստված դրա վրա առանձնահատուկ ուշադրություն չի դարձնի: Եվ Պոսեյդոնի զոհասեղանի վրա դնելով իր լավագույն սպիտակ ցլին՝ նա մյուսին միավորեց իր հոտին:
Կրետական կայսրությունը այդ հանրահայտ օրենսդրի ողջամիտ կառավարման հասարակական առաքինությունների նմուշօրինակի պայմաններում ծաղկման հասավ: Կրետեի մայրաքաղաք Կնոս քաղաքը դարձավ գլխավոր առևտրային կայսրության ճոխ, նրբաճաշակ կենտրոնը ողջ քաղաքակիրթ աշխարհում: Կրետական նավատորմի նավերը ակոսում էին Միջերկրածովի բոլոր կղզիներն ու նավահանգիստները, կրետական ապրանքները գնահատվում էին Բաբելոնում և Եգիպտոսում: Խիզախ նավագնացներն անցնում էին նույնիսկ Հերկուլեսյան Սյուների միջով դեպի բաց օվկիանոս, այնուհետև դեպի հյուսիս՝ Իռլանդիայի ոսկու կամ Կորնուելի թիթեղի ետևից, ինչպես նաև հարավ՝ անցնելով ծովում հայտնի Սենեգալը, դեպի հեռավոր Յորուբոն և փղոսկրի, ոսկու և ստրուկների հեռավոր շուկաները:
Այդ ընթացքում հայրենիքում Պոսեյդոնը թագուհու մեջ առ ցուլն անսանձ կիրք սերմանեց:
Եվ թագուհին համոզեց հնարամիտ թագավորական վարպետին՝ աննման Դեդալոսին, իր համար փայտե կով պատրաստել, որը ցլին մոլորության մեջ կգցեր, և որի մեջ նա անհամբերությամբ մտավ, և ցուլը խաբվեց: Թագուհին հրեշ ծնեց, որը ժամանակի ընթացքում վտանգավոր դարձավ: Եվ դարձյալ կանչվեց Դեդալոսը, այս անգամ՝ արքայի հրամանով, այն բանի համար, որպեսզի կառուցի փակուղիներով վիթխարի լաբիրինթոս, որում կարելի կլիներ թաքցնել այդ արարածին: Այդ կառույցն այնքան հնարամիտ էր, որ ավարտելով այն՝ Դեդալոսն ինքը հազիվ գտավ ետադարձ ուղին դեպի ելքը: Այստեղ էլ հենց փակեցին Մինոտավրոսին և հետագայում, որպես կերակուր, նրան էի ուղարկում պատանիների ու աղջիկների, որոնք բերվում էին կրետական տիրույթներց՝ որպես տուրք գերեվարված ժողովուրդներից:
Շարունակելի…
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ