
Կրած վնասներն ահռելի են. ամեն մեկն իր ջերմոցի կողքին տեղ ունի, չվաճառված ծաղիկը լցնում է այդտեղ. ջերմոցի սեփականաատեր

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստանի տարածքով երրորդ երկրներից ծաղիկների ներկրումը` դրանցում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով։
Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչություն՝ համալիր միջոցառումներ ձեռնարկելու և մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու խնդրանքով։
Այս ամենի հետևանքով, արդեն տևական ժամանակ է՝ ծաղիկ մշակող անհատները չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել դեպի Ռուսաստան։ Նրանք մի քանի անգամ բողոքի ակցիա իրականացրեցին, ներկայացրեցին խնդիրը, իրենց կրած վնասները, այնուհետև հանդիպեցին Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ջերմոցներում տեղի կունենա մոնիթորինգ։
Այսօր ջերմոցատերերից մեկը՝ Արտակ Թովմասյանը, 168.am–ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը ինչպես կար, այդպես էլ մնացել է. արտահանում դեռևս չեն կարողանում իրականացնել։
«Մեզ ասել են, որ մոնիթորինգ պետք է գա, բայց դեռ որևէ մեկի մոտ չի գնացել, մնացել ենք ներքին շուկայի հույսին՝ շատ էժան գներով իրացնելու հույսին։ Մենք բոլոր խնդիրները մանրամասն ներկայացրել ենք մանրակրկիտ ձևով, սակայն որևէ արձագանք չկա։ Հաշվարկներ չենք արել, բայց մեր կրած վնասներն ահռելի են, ինքներս որևէ ակնկալիք չունենք։
Երբ ՍԱՏՄ էինք գնացել, ինձ թույլ չտվեցին, որպեսզի լրագրողների հետ ներս մտնեմ ղեկավարի հետ ասուլիսին, որովհետև այդքան մարդ չունեն, ինչպես են պատկերացնում մոնիթորինգ իրականացնելը»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, ծաղիկ մշակող բոլոր անհատներն ունեն վարկեր, իսկ երբ ասում են, թե ծաղիկի շուկայի հույսին են մնացել, այնպես չէ, որ այնտեղ վաճառվում է։ Ամեն մեկն իր ջերմոցի կողքին տեղ ունի, երբ ծաղիկը չի վաճառվում, տանում-լցնում են այդ վայրում։
«Մարդիկ վարկեր ունեն, բնական է, որ այդ դեպքում վարկային պարտավորությունները կատարելու ուշացումներ կլինեն, չվճարումներ, հետո Աստված գիտի, թե ինչ կլինի։ Եթե այսպես շարունակվի, այդ ջերմոցներն ուղղակի չեն աշխատելու, չեն մշակի ու վերջ։
Խնդիրը հասցրել են այն աստիճանին, որ Ռուսաստանն ասում է՝ իմ երկիր վատ ապրանք չպետք է մտնի, մոնիթորինգ արեք, բայց այս մարդիկ մոնիթորինգ չեն անում, կամ անում են շատ դանդաղ։ Ամեն դեպքում ես դեռ այդպիսի ջերմոցատեր չգիտեմ, որ գնացել ու այդ մոնիթորինգն արել են»,- շեշտեց մեր զրուցակիցը։
168.am-ի հետ զրույցում ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ այս պահին տեսչական մարմինը բոլոր մարզերով ստուգումներ է իրականացնում, որպեսզի տեղեկատվություն ունենա, թե որտեղ ինչ խնդիր կա։
«Այդ խնդիրները և խնդիրների բացակայությունը նույնպես կներկայացվի տեսչական մարմնին»,- ասաց Անուշ Հարությունյանը։
Ի պատասխան ճշտման, որ ջերմոցատերերից մեկն ասել է, որ մոնիթորինգ դեռ չի իրականացվում, Անուշ Հարությունյանը նկատեց՝ հավանաբար «Զվարթնոց» թաղամաս դեռ չեն հասել, բայց բոլոր վայրերը գնալու են։