Բաժիններ՝

Էնդոսկոպիան՝ ժամանակակից բժշկության անփոխարինելի գործիք և վաղ հայտնաբերման կարևոր գործոն

Այսօր բժշկության մեջ մի շարք հիվանդությունների ախտորոշումը գրեթե անհնար է առանց էնդոսկոպիկ հետազոտությունների։ Էնդոսկոպիան բժիշկներին տալիս է հնարավորություն մանրամասն զննելու ներքին օրգանների վիճակը, ստանալ հստակ պատկերացում հիվանդության փուլերի մասին և շատ դեպքերում ժամանակին կանխել լուրջ բարդություններ՝ ներառյալ քաղցկեղի զարգացումը։

«Արմենպրես»-ի` «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Էնդոսկոպիայի ծառայության ղեկավար, էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանի հետ զրուցել ենք ծառայության հնարավորությունների, էնդոսկոպիկ վիրահատությունների, կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրի և մի շարք կարևոր ծրագրերի մասին։

Մասնագետը նշեց, որ էնդոսկոպիան ոչ միայն հիվանդությունների ախտորոշման մեջ կարևորագույն դեր ունի, այլև բավականին մեծ տոկոս խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել էնդոսկոպիայի միջոցով։ Խոսելով կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրից՝ Մանուկյանն ասաց, որ Հայաստանում նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռ 3-4 տարի առաջ։

Սկզբնական շրջանում ծրագրի նպատակն առավելապես հետազոտական էր. ձեռք բերված սարքերն ու նոր տեսակի թեստերը նախատեսված էին գիտական տվյալների հավաքագրման համար։

«Այս տվյալները պետք է հիմք դառնային Հայաստանի առողջապահության նախարարությանն ազգային սքրինինգային ծրագիր ներկայացնելու համար։ Այս պահին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ։ Նախատեսվում է սքրինինգ իրականացնել շուրջ 3500 անձի շրջանում թե՛ Երևանում, թե՛ մարզերում։

Դրական արդյունքների դեպքում բուժառուները կուղղորդվեն էնդոսկոպիկ հետազոտության, ինչը թույլ կտա գնահատել հիվանդության տարածվածությունը, բարորակ գոյացությունների քանակը և քաղցկեղի հայտնաբերման փուլերը։ Բացի բուն պացիենտներից, ուշադրություն է դարձվում նաև ռիսկի խմբերին։ Օրինակ՝ 45-ից բարձր անձանց, նույնիսկ առանց գանգատների, խորհուրդ է տրվում անցնել պրոֆիլակտիկ կոլոնոսկոպիա։ Իսկ եթե ընտանիքում կան քաղցկեղի դեպքեր, հետազոտությունները պետք է սկսել նույնիսկ 40 տարեկանից»,-ասաց մասնագետը։

Էնդոսկոպիայի ծառայության ղեկավարի խոսքով՝ այս մոտեցումն արդեն իսկ համընկնում է առողջապահության նախարարության ռազմավարության հետ, քանի որ քաղցկեղի վաղ հայտնաբերումը բարձրացնում է բուժման արդյունավետությունը, երկարացնում կյանքի տևողությունը և նվազեցնում առողջապահական բեռը։

«Վերջին տասնամյակներում էնդոսկոպիան զգալի առաջընթաց է ապրել՝ ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ մեթոդաբանական առումներով։ Այն, ինչ տարիներ առաջ թվում էր անհավատալի, այսօր դարձել է հասանելի իրականություն։ Օրինակ՝ կերակրափողի ամբողջ երկայնքով էնդոսկոպիկ վիրահատություններն այսօր կատարվում են բարձր արդյունավետությամբ, ինչը նախկինում հնարավոր չէր պատկերացնել։

Էնդոսկոպիան այժմ համարվում է ոչ միայն ախտորոշիչ, այլև բուժական թերապևտիկ գործիք, որը կապում է մի քանի բժշկական ուղղություններ՝ գաստրոէնտերոլոգիա, վիրաբուժություն, ուռուցքաբանություն։ Շնորհիվ դրա՝ հնարավոր է բուժել հիվանդություններ՝ նվազագույն միջամտությամբ»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ այսօր Հայաստանը էնդոսկոպիկ միջամտությունների ոլորտում լիարժեք համադրելի է զարգացած երկրների առաջատար հաստատությունների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս