
14 երկրների նկատմամբ մաքսատուրքերը կստիպեն նրանց ավելի արդյունավետ գործարքներ կնքել․ ԱՄՆ ֆինանսների նախարար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգոստոսի 1-ից 14 երկրների նկատմամբ մաքսատուրքերի հնարավոր սահմանումը կստիպի նրանց համաձայնվել Վաշինգտոնի հետ ավելի բարենպաստ առևտրային համաձայնագրերի։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Տեսնենք, թե ինչ կորոշի նախագահը։ Բայց եթե մենք ինչ-որ կերպ վերադառնանք մաքսատուրքերին օգոստոսի 1-ին, կարծում եմ՝ ավելի բարձր մաքսատուրքերը ավելի մեծ ճնշում կգործադրեն այս երկրների վրա՝ ավելի լավ գործարքներ կնքելու համար», – ասել է պաշտոնյան CNBC-ի հարցին ի պատասխան։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Թրամփը հրապարակել էր 14 երկրների առաջնորդներին ուղղված իր նամակները, որոնցում նա հայտարարել էր օգոստոսի 1-ից սկսած այդ երկրների նկատմամբ 25%-ից 40% մաքսային տուրքերի ներդրման մասին: Ցուցակում են Բանգլադեշը, Բոսնիա և Հերցեգովինան, Ինդոնեզիան, Ղազախստանը, Կամբոջան, Մալայզիան, Մյանման, Լաոսը, Սերբիան, Թաիլանդը, Թունիսը, Հարավային Աֆրիկան, Հարավային Կորեան և Ճապոնիան: Սպիտակ տունը նախատեսում է, որ այս երկրները փորձեն բանակցել Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրերի շուրջ մինչև օգոստոսի սկիզբը, որոնք կվերացնեն նրանց նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու անհրաժեշտությունը։