
Մուրսիին կալանքի տակ պահելու ժամկետն ավելացվել է 30 օրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիին կալանքի տակ պահելու ժամկետն ավելացրել են 30 օրով: Այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Բացի այդ, 15 օրով երկարաձգվել է «Ազատություն ու արդարություն» կուսակցության («Մուսուլման-եղբայրներ» կազմակերպության քաղաքական թև) նախագահ Սաադ ալ-Կատատնիին կալանքի տակ պահելու ժամկետը:
Հաղորդվում է, որ նրանց կալանքի տակ պահելու ժամկետների երկարաձգումն իրականացվել է Գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հնարավոր դավադրության մեջ մտնելու հետ:
Մուրսին տվյալ գործով կալանքի տակ էր առնվել հուլիսի վերջին: Հետաքննության տվյալներով՝ ՀԱՄԱՍ շարժումը կարող է ներգրավված լինել 2011 թվականի հունվար-փետրվարին Եգիպտոսում ոստիկանատների ու բանտերի վրա իրականացված հարձակումներում ու այրման դեպքերում: