Գերմանիայում մեկնարկել է Անգելա Մերկելի նախընտրական կամպանիան
Գերմանական Nachrichten24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ սկսել է իր նախընտրական կամպանիան: Որպես իր հրապարակավ ելույթի առաջին վայր՝ Մերկելն ընտրել էր Հեսենում գտնվող ոչ մեծ քաղաք Զելիգենշտադը:
Վերջինս օրեր առաջ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ բողոքական միասեռ զույգերի ամուսնության շնորհիվ, ինչն իր տեսակում առաջինն էր Գերմանիայի համար: Մերկելի հետ հանդիպմանը ներկա է գտնվել մոտ 1000 մարդ, որոնց մեծ մասը հանդիսացել են կանցլերի ու նրա Քրիստոնեա-դեմոկրատական միության համակիրներ:
Սակայն հանդիպմանը ներկա են գտնվել նաև ընդդիմադիրներ, որոնք Մերկելին հիշեցրել են ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսական սկանդալի մասին՝ Մերկելին անվանելով «խաբեբա» և պահանջելով, որ նա հեռանա: Իր ելույթում Մերկելն ուշադրություն է հրավիրել իր ձեռքբերումների վրա՝ որպես Գերմանիայի կանցլեր:
Գերմանիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 22-ին: Մերկելը պլանավորել է մինչ այդ ելույթ ունենալ երկրի 56 քաղաքներում: Հարցախույզները վկայում են, որ ներկայիս իշխող դաշինքը հավաքելու է քվեների 45 տոկոսը՝ խորհրդարանական ընդդիմադիր երեք կուսակցություններին գերազանցելով մեկ տոկոսով:
Ինչ վերաբերում է բուն Մերկելին, ապա նրան աջակցում է բնակչության 54 տոկոսը՝ երրորդ անգամ ներկա պաշտոնում մնալու համար: