Սպասվում են ուժեղ քամիներ. Փոխնախարարը խորհուրդ է տալիս «պատուհանները լավ փակել»
Առաջիկա օրերին՝ մինչև օգոստոսի 21-ը, ուժեղ քամիներ են սպասում Հայաստանի մի շարք մարզերում՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, նաև Արարատյան դաշտում: Այս մասին այսօր կառավարության նիստի վերջում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս հայտարարությանը բնակչությանն ուղղված ոչ մի խորհուրդ չհետևեց:
168.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը նշեց, որ բնակիչները ոչինչ էլ չեն կարող անել, միայն պետք է «պատուհանները լավ փակեն»: Նրա խոսքով, բացի տանիքները վնասելուց՝ վատագույն դեպքում քամին պետք է ծառերի վրա մնացած դեղձը թափի, բայց դա էլ ծիրան չէ, և գործարաններն այդպես էլ կմթերեն:
Ագրարագյուղացիական միություն նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ի ուրախություն մեր բնակչության, ջրհեղեղների և այլնի մասին ԱԻՆ նման կանխատեսումները չեն իրականանում, փոխարենը՝ Արմավիրում կարկուտը չէր կանխատեսվել, բայց եղավ: Նա հույս հայտնեց, որ բնությունը բարի կամք կցուցաբերի ու արհավիրքներից կխուսափենք:
«Ամեն դեպքում դաշտապաշտպան անտառաշերտերի հետ կապված խնդիր ունենք, որ ծառերը կտրվել են, և լուրջ խնդիր կարող ենք ունենալ բերքի, բերքատվության հետ կապված: Այսօր դաշտերում դաշտապաշտպան անտառաշերտեր գրեթե չկան, նախկինում եղածները հատվել էին և օգտագործվել որպես վառելիք»,- ասաց Հ.Բերբերյանը:
Ըստ նրա՝ լավ կլիներ, որ կառավարությունն ուշադրություն դարձներ նաև անասունների հիվանդությունների վրա, որ հանրապետությունում գնալով լուրջ տարածում են ստանում, հատկապես՝ բրուցելիոզը Կոտայքի մարզում, խոզի աֆրիկյան ժանտախտի դեպքեր կան, մորմազգիների ցեցի դեմ պայքարը չիրականացվեց: