Գուրգեն Եղիազարյան. «Առաջ Հայաստանը» սրընթաց հետ գնաց, «Ապահով Հայաստանից» էլ մարդիկ ճապրուկները վերցրած փախան
«ՀՀԿ-ն չունի հայ ազգին ներկայացնելու ոչ մի բան: Մի բան չկա, որ ասի` էս ես եմ արել, այ էս մենք արեցինք»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը: Ավելին, ըստ նրա` ամեն ինչ հակառակն է. «ՀՀԿ-ն ինչին ձեռք տվեց՝ ավիրեց: Տնտեսությանը կպավ` ավիրեց…: Սկսած աղքատությունից, ավարտած՝ գործարաններով. մի աշխատող գործարան հիմա չկա: Հլը մի հատ հարցրեք` ո՞ւր ա մոլիբդենը, ոսկին, ո՞ւմ շան փորն ա գնում»:
Նրա կարծիքով, «Առաջ Հայաստանը» սրընթաց հետ գնաց, «Ապահով Հայաստանից» էլ մարդիկ ճապրուկները վերցրած փախան: Նա շեշտեց, որ եթե ՀՀԿ-ն շարունակի մնալ իշխանության, և մինչև չստեղծվի երրորդ հակակշիռ ուժ, պետությունը կկործանվի: Գ. Եղիազարյանը հավաստիացրեց, որ իրեն իշխանափոխությունից հետո պաշտոն պետք չէ ու ինքը պատրաստ է համագործակցել «սատանայի՝ Լուցիֆերի հետ անգամ» միայն թե` հեղափոխություն լինի: Նա պատրաստ է նույնիսկ ընդդիմադիրների հետ ստորագրությամբ պայմանավորվել, որ իշխանափոխությունից հետո ինքը որևէ պաշտոն չի ցանկանալու. «Միայն թե սրանք հելնեն գնան»:
Գուրգեն Եղիազարյանին հակադարձեց ասուլիսին ներկա ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը՝ նշելով, թե ամեն ինչին հոռետեսորեն նայելն ու լավը չտեսնելը անթույլատրելի է:
«Ո՞վ է գալու ղեկավարի, ո՞վ է նախագահելու այս երկիրը, ասեք ինձ մի հատ: Իշխանափոխություն եք ուզում… Ի՞նչ է, հրեշտակնե՞ր են գալու ղեկավար դառնա՞ն: Այսօր երիտասարդները պայքարում են, նրանք են, որ համոզվել են, որ իրենք են ուժ, կարող են հարց լուծել: Դա առաջընթաց չէ՞»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: Գուրգեն Եղիազարյանն էլ չհամաձայնեց` նշելով, որ երիտասարդները պարզապես «հոգնել» են ստեղծված իրավիճակից և դրա համար դուրս են եկել փողոց: