
Այսօր առավոտյան 5 պայթյուն է որոտացել Բաղդադում. կան զոհեր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան մի շարք պայթյուններ են գրանցվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Պայթուցիկով լեցուն ավտոմեքենաների պայթեցման հետևանքով զոհվել է առնվազն 14 և վիրավորվել է ավելի քան 40 մարդ: Այսպիսի տվյալներ է ներկայացրել իրաքյան ոստիկանությունը:
Գործակալությունն ընդգծում է, որ հինգ պայթյուններից մեկը որոտացել է հատուկ պահպանության տակ գտնվող «Կանաչ գոտուց» ոչ հեռու, ուր գտնվում են իրաքյան կառավարական հիմնարկները, ինչպես նաև օտար երկրների դեսպանատները:
Նշվում է, որ նախօրեին էլ երկու պայթյուն է գրանցվել Բաղդադից 60 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ընկած Բաակուբա քաղաքում, ինչի հետևանքով զոհվել էր 14 և վիրավորվել էր 26 մարդ: