Դավութօղլուն Ադրբեջանից հեռախոսազրույց է ունեցել Ջոն Քերիի հետ
Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները, ըստ որոնց՝ Քերին զանգահարել է Գաբալա քաղաքում (Ադրբեջան) գտնվող Դավութօղլուին, ուր նա մասնակցելու է Թյուրքալեզու երկրների խորհրդի երրորդ գագաթաժողովին:
Հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն ու Քերին քննարկել են Եգիպտոսի վերջին արյունալի իրադարձությունները և դատապարտել են քաղաքացիական անձանց սպանությունները:
Նրանք խորին անհանգստություն են հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել են Եգիպտոսում իրավիճակի կարգավորումը, ինչն առաջին հերթին վերաբերում է արյունահեղությունն անմիջապես դադարեցնելուն և ժողովրդավարությանը վերադարձ կատարելուն: