Իրանը Պարսից ծոցում կալանել է իրաքյան նավթով լեցուն հնդկական նավ. Times of India

Հնդկական Times of India թերթի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը Պարսից ծոցում կալանել է հնդկական մի լցանավ, որն Իրաքից նավթ էր փոխադրում հայրենիք: Այս մասին թերթին հայտնել են նրա աղբյուրները:

Վերջիններիս պնդմամբ՝ միջադեպը գրանցվել է չորեքշաբթի երեկոյան, երբ Հնդկաստանի Նավարկության կորպորացիային պատկանող նավն ուղղվել է դեպի իրանական Բենդեր-Աբբաս նավահանգիստ:

Հնդկական նավը կանգնեցվել է միջազգային ջրերում, ինչի համար պատրվակ է ծառայել շրջակա միջավայրի համար սպառնալիք ստեղծելը: Իրանի իշխանությունները հայտարարել են, թե նավն աղտոտում է Իրանի ազգային ջրերը:

Հնդկաստանի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն արձագանքել այս հրապարակմանը: Թերթն ընդգծում է, որ վերջին շրջանում Հնդկաստանն Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին նվազեցնում է իրանական նավթի գնման ծավալը, սակայն դա չի վատթարացրել երկու երկրների հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս