
Թանկ փողի ժամանակները

2013 թ. օգոստոսի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5%:
Այսինքն՝ Կենտրոնական բանկը թանկացնում է փողի գինը՝ գնաճը զսպելու համար։ Չնայած վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը վնասում է տնտեսական աճին և ակտիվությանը, ԿԲ-ն հարկադրված է այդ քայլին գնալ՝ գազի գնի թանկացման հետևանքով։
«2013 թ. հուլիսին, պայմանավորված առավելապես էներգակիրների սակագների բարձրացմամբ, արձանագրվել է 0.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.5% գնանկման դեպքում, ինչը հանգեցրել է 12-ամսյա գնաճի բարձրացմանը՝ հուլիսի վերջին կազմելով 8.5%: ԿԲ որոշումը միտված է ներքին զարգացումների հետևանքով ձևավորված գնաճային սպասումները խարսխելուն և էներգակիրների սակագների աճի երկրորդային ազդեցությունները մեղմելուն: Բացի այդ, Խորհուրդը նաև կարևորում է դրական իրական տոկոսադրույքների պահպանումը: ԿԲ քաղաքականության արդյունքում ակնկալվում է, որ գնաճը մոտակա ամիսներին աստիճանաբար կնվազի: Գնաճի աստիճանական նվազման և տնտեսական աճի հնարավոր դանդաղման պայմաններում Խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները:
Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածը գտնվել է կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատեց, որ ներքին տնտեսության առաջին կիսամյակի զարգացումների ներքո ձևավորվել է սպասվածից բարձր գնաճ, որին մեծապես նպաստել են երկրորդ եռամսյակում գյուղատնտեսության ճյուղի զարգացումները (կարկտահարություն և վեգետացիոն շրջանի մասնակի հետաձգում) և որոշ ծառայությունների գների աճը:
Խորհուրդը համակարծիք է, որ գնաճը աստիճանաբար նվազելով կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում»,- նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ: