Բաժիններ՝

Էրեբունու շուկան նույնպե՞ս կվերածվի «Երևան Սիթիի»

Երևանի գյուղմթերքների ամենահին շուկաներից մեկը՝ Էրեբունու շուկան վաճառվում է: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց «Էրեբունու շուկա» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Հովսեփ Սմբատյանը:

«Հետաքրքրվողներ կան, բայց վաճառքի հետ կապված  կոնկրետ բան դեռ չկա»,- ասաց Հ.Սմբատյանը՝ պնդելով, որ ի սկզբանե ինքը՝ միանձնյա սեփականացրել է շուկան և այժմ ոչ մի այլ բաժնետեր չկա:

Սակայն արձանագրենք, որ պետական ռեգիստրում որպես «Էրեբունու շակա» ՍՊԸ-ի հիմնադիր նշված են 3 անձինք՝ Հարություն Դարբինյան, Սուրեն Մելքոնյան և Հովսեփ Սմբատյան:

Հ.Սմբատյանը հերքեց շրջանառվող լուրերը, որ շուկայի տարածքի ձեռքբերմամբ հետաքրքրված է Սամվել Ալեքսանյանը, ով ցանկություն ունի այդտեղ «Երևան Սիթի» ցանցի հերթական խանութը բացել: Սակայն միաժամանակ Հ.Սմբատյանը նշեց, որ բավականին մտերիմ է Ս.Ալեքսանյանի հետ և նա վերջերս «մի երկու անգամ» եկել է իր մոտ:

Ս.Ալեքսանյանի այցելությունը և հետաքրքրվածությունը տարածքով մեզ հետ զրույցում հաստատեցին նաև շուկայի աշխատակիցները, թեև նրանք բավականին զգուշավոր էին խոսում: Նաև հաստատեցին ապագայում շուկան «Երևան Սիթիի» վերածելու վերաբերյալ լուրերը, բայց դժվարացան կոնկրետ ժամկետ նշել:

Երևանում գյուղմթերքների ամեն մի նոր տոնավաճառի բացումը իշխանությունների կողմից ներկայացվում է որպես կարևորագույն իրադարձություն, սակայն դեռ խորհրդային տարիներից գործող այս շուկայի ճակատագիրը թողնված է սեփականատիրոջ քմահաճույքին: Մեր այցելության ժամանակ շուկայում զբաղված էր սեղանների մոտ կեսը, իսկ գնորդներին կարելի էր մատների վրա հաշվել: Վաճառողները տեղի համար վճարում են միջինում 300-500 դրամ: Մինչդեռ խորհրդային տարիներին Էրեբունու շուկան ժրաջան մեղուների փեթակի էր նմանվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս