Ծոմակ. Ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ հավատում 150 դրամի դեմ պայքարող ակտիվիստներն
«Առաջին լրատվական»-ը զրուցել է DIY ակումբի նախկին տնօրեն, «Պինցետ» պանկ խմբի մենակատար Ծոմակ Օգանեզովայի հետն, ով նախորդ տարի Արամե և Համբիկ Խամբազյանների կողմից DIY ակումբը պայթեցնելուց հետո մեկնել է Շվեդիա: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:
– Ծոմակ, մեկ տարի ձգձգվող դատավարությունն ավարտվեց, դատարանը վճռեց Արամե և Համբիկ Խամբազյաններին դատապարտել մեկ տարի յոթ ամիս պայմանական ազատազրկման` 2 տարի փորձաշրջանով: Գիտեմ, որ դատավճիռը Ձեզ չի գոհացրել:
– Ինչպե՞ս կարող է այս դատավճիռն ինձ գոհացնել, երբ սա ևս մեկ օրինակ է, որն ապացուցում է՝ Հայաստանը խեղդված է տոտալիտար ֆաշիզմի և կոռուպցիայի մեջ: Ամբողջ հարցը նրանում է, որ եթե անգամ DIY-ի պայթեցման պահին փաբում մարդ չի եղել, և նրանք հարբած «Մոլոտովի կոկտեյլներ» են սարքել, որոշել՝ գիշերը հինգին գնալ Ծոմակին «տրաքացնել», եկել են ջարդել, պայթեցրել փաբը, դատավորը, սակայն, անտեսել է այն հանգամանքը, որ փաբը գտնվում է 50-60 տարվա վաղեմություն ունեցող շենքի տակ, շենք, որն ունի բնակիչներ: Եվ այս դեպքում դատավորը ինչպե՞ս է կարողանում թեթև պատիժ սահմանել, սա օրենքի սահմանում չէ, դա ուղղակի պայմանավորվածություն է: Դատավորը մի՞թե չի հասկանում, որ այդ շենքը շատ հանգիստ կարող էր հրկիզվել, և մարդիկ մահանային: Բնականաբար հասկանում է, պարզապես փողի մասին ավելի լավ է հասկանում:
– Գիտեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եք դիմել:
– Այո, դիմել ենք, բայց դրա համար ժամանակ է պետք, գուցե տարիներ: Հայաստանում փողն առաջին տեղում է, մարդը որպես արժեք՝ վեցերորդ տեղում է: Երկրորդ տեղում Սերժ Սարգսյանն է, հետո՝ Նեմեցը, հետո՝ Լֆիկը, հինգերորդ տեղում Գագիկ Ծառուկյանն է, վեցերորդ տեղը նոր մարդու իրավունքներն են բայց դա դեռ հարց է:
DIY-ի գործով դատավարություն տեղի չի ունեցել, պարզապես այնքան փող են տվել, որ դատավորը ձայնը կտրի, իսկ մենք մեր ձայնը չենք կտրելու, դա բացառվում է: Տղաները խոստովանեցին, որ ակնհայտորեն իրենք են արել, և նվազագույնը նրանց երեք տարի ազատազրկում պետք է տային: Վերջերս «Ֆեյսբուքով» տղաներին շատ լավ ճանաչող մեկը գրեց, որ նրանք կարծես թե դիմել են Րաֆֆիին, ասել` խնդրում ենք Ծոմակի մոտ բարեխոսեք՝ դիմումը հետ վերցնի… բայց մի՞թե նրանք այդքան հիմար են:
– Ծոմակ, Հայաստանում կարծես իրողություն է, որ կուսակցությունների, քաղաքական գործիչների ժամանակն անցել է, հիմա քաղաքացիներն իրենք են վերցնում իրենք ձեռքը երկրի կառավարումը, քաղաքական օրակարգ ձևավորում, հստակ խնդիրներ են ձևակերպում, փորձում լուծում տալ: Այսօր էլ նստացույց է շարունակվում: Հուսադրո՞ղ են այս գործընթացները:
– Սիրելի ակտիվիստներ, նախապես զգուշացնում եմ Ձեզ, որ ինձնից չնեղանաք, ինչ էլ որ հիմա պետք է ասեմ, Ձեր օգտին եմ ասում, ոչ թե ձեր դեմ եմ խոսում: Սա բացարձակ չի վերաբերում Լալա Ասլիկյանին, Զառա Հովհաննիսյանին և մի քանի կարգին ակտիվիստների:
Ես կողմնակից եմ ժողովրդի կողմից ինքնաբուխ հեղափոխությանը, և դրա մեջ որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն չպետք է խառնվի, որովհետև ցանկացած կուսակցություն, միևնույն է՝ ավելի շատ իր շահերի մասին է մտածում, քան ժողովրդի: Հետևելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ տեսնում եմ, որ մարդիկ ինքնակամ ոտքի են կանգնել, բայց այս ամենի մեջ մի շատ կարևոր խնդիր կա. ես չեմ հիշում որևէ դեպք՝ թե՜ Մաշտոցի պուրակի շուրջ համախմբված մարդիկ, թե 150 դրամը բոյկոտողներն այդ քանակությամբ նստացույց անեին զոհված զինվորի համար: Դրա համար ես այս ամենն այնքան էլ լուրջ չեմ ընդունում:
Ես չեմ հիշում մի օր, որ հենց նույն այդ 150 դրամի դեմ պայքարող ակտիվիստներն այդքան ակտիվ լինեին մարդու իրավունքների ոտնահարման խնդրում, դրա համար իրենցից ներողություն եմ խնդրում, բայց ես իրենց էլ չեմ հավատում: Գուցե 150 դրամը 100 դրամ դառնա, բայց այն ինձ համար լուրջ չէ, իսկ մայրերի տառապանքը չի դադարի իրենց անմեղ զավակների համար: Ինձ համար կարևոր և լուրջ է, երբ անմեղ մարդկանց են սպանում, ինձ համար Հայաստանում այլևս ծառերը լուրջ չեն: Ստացվում է՝ ինչքան մարդուց հեռու են խնդիրները, այնքան ակտիվիստներն այդտեղ իրենց ակտիվիստ են զգում, այդ տեսակին պսևդոակտիվիստ եմ համարում, որովհետև Հայաստանում միակ զենքը, որ իրենք կարող են օգտագործել, նույն ձևով պատասխան տալն է, բայց իրենք դեռ այդ դուխը չունեն, և դրա համար ես չեմ հավատում Հայաստանում ինչ-որ բան կփոխվի: Դա է պատճառը, որ Հայաստանում մտածող մարգինալ ակտիվիստներն այս ակցիաներին չեն գնում, քանի որ լուրջ չի ընդունում, այդ ակցիաների մեջ հիստերիա կա, որն ինձ սարսափելի նյարդայնացնում է, և այդ հիստերիան լուրջ չէ, հիստերիկայի փոխարեն նորմալ այլընտրանքային ծրագիր է պետք, պետք է անարխիստական լուրջ ծրագիր մշակվի, մինչև դա տեղի չունենա, փոփոխություն չի լինի:
– Շատերը մասնակցում էին ակցիային պատճառաբանությամբ, որ քաղաքական չէ խնդիրը, դրա համար են միացել:
– Այո, այդ ակտիվիստները լուրջ խնդիրներից հեռու են, իրենք կարող են պաշտպանել ծառ, որովհետև ծառը մարդ չէ, իրենք կարող են պաշտպանել 150 դրամ, որովհետև 150 դրամը մարդ չէ, քաղաքական չէ, իսկ այս ակտիվիստները իրենք քաղաքականությունից զրո են: Այդ ակտիվիստները այդպես երբեք ոչինչ չեն փոխի, բացառվում է: Ես այդ ակտիվիստներին չեմ հավատում և չեմ էլ հավատալու։ Այս նույն ակտիվիստները բազմազանության շքերթին դուրս էին եկել մեր դեմ, և այդ ակտիվիստները, ովքեր այսօր հավաքված են, նրանց 90 տոկոսը ֆաշիստ է, և ես նրանց ոչ մի կերպ չեմ վստահում:
Կարդացեք այստեղ.