Ստեֆան Լաքսհուբեր vs Գագիկ Ծառուկյան. Գերմանական ընկերությունը կդիմի ՀՀ վճռաբեկ դատարան
Գերմանական «Իստնվեստոր» ընկերությունը կդիմի ՀՀ վճռաբեկ դատարան: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանիելյանը, ներդրումային ընկերության ղեկավար Ստեֆան Լաքսհուբերի հետ հարցերը վերջնական ճշտելուց հետո մինչև օգոստոսի 26-ը կդիմեն ՀՀ արդարադատական համակարգի վերջին ատյանին: Եթե այս դատարանն էլ չբավարարի գերմանացի ներդրողի պահանջները, ապա հաջորդ քայլը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը կլինի:
Նշենք, որ օգոստոսի 26-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արսեն Մկրտչյանի նախագահությամբ, մասնակիորեն բավարարել էր բողոքը, սակայն, ըստ էության, մերժել Ստեֆան Լաքսհուբերի պահանջները: Մասնավորապես, «Իստնվեստորը» առաջին ատյանի դատարանից ֆինանսական փոխհատուցում չէր պահանջել, բայց դատարանը վճռել էր, որ պետք է «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի դիմաց դրամական փոխհատուցում հատկացվի: Վճռաբեկը որոշել է, որ այս ֆինանսական փոխահատուցման կարիքն էլ չկա և, փաստորեն, հայցն ամբողջությամբ է պետք մերժել:
Հիշեցնենք, որ օտարերկրյա իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «ԻստԻնվեստոր»-ի բաժնետոմսերը «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի ընդհանուր կանոնադրական կապիտալում կազմել է 3.2155 %: Յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը եղել է 8 հազար ՀՀ դրամ:
2008 թ. «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արտահերթ ընդհանուր ժողովում որոշվել է համախմբել (կոնսոլիդացնել) ընկերության 8 հազար դրամանոց հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերը` դրանցից յուրաքանչյուր 2363,5 հատը փոխարկելով ընկերության 18 մլն 908 հազ. դրամ անվանական արժեքով հասարակ անվանական ոչ փաստաթղթային մեկ նոր բաժնետոմսի: Սակայն բաժնետոմսերի համախմբման արդյունքում «ԻստԻնվեստոր»-ի մոտ որևէ նոր բաժնետոմս չի առաջացել և կոմբինատի նկատմամբ վերջինիս բաժնետիրական իրավունքները 2009 թ. փետրվարին դադարեցվել են՝ առանց որևէ համարժեք փոխհատուցման: Մինչդեռ «ԷՆ-ԱՈՒԴԻՏ» ընկերության կողմից կազմված եզրակացության համաձայն՝ 12.10.2008 թ. դրությամբ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արժեթղթերի շուկայական արժեքը գնահատվել է 28 հազ. դրամ: Իսկ «ԻստԻնվեստորը» 1 բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազ. դրամով: Ըստ ներդրողի՝ ընկերության հիմնական միջոցների վերագնահատումը եղել է կամայական, նպատակ է ունեցել անհարկի նվազեցնել սեփական կապիտալը, դրանով իսկ` բաժնետոմսի հետգնման գինը: Այսինքն, Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունը դիտավորյալ զրկել էր փոքր բաժնետերերին սեփականության իրավունքից՝ դրանով խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները: