Գաղտնապահ կառավարությունը կամ ո՞ւր են մեր ցորենի պահուստները (մաս 2)
««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի ա) ենթակետի համաձայն՝ պետական նյութական պահուստների փաստացի չափերի և դրանց տեղաբաշխման մասին տեղեկությունները դասվում են պետական և ծառայողական գաղտնիքների շարքին և հրապարակման ենթակա չեն»: Նման պատասխան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տրվել է 168.am-ի հարցադրմանը, թե ՀՀ-ում ցորենի պահուստային ֆոնդի ստեղծման և մեծացման համար ի՞նչ է արվել կամ արվելու, առկա պահուստները ինչքա՞ն ժամանակ կբավարարեն ՀՀ պահանջները, որքա՞ն ժամանակ է հնարավոր պահուստներում կուտակել ցորեն՝ առանց որակական հատկանիշների կորստի:
Խնդիրն այն է, որ վերջին տարիներին ՀՀ-ում ցորենի արտադրության ու ներկրման ցուցանիշներն աճ են գրանցել, սակայն, հաշվի առնելով, որ մեր երկրում արտագաթի հետևանքով սպառումն անխուսափելիորեն նվազել է, զարմանալի է, թե ո՞ւր է «կորում» այդ ցորենը: 168.am-ն անդրադարձել էր ցորենի պահուստավորման խնդրին (https://168.am/2013/07/25/254232.html):
ՀՀ ներքին պահանջարկը մոտ 550-600 հազար տոննա է: 2011թ. երկրում արտադրվել է 224 հազար տոննա, ներկրվել՝ 356 հազար տոննա (ընդհանուր՝ 580 հազար տոննա), 2012-ին արտադրվել է 243 հազար տոննա, ներկրվել՝ 478 հազար տոննա ցորեն (ընդհանուր՝ 721 հազար տոննա): Սրան ավելացնենք, որ ներմուծում ենք ալյուր, եգիպտացորեն, մակարոնեղեն և այլ համանման մթերքներ:
Տրամաբանորեն՝ ցորենի ավելցուկը պետք է գնար պահուստավորման համար: Սակայն մեր հավաստի տեղեկություններով՝ ՀՀ-ի ցորենի պաշարները գրեթե չեն փոփոխվել: Եթե պահուստների ցուցանիշները հրապարակվեն, ապա տվյալների որոշակի անհամաձայնություն կառաջանա, քանի որ արտադրության պաշտոնական թվերը ուռճացված են: Ուռճացված են այնպես, ինչպես ուռճացված են խաղողի տնկարկների կամ լոլիկի մշակության տարածքները, ինչի մասին բազմիցս գրվել է մամուլում: Իսկ ուռճացվում է` տեղական արտադրողներից հացահատիկի մթերման գները ցածր պահելու համար: Եթե պահուստների գտնվելու վայրը չի հրապարակվում, ապա դրանց պարունակության մասին որոշակի տեղեկատվություն պետք է հասանելի լիներ հասարակությանը, թեկուզ և քաղաքացիների «հանգստության» համար: Պահուստավորված բավարար պաշարի դեպքում որևէ ֆորս-մաժորային իրավիճակում պետությունը չէր ընկնի ցայտնոտի մեջ և գների կտրուկ թռիչք չէր լինի, ինչպես եղավ ռուս-վրացական հակամարտության ժամանակ:
Հայաստանը հեռու է ինքնաբավ երկիր համարվելուց: Ինքնաբավության համար անհրաժեշտ է պահանջարկի առնվազն 75%-ն ապահովել ներքին աղբյուրներից: Լավագույն դեպքում դա մեզ հաջողվել է մոտ 40%-ի սահմաններում, միջինում 30-35% է: Ակնհայտ է, որ հացահատիկի արտադրության մեծ խնդիր ունենք: Եթե Արարատյան դաշտավայրը հանենք ՀՀ գյուղնշանակության տարածքներից, մնացած վարելահողերի միայն 10-15%-ն է ոռոգվող: Իսկ հացահատիկին այլընտրանք որևէ մշակաբույս չունենք: Եթե այլ նպատակներով օգտագործվող միլիոնավոր գումարներից հատկացվեր վարելահողերը ոռոգման ցանցերով ապահովելու համար և պայմաններ ստեղծվեին տարբեր պատճառներով լքված, հեռավոր վարելահողերը հացահատիկի արտադրության նպատակով օգտագործելու համար, ապա ՀՀ-ն կկարողանար ապահովել սեփական պահանջների գոնե 60%-ը: