«Բնիկ որտեղացի՞ ես». մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արա Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Իմ ողջ կյանքի ընթացքում անծանոթ կամ կիսածանոթ մարդիկ ինձ հարցրել են՝ «դու բնիկ որտեղացի՞ ես»: Ինքնին հարցը այնքան էլ ճիշտ չէ ձևակերպված: Անձամբ ես ծնվել եմ Երևանում, մեծացել եմ Աջափնյակում: Իմ «բունը» այստեղ է, հեռավոր երկրներից չեմ եկել՝ բնակություն հաստատել Հայաստանում:
Պարզ է, որ հարցի տակ այլ բան է հասկացվում՝ ի՞նչ ծագում ունեն իմ նախնիները: Դարձյալ՝ եթե խոսքն իմ մասին է, ապա իմ նախնիների մի մասը Ղարաբաղից են, բայց, օրինակ, հայրական տատս ծնվել է Աբասթումանում (Վրաստան` Ախալցխայից մոտ 30 կմ հեռավորության վրա), որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել էր Էրզրումից:
Բայց եթե իմ նախնիները լինեին, ենթադրենք, Այնթափից կամ Նախիջևանից, դա ի՞նչ էր փոխելու այն դեպքում, եթե դարձյալ ծնվելու էի Երևանում, մեծանալու էի Աջափնյակում, հաճախելու էի թիվ 122 դպրոցը և այլն: Այս կամ այն գավառում պապեր ունենալը ոչ հպարտանալու, ոչ էլ ամոթ զգալու աղբյուր է:
Հայերի համար «բնիկ որտեղացի՞ ես» հարցը զրույց վարելու սկզբնական խթան է, ինչպես, ասենք, անգլիացիների համար եղանակի մասին խոսակցությունները: Եթե դա պարզ հետաքրքրասիրություն է, ապա՝ ոչինչ, չնայած չեմ կարծում, որ «որտեղացի» լինելը անհատի մասին որևէ հավելյալ տեղեկատվություն է հաղորդում:
Բայց հիմնականում այդ հարցը տրվում է ընդհանրություններ և տարբերություններ գտնելու, հարազատը և օտարը զանազանելու նպատակով: Եթե զրուցակիցների պապերը նույն գյուղից կամ նույն տարածաշրջանից են եղել, դա նրանց մեջ ստեղծում է ինչ-որ հարազատություն և լայն հնարավորություն տալիս բամբասելու, թե ինչ վատ բարքեր ու բնավորություն ունեն կողքի գյուղի կամ տարածաշրջանի ներկայացուցիչները:
Չնայած ակնհայտ է, որ այս կամ այն գյուղից, տարածաշրջանից կամ գավառից լինելն ամենևին չի պայմանավորում ոչ բնավորության գծերը, ոչ մասնագիտական հակումները, ոչ էլ ինտելեկտի կամ տաղանդի մակարդակը:
Իհարկե, շատ ցանկալի է իմանալ, թե ովքեր էին քո նախնիները, ինչով էին զբաղվում, ինչին էին հավատում, ինչին ձգտում, շատ հետաքրքիր է, թե ինչպիսի մշակութային առանձնահատկություններ է ունեցել այն տարածքը, որտեղից նրանք սերել են, բայց այդ ամենից անմիջապես բխեցնել մեր՝ այսօր ապրողներիս գործունեության դրական կամ բացասական կողմերը, ինձ թվում է՝ գավառամտություն է»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: