Գծատերերի գաղտնի զենքը. մեկնարկել է «կուտ» օպերացիան
Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ սկիզբ առած և ծավալվող ակցիան երևանյան գծատերերին ստիպել է փոփոխություններ մտցնել սեփական գործողություններում և, այսպես ասած, սպասողական տակտիկա իրականացնել։
Բանն այն է, որ բողոքի ալիքը ուղղված է ոչ թե վարորդների, այլ գծատերերի և քաղաքապետարանի պաշտոնյաների դեմ։ Այսինքն՝ բողոքողները հասկանում են, որ ուղեվարձի թանկացումից օգտվում են ոչ թե վարորդները, այլ գծատերերը, որոնք ավելի շատ «գծի փող» են պահանջում։ Արդյունքում՝ վարորդների և ուղևորների միջև ձևավորվում է լուռ համաձայնության մթնոլորտ՝ ընդդեմ գծատերերի։ Իսկ դա արդեն երթուղային գծերի սեփականատերերի համար լուրջ վտանգ է ներկայացնում։
Այդ վտանգի դեմն առնելու և բողոքի ալիքի ծանրությունը իրենց վրայից գցելու համար գծատերերից շատերը որոշել են որոշ ժամանակ՝ մի քանի շաբաթ, հրաժարվել գերշահույթներից։ Այսինքն՝ չթանկացնել գծի փողը։ Արդյունքում՝ 150 դրամ ուղեվարձից օգտվում է վարորդը։ Գծատերերի հաշվարկը հենց վարորդների շահամոլության վրա է։ Այսինքն, ենթադրվում է, որ վարորդները, տեսնելով, որ 150 դրամ ուղեվարձը խիստ օգտակար է իրենց գրպանին, կսկսեն գծատերերից ավելի ակտիվ պաշտպանել ուղեվարձի թանկացումը և բողոքի հիմնական ուղղությունը կտեղափոխեն իրենց վրա։ Բացի այդ՝ հասարակությունը ավելի հակված է հավատալ վարորդների հիմնավորումներին, քան գծատերերի և իշխանությունների։ Եթե ամենօրյա «բազարների» արդյունքում վարորդներին հաջողվի պաշտպանել իրենց տեսակետն ու ապացուցել, որ ուղեվարձի չթանկացման պարագայում իրենք պարզապես սովի կմատնվեին, հասարակական դժգոհության ալիքը կարող է թուլանալ և ի վերջո մարել։
Եվ այդ ժամանակ արդեն գործի կդրվի հաջորդ քայլը. «գծի փողը» կթանկանա։ Ընդ որում, առանց որևէ դիմադրության հասարակության կողմից։ Իսկ դժգոհ վարորդների փոխարեն միշտ էլ կգտնվեն այնպիսիք, որոնք կհամաձայնեն աշխատել ավելի քիչ վարձատրության դիմաց։ Պատկերավոր ասած, գծատերերը որոշել են շահագրգռել վարորդներին, «կուտ տալ», մտցնել խաղի մեջ և ի վերջո կանգնեցնել փաստի առաջ։
Թե որքանով գծատերերին կհաջողվի կյանքի կոչել այդ պլանը, դժվար է ասել։ Ամեն դեպքում, հասարակական ակտիվությունը գնալով մեծանում է, և դրա դեմ «տափուկ» քայլերով պայքարելը գնալով ավելի դժվար է դառնում։