Ավետիք Հարությունյան. Ֆունդամենտալ գիտությունը պահանջում է սարսափելի մեծ գումարներ. դա հարուստ երկրների հաճույք է
«Honda» գիտահետազոտական ինստիտուտի նյութագիտության բաժնի գլխավոր գիտնական և նախագծերի ղեկավար, դոկտոր Ավետիք Հարությունյանը հունիսի 25-ին Հայաստանում հանդես եկավ դասախոսություններով: Բանախոսը խոսեց նանոտեխնոլոգիաների նորարարական լուծումների, մասնավորապես` ածխածնային հիմքի վրա նանոխողովակների աճեցման տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայում դրանց կիրառության, ինչպես նաև ռոբոտաշինության, մասնավորապես՝ մարդանման ռոբոտների մասին:
168.am-ի հետ զրույցում գիտնականը կիսվեց իր տպավորություններով: «Հիմնականում հետաքրքրված մարդիկ էին: Սակայն հետաքրքիրն այն էր, որ հիմնականում երիտարսարդներ էին»,- ասաց Ա. Հարությունյանը:
Հարցին՝ դա զարմանալի՞ էր Ձեզ համար, նա պատասխանեց. «Մի կողմից հաճելի է, իսկ մյուս՝ կողմից՝ մի քիչ տխուր: Հաճելի է նրանով, որ երիտասարդները, օրինակ, ֆունդամենտալ գիտությամբ շատ հետաքրքրված են: Սակայն պետք է նշել, որ ֆունդամենտալ գիտությունը պահանջում է սարսափելի մեծ գումարներ. դա հարուստ երկրների, կամ՝ հարուստ ընկերությունների հաճույք է: Հայաստանը այսօրվա դրությամբ, ցավոք սրտի՝ այդ մեծ գումարները չունի, սակայն հետաքրքիրն այն է, որ երիտասարդ սերունդը հետաքրքրված է»,- ասաց Ա. Հարությունյանը: Նաև հավելեց, թե՝ մի քիչ տխուր է, որովհետև կան շատ երիտասարդներ և շատ ծերեր, իսկ միջին սերունդ չկա: Ըստ գիտնականի՝ դա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ նախկին ԽՍՀՄ երկրների խնդիրն է, որովհետև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատ տեղերից մարդիկ գնացին:
«Օրինակ, որքան գիտեմ՝ Ռուսաստանից շուրջ 60.000 բարձր մակարդակի գիտաշխատողներ գնացին: Հայաստանից որքան են գնացել՝ ես չգիտեմ: Բայց տեսնելով այստեղի վիճակը, դժվար չէ պատկերացնել: Այստեղ կա երիտասարդ սերունդ և ծեր սերունդ, իսկ նրանց «մեջտեղը» դատարկ է. դա բավականին վտանգավոր տենդենց է, որովհետև, եթե մեջտեղը դատարկ է, շատ շուտով, ասենք, մոտ 10 տարի հետո, երբ սերնդափոխության ժամանակը գա, վակուում է առաջանալու է, որը բավականին ուժեղ է ազդելու մեր ամբողջ երկրի գիտական պոտենցիալի վրա»,- ասաց գիտնականը:
Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե ինչպես կարելի է «ցրել» այդ վակուումը, սակայն մատնանշեց Ռուսաստանի օրինակը. այդ երկիրը ծրագրեր է առաջարկում և փորձում է Ռուսաստանից հեռացած գիտնականներին (պարտադիր չէ միայն հեռացած, այլ նաև աշխարհի տարբեր լավագույն համալսարաններից), պրոֆեսորներին ներգրավվել, տարբեր ծրագրեր կազմել և բերել այդ երկիր, որպեսզի ելույթ ունենան և փորձեն նոր սերնդին բարձր մակարդակով նորովի դաստիարակեն: Իսկ թե ի՞նչ տեղի կունենա Հայաստանում, ըստ մեր զրուցակցի, ինքը դժվարանում է ասել, որովհետև Ռուսաստանը Հայաստանի համեմատ շատ անգամ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունի:
«Հայաստանը նույն ձևի հարցը դժվար թե կարողանա լուծել: Ի՞նչ լուծում է պետք, իհարկե, դժվար է ասել, բայց ինչ-որ բան պետք է անել, քանի որ Հայաստանում մի քանի տարի հետո մեծ վակուում կառաջանա և մենք կկորցնենք այն ավանդույթները, որը երկար տարիների ընթացքում Հայաստանը կուտակել էր: Նկատի ունեմ՝ գիտական հսկայական փորձը»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ մենք միշտ ունեցել ենք շատ լավ գիտնականներ, որոնք աշխարհին հայտնի են, սակայն այսօր նոր սերունդը՝ ավարտելուց հետո, դժվար է հասկանալու, թե ինչ է անելու, եթե այսպես շարունակվի:
«Ինձ իսկապես ուրախացրեց, երբ տեսա այդքան շատ հետաքրքրասեր երիտասարդների, որ նոր սերունդն իսկապես հետաքրքրություն ունի, և տխրեցրեց՝ բա հետո՞…»,- ասաց գիտնականը:
Նշենք, որ Ավետիք Հարությունյանը ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ «Քվանտային էլեկտրոնիկա» մասագիտացմամբ, որից հետո ասպիրանտուրայում աշխատել է պինդ մարմնի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուղղությամբ: Հետագայում մեկնել է արտերկիր, որտեղ էլ շարունակել է մասնագիտանալ նանոտեխնոլոգիաների ոլորտում: Նա հեղինակ է ավելի քան 120 գիտական հրապարակումների և 67 արտոնագրերի, և հանդես է եկել ավելի քան 40 հրավիրյալ դասախոսություններով:
«Honda» գիտահետազոտական ինստիտուտի նյութագիտության բաժնի գլխավոր գիտնական և նախագծերի ղեկավար, դոկտոր Ավետիք Հարությունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի վաղվա համարում: