Առանց երաժշտության ոչ մի վայրկյան հնարավոր չէ ապրել
168.am-ի զրուցակիցը «Հայաստանի Ձայնը» նախագծի մասնակից, «Դեղ» խմբի երգչուհի Սրբուհի Հովհաննիսյանն է:
– Սրբուհի, կպատմե՞ս՝ ինչի՞ց ամեն ինչ սկսվեց:
– Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ես ծնվեցի (ժպտում է.- Գ.Ա.): Ես սկզբում կարողացել եմ երգել, հետո նոր խոսել: Երբեք պրոֆեսիոնալ վիճակներում չեմ եղել, ոչ մի երգի ստուդիա չեմ գնացել: 15 տարեկան էի, երբ իմ մանկության ընկերը, ով ռոք խումբ ուներ, հրավիրեց իրենց խումբ երգելու (այնպես էր ստացվել, որ խմբի երգչուհին դուրս էր եկել խմբից): Ինձ համար շատ էկզոտիկ էր փաբերում երգելը: Առաջին քայլերս underground-ում է եղել, ինչի համար, անկեղծ ասած, ավելի շատ եմ հպարտանում, քան, եթե միանգամից տեսահոլովակով մուտք գործեի: Ես կոմերցիոն վիճակներից հեռու եմ, մոտ եմ երաժշտությանը, իսկ այդ դեպքում underground-ը քեզ շատ բան է տալիս: Քեզ փորձ է տալիս, որովհետև մշտապես կենդանի ես երգում:
– Խոսքը «Դեղ» խմբի մասին է… Ի՞նչ տվեց քեզ «Դեղի» դպրոցը:
– Ամեն ինչ: Մեր երգացանկի 99.9%-ը մեր հեղինակած երգերն էին, և 15 տարեկանից այդ ամեն ինչի մեջ մտնելը շատ մեծ դեր է խաղում: Այն ժամանակ փաբերում տեխնիկայի առումով շատ վատ վիճակ էր տիրում, և այդ դպրոցն անցնելը ևս շատ կարևոր էր: Այդ ընթացքում էր, որ հասկացա նաև, որ underground-ի երաժիշտները տնական վիճակում են գտնվում: Այս բոլոր խոչընդոտներն են քեզ ինչ-որ բան տալիս և ողջ աշխարհայացքդ փոխում են: Դրանից հետո, երբ հեռուստացույց ես նայում, սկսում ես ծիծաղել, որովհետև այն, ինչ ցուցադրվում է, երաժշտություն չէ: Ողջ աշխարհում երաժշտությունը միշտ underground-ից է սկսվում, ուրիշ ձև չկա:
– Հիմա «Դեղը» ստեղծագործական ո՞ր փուլում է գտնվում:
– «Դեղը» հիմա վերակենդանացման բաժնում է (ժպտում է.- Գ.Ա.): Մեր հարվածային գործիք նվագողը դուրս է եկել խմբից, ու մենք նոր երաժիշտ ենք վերցրել: Դա շատ դժվար գործընթաց է, քանի որ նա պետք է մեր ողջ երգացանկը սովորի: Հիմա նոր երգացանկ ենք պատրաստում, իսկ խմբի կիթառիստի հետ առանձին ակուստիկ համերգներ ենք տալիս: Կարծում եմ՝ մոտ երկու ամսից խումբը կրկին կսկսի համերգներ տալ:
– Ձեր խմբի համերգներին ներկա եմ եղել, և ինձ միշտ թվացել է, որ դու մրցութային մարդ չես: Ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ որոշեցիր մասնակցել «Հայաստանի Ձայնը» նախագծին:
– Արտո Թունջբոյաջյանը պատճառ հանդիսացավ: Երբ ես հեռուստատեսությամբ նրան էի դիտում, զգում էի, որ ինչ-որ մոտ բան կա, ու նրանից լիքը բան կարող եմ քաղել, եթե կարողանամ ծանոթանալ: Այսպես իմացա, որ մրցույթում նա ժյուրիի անդամ է լինելու, և հատուկ նրա համար մասնակցեցի: Եվ իզուր չէր, որովհետև այնտեղից էլ մեծ բաներ ստացա:
– Կարելի՞ է ասել, որ մրցույթը նաև մի դուռ էր, որը քեզ ավելի մոտեցրեց երգարվեստին:
– Շատերը PR-ի համար են մրցույթների մասնակցում, բայց, անկեղծ ասած, իմ մտքի ծայրով էլ դա չի անցել: Ինձ միշտ թվում էր, թե անպատրաստ եմ լուրջ բաների հասնելու համար: Սա մի կողմից՝ լավ է, որովհետև անընդհատ եփվում ես, քայլեր ես անում: Այս մրցույթում ես ռոքը դրեցի մի կողմ՝ հասկանալու, թե ինչքան բազմակողմի կարող եմ լինել: Արտոն այս առումով ինձ շատ օգնեց:
– Այն, ինչ դու երգում ես, ինչպե՞ս կբնութագրես:
– Շատ խառը ոճերի երգեր եմ երգում՝ ռոք ջազ, բլյուզ, էթնիկ երաժշտություն… Հայ լինելով՝ ջազին ու բլյուզին շատ լուրջ եմ վերաբերվում: Կարծում եմ, որ եթե հայ ես, ինչքան էլ ուզում ես ջազ ու բլյուզ լավ երգել, մեկ է՝ դա քոնը չի:
– Եթե նույն ձևով մտածենք, ապա ռոք ոճում էլ չպետք է երգենք…
– Ռոքն այնքան էլ արմատային խնդիրներ չունի, ջազն ու բլյուզը մի փոքր սևական վիճակներում են, իսկ սևն ու սպիտակն իրարից շատ են տարբերվում:
Չեմ հասկանում նաև, թե ինչու են հայերը Եվրոպայի կողմերը գնում: Դա սխալ է, քանի որ նրանք վերցնում են եվրոպականը, գնում Եվրոպա, և չեն ընդունվում այնտեղ, որովհետև դա նրանց համար էկզոտիկ չէ: Իսկ եթե վերցնես հայկականն ու լավ մատուցես, քեզ այնտեղ ձեռքերի վրա ման կտան:
– Երգիչ-երգչուհու, կամ առհասարակ խմբերի համար ավելի լայն շրջանակներում հայտնի լինելու համար կարևոր է տեսահոլովակ ունենալը, ի՞նչ ես մտածում այս առումով:
– Կարելի է ունենալ տեսահոլովակ, որպես այդպիսին՝ լինել շոու-բիզնեսում, բայց միևնույն ժամանակ՝ չլինել: Պետք է հեռու մնալ նեգատիվ, կեղտոտ, էժանագին երևույթներից:
Underground-ն էլ մի թերություն ունի, այն է, որ դժվար է լույս աշխարհ դուրս գալ: Փորձում ենք աշխատել այս ուղղությամբ, բայց դեռ տեսահոլովակ ունենալու ժամանակը չեմ գտնում: Բացի ֆինանսական խնդիրներից, պետք է հասկանալ նաև, թե ինչի համար է մեզ տեսահոլովակ անհրաժեշտ: Կարծում եմ, երբ պահը հասունանում է, ամեն ինչ ինքն իրեն լինում է:
– Շարունակո՞ւմ ես ակումբներում համերգներ տալ:
– Այո, իհարկե:
– Իսկ հրավերներն ակումբների՞ց են լինում, թե՞ դու ես առաջարկում:
– Ժամանակին մենք էինք ակումբներին առաջարկում, բայց «Հայաստանի Ձայնը» նախագծից հետո ես եմ առաջարկներ ստանում: Ուրախ եմ դրա համար, որովհետև հասկանում եմ, որ ոչինչ իզուր չի անցել:
– Կբնութագրե՞ս քո հանդիսատեսին:
– Ես նրանց շատ շնորհակալ եմ: Նրանք իմ տեսակի մարդիկ են, մի փոքր գժոտ: Բախտավոր եմ, որ նրանցով եմ շրջապատված, նրանց կողմից միշտ ջերմություն եմ ստանում:
Լուսանկարները՝ երգչուհու ֆեյսբուքյան էջից