Բաժիններ՝

Ռադիկ Մարտիրոսյան. Ցավոք, հանրության մեջ գիտության և գիտաշխատողի մասին «ծռված» պատկերացում կա

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ
– Այս տարի լրանում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70 տարին: Ի՞նչ դերակատարում ունի այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանում գիտության բնագավառում:

– Ակադեմիան հիմնադրվել է 1943թ. նոյեմբերին: Այսինքն` դա այն շրջանն էր, երբ դեռևս հայտնի չէր, թե Հայրենական պատերազմի հաղթանակը որքանով էր իրատեսական լինելու: Այդ ժամանակ պետությունը հիմնում է այդպիսի մի կազմակերպություն, որը պետք է կազմակերպեր հանրապետությունում գիտական հետազոտությունները: Դա նշանակում է, որ երկիրն ունենալով առաջնահերթ ծանր պատերազմական խնդիրներ, ամեն դեպքում կարևորություն էր տալիս գիտության զարգացմանը, որովհետև այն ժամանակվա և բոլոր ժամանակների ղեկավարները գիտեն, որ երկրում ապրող ժողովրդի հետագա զարգացումն անպայման կապված է գիտության զարգացման հետ: Չկա զարգացում` առանց գիտության:
Գիտությունը նորություն է կյանքի, մարդու, նրա շրջապատի, հասարակական, տնտեսական և այլ հարաբերությունների մասին՝ նոր գիտելիքներ, որոնք մինչ այդ չկան: Հետևաբար` զարգացումն էլ նշանակում է նոր որակ ստանալ`եղած որակից հասնել ավելի բարձր որակի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, և թե՛ բոլոր բնագավառներում: Ուստի այն երկրները, որոնք ուշադրություն են դարձնում գիտության զարգացմանը, նրանք երաշխավորված են:

Իհարկե, այնպես չէ, որ այդ ժամանակ Հայաստանում գիտությունը զրոյական մակարդակի վրա էր կամ թե ընդհանրապես չկար, իհա՛րկե ոչ: Դեռևս 20-րդ դարի սկզբին մեր մտավորականները՝ Թումանյանը և ուրիշները, մտածում էին, որ ունենայինք ոչ միայն գիտություն, այլև բարձրագույն կրթություն: Եվ այդ ժամանակ ստեղծվեց Երևանի պետական համալսարանը: Համալսարանի ստեղծման սկզբնական տարիներին այնտեղ աշխատում էին մարդիկ, ովքեր հանրահայտ գիտնականներ էին, հիմնականում՝ փայլուն հայագետներ, որոնցից շատերին անգամ դրսից էին հրավիրում: Այդ ժամանակ Հայաստանում զարգանում էր նաև գիտությունը՝ հիմնականում հումանիտար և հասարակական գիտությունների, ավելի կոնկրետ` հայագիտության ուղղությամբ: Այն ժամանակ նաև կարևոր խնդիր դրվեց՝ եղած հումանիտար ուղղությունների և հայագիտության զարգացումների հետ միասին զարգացնել նաև ոչ հումանիտար ուղղությունները: Այդ ժամանակ կային, օրինակ` ֆիզիկայի, մաթեմատիկայի և այլ բնագավառների ոչ շատ ուժեղ կազմակերպություններ, և այդ բոլորը միավորվելով` ստեղծվեց Գիտությունների ազգային ակադեմիան, որը մեր երկրի, մեր ժողովրդի կյանքում ունեցել է կարևորագույն նշանակություն:

Այն նախևառաջ նպաստել է, որպեսզի մեր ժողովուրդը շարունակի աշխարհին ներկայանալ որպես գիտելիքի և գիտության կրող: Ամբողջ աշխարհին է հայտնի, որ հայերը գիտության մեջ ձգտող, փնտրող, պրպտող, նոր գիտելիք ստեղծող ժողովուրդ են: Ակադեմիան մեր երկիրը և հայ ժողովրդին ներկայացրել է ամբողջ աշխարհին նաև իր մնացած` արվեստի և այլ ճյուղերի հետ միասին: Եվ վերջապես այն գիտական արդյունքները, որոնք ստացվել են Հայաստանում. դրանք ամենամեծ ներդրումն են եղել համաշխարհային քաղաքակրթության ասպարեզում: Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքում, որը հենց այդպես էլ կոչվում է` ՀՀ օրենքը Հայաստանի գիտությունների ակադեմիայի մասին, ամրագրված է Գիտությունների ակադեմիայի դերը, նշանակությունը և նրա խնդիրները:

Կարդացեք նաև

Եվ այդտեղ հստակ գրված է, որ Գիտությունների ազգային ակադեմիան հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն գիտական օրգան, այսինքն`բարձրագույն մարմինը: Այդտեղ նշված է նաև, որ ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանում է ՀՀ-ի խորհրդատուն տարբեր բնագավառներում: Օրենքում գրված է նաև, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է քննարկել որոշակի կարճ ժամանակում Գիտությունների ակադեմիայի կողմից արված առաջարկները գիտության և տնտեսության զարգացման ասպարեզում:

– Այսօր մեզանում շատ է խոսվում տնտեսության տարբեր ոլորտներում գիտության կիրառության մասին՝ շահույթ հետապնդելու իմաստով: Եթե դա բնական գիտությունների բնագավառում հնարավոր է, ապա հասարակական գիտությունների բնագավառում, օրինակ` Հայոց պատմության, հայագիտության բնագավառում կիրառությունը շահույթ ստանալու նպատակով պարզապես անհնար է:

– Գիտությունն ունի երկու կողմ: Մեկը հիմնարար` նոր գիտելիքների ստեղծումն է, մյուսն այդ ստեղծած գիտելիքների կիրառության իմաստն է, որը կոչվում է` կիրառական գիտություն: Ընդհանրապես գիտությունը գիտություն է նորույթի իմաստով: Օրինակ` մեկի դեպքում` հիմնարար գիտելիքների վերաբերյալ են ուսումնասիրություններ արվում, իսկ մյուս դեպքում` այնպիսի գիտելիքների, որոնք ներդրվում են տնտեսության և այլ ոլորտների մեջ:
21-րդ դարը կոչվում է կյանքի մասին գիտության դար: Գիտնականները բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել այսքան տարիների ընթացքում, սակայն մեր մարդկային օրգանիզմի մասին բազմաթիվ խնդիրներ գիտությունը դեռևս չի կարողացել բացահայտել և լուծումներ գտնել: Այդ իսկ պատճառով այսօր խոշոր ներդրումներ են արվում կենսաբանական հիմնարար հետազոտություններ կատարելու ուղղությամբ, որպեսզի մարդու մասին գիտությունը զարգանա: Կիրառականը հենվում է դրա վրա, օրինակ, մաթեմատիկայի ասպարեզում նոր գաղափարների շնորհիվ այսօր կա հեռախոս, ինտերնետ, գրիչ, մեքենա, համակարգիչ և այլն, և դրա համար է զարգանում կյանքը:

Այսօր շատերը քննադատում են, թե գիտությունն արդյունքներ չի տալիս: Պատճառը հետևալն է. անկախությունից հետո այդ կիրառական գիտությունը բավական խեղճացել է, կամ ավելի ճիշտ է ասել՝ էապես պակասել է հետազոտությունների թիվը: Իսկ այն հիանալի կազմակերպությունները, որոնք կային մինչև անկախության շրջանը՝ գրեթե գոյություն չունեն:

Դրանք են` ժողովրդի շրջանում հայտնի հաշվիչ մեքենաների Մերգելյան ինստիտուտը, էլեկտրատեխնիկայի վերաբերյալ մեր ունեցած ինստիտուտները, քիմիական արդյունաբերության ուղղությամբ աշխատող ինստիտուտները, և այլն: Բազմաթիվ այդպիսի հետազոտական կենտրոններ կային, որոնց մեծ մասն էապես պակասել է: Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի խնդիրը կիրառական թեմաները չեն, որովհետև այդ խնդիրներով զբաղվելու համար պահանջվում են մեծ թվով մարդիկ և մեծ ներդրումներ:

Օրինակ, Մերգելյան ինստիտուտն այն ժամանակ ուներ ավելի շատ թվով աշխատողներ, քան ամբողջ Ակադեմիան` միասին վերցրած: Նրանց բյուջեն շատ ավելի մեծ էր, քանի ամբողջ Ակադեմիայի բյուջեն: Կարծում եմ՝ նման խոշոր հետազոտությունները խոշոր երկրների մենաշնորհն են: Այսինքն` փոքր երկրներն այդպիսի կիրառական բնույթի հսկայական կիրառական կենտրոններ ստեղծելու հնարավորություն չունեն, դրանք ավելի մեծ երկրի համար են: Իսկ քանի որ մենք ապրում էինք մի մեծ երկրում, որն ուներ բավականաչափ ռեսուրսներ, որն, իմիջիայլոց, ոչինչ չէր խնայում գիտության զարգացման համար, իսկ Հայաստանը վաղուց ապացուցել էր, որ հայերն ընդունակ ժողովուրդ են, և ներդրումը կորած չէ, դրա համար այդ երկիրն այստեղ ուներ բազմաթիվ կիրառական բնույթի հետազոտական կենտրոններ: Սովետի փլուզման հետ միասին, ցավոք սրտի, վերացավ այդ ամբողջ ենթակառուցվածքը, որով սպասարկվում էր ամբողջ գիտությունը, մնաց միայն Գիտությունների ակադեմիան:

Հանրությունը լավ չի պատկերացնում Ակադեմիայի դերը և կիրառական գիտության դերը, դրա համար թվում է, թե… Այ, ասում են՝ Ակադեմիան ի՞նչ է անում, կամ ասում են՝ մեզ պե՞տք է այդ Ակադեմիան: Կարժում եմ, մի կողմից էլ` մենք ենք մեղավոր, որ լավ չենք ներկայացնում մեզ հանրությանը, շատ կարևոր է նաև լրատվամիջոցների դերն ու նշանակությունը: Վերջապես մենք հասկացանք, որ, օրինակ, մենք անպայման պետք է ունենանք լրատվական կենտրոն, որը չունեինք նախկինում: Հիմա ստեղծել ենք այդ կենտրոնը, որը կարող է մեր ամենօրյա գործընթացը ներկայացնել մեր գործունեությամբ հետաքրքրվողներին: Օրինակ, երեկ հայտարարվեց, որ մենք Համաեվրոպական ակադեմիաների (ALLEA) անդամ ենք ընտրվել, ինչը մեծ իրադարձություն է, որի մասին պետք է իրազեկել ժողովրդին:

– Ակադեմիայի մասին հրապարակումներում, զրույցներում հաճախ հանդիպում ենք «ծերակույտ» արտահայտությանը, ինչը, որքան տեղակ ենք, զայրացնում է Ձեզ: ՀՀ ԳԱԱ կադրերի բաժնից փորձեցի ճշտել, թե ո՞րն է Ակադեմիայի համակարգում աշխատող գիտնականների միջին տարիքը: Պարզվեց, որ նախորդ տարիների ընթացքում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների միջին տարիքը 77,5-ն է: Չե՞ք կարծում, որ մամուլի հրապարակումները տեղին էին:

– Ցավոք սրտի, մեր հանրության մեջ նույնիսկ գրագետ մարդիկ մինչև հիմա չգիտեն` ի՞նչ բան է Ակադեմիան: Օրենքում էլ գրված է, որ Ակադեմիայի կազմում ընդգրկված են նրա անդամները, նրա մեջ մտնող գիտահետազոտական կառույցների ամբողջ անձնակազմը: Շատերը ծերակույտ և այլն ասելով, նկատի ունեն մեր Ակադեմիայի անդամներին, որոնց մեջ կան հանրահայտ գիտնականներ, որոնք իրենց կյանքի ընթացքում գիտական վաստակ ունեն և մեծ ծառայություններ են կատարել: Ակադեմիայում Ձեր նշած միջին տարիքը վերաբերում է միայն Ակադեմիայի անդամներին, որոնք ընդամենը 110-ն են, և նրանք ընտրվում են: Ակադեմիայի անդամ ընտրվելու համար պետք է մեծ վաստակ ունենալ, իսկ այդ վաստակը շատ երիտասարդ հասակում դժվար է ձեռք բերել, դրա համար էլ մարդիկ Ակադեմիայի անդամներ են ընտրվում 50-60 և ավելի մեծ տարիքում միայն: Բայց դա չի նշանակում, որ մեզ մոտ բացառվում են ավելի երիտասարդները, ունենք նաև 40-45 տ. Ակադեմիայի անդամ, իսկ ավելի երիտասարդ չունենք: Բնականաբար, այդ ցանկում ավելի մեծ տարիքով են մարդիկ, ուստի և տարիների ընթացքում ծերանում են, խոսքը հենց նրանց մասին է` Ակադեմիայի անդամների, իսկ ակադեմիական համակարգում աշխատում է 4000 հոգի: Այո, թեև որոշ պատճառներով ծերացել է Ակադեմիան:

– Ի՞նչ պատճառներով, կնշե՞ք:

– Ընդհանուր առմամբ, որպեսզի Ակադեմիան չծերանա՝ այն անընդհատ պետք է սնվի երիտասարդներով: Դա մեր անցած 20 տարիների խնդիրն է: Մեր երիտասարդների համար գիտությունը գրավիչ չի եղել, որպեսզի նրանք գան և գիտության մեջ աշխատեն ու իրենց նվիրեն գիտությանը: Ինչո՞ւ: Պատճառը՝ դժվարություններն են, բացի այդ, գիտաշխատողը հեղինակություն չուներ հասարակության մեջ, որովհետև, եթե նախկինում ընտանիքում մեկը դառնում էր գիտությունների թեկնածու, ապա նա այդ ընտանիքի պարծանքն էր, ու ասում էին, որ իրենց տղան կամ աղջիկը գիտությունների թեկնածու է դարձել կամ այսինչ գիտական կոչումն ունի, իսկ հիմա դրա մասին ո՞վ է խոսում, ոչ մեկը: Հիմա ավելի լավ է, որ ընտանիքն ունենա երկու փոքր խանութ, քան թե 10 գիտությունների թեկնածու: Ցավոք, հանրության մեջ այդպիսի «ծռված» պատկերացում կա գիտության և գիտաշխատողի մասին: Ինչպես նշեցի արդեն՝ ակադեմիական համակարգում աշխատում է 4000 հոգի, որից 30%-ը երիտասարդներ են` մինչև 35 տարեկան:

– Ե՞րբ են սկսել երիտասարդներն ավելանալ, վերջի՞ն տարիներին, թե՞:

– Եղել են, իհարկե, սակայն ավելի շատ հիմնականում վերջին տարիներին է երիտասարդների թիվն ավելացել` մեր աշխատանքի և մասսայական նախաձեռնությունների շնորհիվ: Ինչպես նշեցի՝ մենք ընտրվել ենք Համաեվրոպական ակադեմիաների անդամ, իսկ դա նշանակում է, որ մենք հեղինակություն ունենք: Այսինքն` աշխարհում մենք գիտություն անում ենք, և այնպես չէ, որ մեր արածը ոչ մեկին պետք չէ: Երիտասարդությունն էլ այսօր գալիս է դեպի գիտություն, այն լավ երիտասարդները, ովքեր որոշել են իրենց կյանքը կապել գիտության հետ: Այդ առումով բավականաչափ լավացել է. մինչև 35 տարեկանների 30%-ը փոքր թիվ չէ, մնացածն էլ 55-ից բարձր են: Իհարկե, կրկին մեծերի քանակն ավելի շատ է, սակայն էապես վտանգավորն այն է, որ մենք չունենք միջին սերունդ` 40-55 տարեկան, այ դա է կարևորը: Դա կրկին իմ նշած նույն խնդիրների հետ է կապված: Ստացվում է, որ 90-ական թվականներին այն 20 տարեկանները, ովքեր ավարտեցին համալսարանները և այլն, չեկան գիտություն, այլ գնացին արտասահման կամ սկսեցին առևտրով զբաղվել: Դրա համար էլ այսօր 40-45 տարեկանների թիվը քիչ է:
«168 ԺԱՄ»
Հ.Գ. ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ հարցազրույցի երկրորդը մասը կներկայացնենք առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս